Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՆԱ` ԵՍ, ԴՈՒ

Հունվար 14,2012 17:20

Նա ձանձրացել էր իր շուրջը տիրող միապաղաղությունից: Նա հոգնել էր ինձանից, քեզնից: Նա փնտրում էր նորը: Բոլորն են ձգտում բարձրության: Բոլորին է հետաքրքրում, թե վերևներում ինչ կա: Ոմանք կարծում են, թե բարձրում կգտնեն իրենց կորցրած երջանկությունը, իրենց չասած բառերը, իրենց չնվագած ելևեջները: Նա բարձրության չէր ձգտում: Նա որոշել էր սողալ ներքև` այնտեղ, ուր ոչ ոք չէր ուզում գտնվել: Չէ՞-որ դա ցածր է: Չէ՞-որ դու այնտեղ ներքևում ես, իսկ բոլորը քեզ նայում են վերևից:
Իսկ նա համոզված էր, որ ներքևից կտեսնի բոլորին, անգամ նրան, ով ամենավերևում է կանգնած: Իսկ ամենավերևում կանգնածը երբեք չի տեսնի ամենաներքևինին: Ամենավերևում կանգնածը կույր է: Նա միայն տեսնում է իր բարձրությունը և անգամ մոռանում է, որ բարձրության հասել է ցածրից:
Նա վերջին անգամ նայեց շուրջը: Ժպտաց վաղուց ձանձրացած, սակայն և, հարազատ շրջապատին:
«Դու խելագար ես,-բղավեցին մյուսները,- Ինչպե՞ս կարող ես թողնել այս ամենն ու գնալ ավելի ցածր»:

Նա ոչինչ չպատասխանեց: Այնտեղ, ուր քեզ չեն հասկանում բացատրություններն անիմաստ են, խոսելն` անտեղի, իսկ լռությունը` հիմնավորված և խորհրդավոր:
Նա սուզվեց վար: Այնտեղ իր իշխանությունն էր տարածել խավարը: Նա մտածեց,որ ներքևում մենակ է: Այստեղ նա ոչինչ չէր տեսնում: Այստեղ նա կարող էր կառուցել իր աշխարհը, որը կտեսներ միայն ինքը: Հանկարծ նա դիպավ ինչ-որ էակի:
«Ծառի արմատ է»,- մտածեց նա:
Այս ծառը դարավոր կաղնի էր, որի արմատները գալիս էին հեռավոր անդնդից: Նա շարունակեց սուզվել ներքև: Անընդհատ հայացքը հառում էր դեպի վեր` դեպի քաոս, որին արդեն կարոտում էր:
Նա հայտնվեց ջրում: Նա կյանքում առաջին անգամ լողաց:

«Այժմ շուրջս լողում են ձկներ, մեդուզաներ: Հետաքրքրիր է, նրանք բարձրության ձգտու՞մ են: Ի~նչ խաղաղ է այստեղ»,-մտածեց նա:
Որքան էլ ջուրը ջանաց չվնասել նրան,  նա խեղդվում էր ջրում: Եվ հանկարծ, ուժեղ ալիքը նրա կիսամեռ մարմինը նետեց դեպի խավար:
Խավարում նա բացեց աչքերն ու տեսավ որդեր ու ծառերի արմատներ: Եվ նա սիրեց, թե արմատներին, որոնց մասին բարձրում գաղափար անգամ չուներ, թե որդերին, որոնցից առաջ խորշում էր:
Սակայն, կարոտը դեպի լույս, նրան հանգիստ չէր տալիս: Մինչ նա տատանվում էր նորից բարձրանալ վեր, թե մնալ այստեղ` որդերի ու արմատների մոտ, որոնք ազատեցին նրան մահից` նրանից փոքրիկ մի ծիլ բուսնեց, որն օրեցօր ավելի ու ավելի էր մոտենում լույսին: Նա հասկացավ, որ շուտով ինքն էլ կվերածվի հսկայական արմատի: Իսկ նրա ծիլը կբարձրանար այնքան վեր, որ անգամ չէր տեսնի իր արմատները:

Նա դարձավ ուռենի: Նա հիշում էր խավարը, և նրա ճյուղերն իջնում էին դեպի վար: Նրա շրջապատը, որ անդադար վեր էր նայում, կարծեց, թե նա արտասվում է: Իսկ իրականում նա երջանիկ էր: Նա տեսնում էր ավելին, քան տեսնում են բարձրից:

 

Ադոնիս Ադոնիուս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031