Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՍՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Հունվար 14,2012 14:05

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

a

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գլուխ տասնչորսերորդ

ՀԻՍՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Ես չէի կարող հարմար առիթ չփնտրել ու չգտնել հիշելու՝ ինչպես էր Մանսուրյան Տիգրանը ձեր խոնարհ ծառայի բանաստեղծությունը բարձրաձայն ընթերցում, եւ ես իր էդ բարձրաձայն ընթերցումների ընթացքում ինքս ինձնից հնարավորինս գոհանում էի եւ նույնիսկ հաճույք էի ստանում տվյալ բանաստեղծությունիցս, որովհետեւ Տիգրանն իր ընթերցմամբ տվյալ բանաստեղծությանս մեջ ներդնում ու ներարկում էր էնպիսի զգացմունքներ ու իմաստներ, որոնք ժամանակին զլացել էի ներդնել էդ, ուրեմն, սովորական ու հերթական բանաստեղծությանս մեջ, մինչդեռ Տիգրանի ընթերցմամբ էդ սովորականս ու հերթականս էնպես էր իմաստավորվում ու արժեքավորվում, որ Տիգրանի ընթերցանության ընթացքում մեջս ահագին ուռում էի եւ Տիգրանի ընթերցումից հետո էլ ահագին ժամանակ էդպես ուռած ու փքված էի մնում, բայց ուռելով ու փքվելով՝ հընթացս նաեւ հասկանում ու մտածում էի, որ եթե Տիգրանը բանաստեղծություն գրեր, բոլորիցս էլ լավ կգրեր, եւ հիմա էլ եմ էդպես մտածում ու կարծում, եւ հիմա էլ էդպես մտածելով՝ կարծում եմ, որ ճիշտ ժամանակին ու անհրաժեշտաբար բանաստեղծություն գրելը թարգեցի, բայց, այդուհանդերձ, երեւի ճիշտ եմ անում, որ ժամանակ առ ժամանակ բանաստեղծական անցյալս ու բանաստեղծություններս էսպես հիշելով հիշեցնում եմ, եւ շատ էլ լավ ու շատ էլ ճիշտ եմ անում, որ չուզողներիս աչքը հանելով՝ էսպես ժամանակ առ ժամանակ հիշում ու հիշեցնում եմ, եւ ամենակերեւորն էն է, որ դրա բարոյական իրավունքն էլ ունեմ, որովհետեւ ես հրապարակավ ընդամենը խոստացել եմ այլեւս բանաստեղծություն չգրել, եւ խոսքը միանգամայն նոր բանաստեղծությունների մասին է եղել, իսկ ինչ վերաբերում է հներին, ես միշտ էլ ինձ իրավունք եմ տալու հիշել ու առիթով եւ նույնիսկ անառիթ էսպես երկարբարակ մեջբերել դրանք՝ չուզողներիս աչքերը հանելով, ուզողներիս ուրախացնելով եւ մնացածներին զվարճացնելով, որովհետեւ եթե վերոբերյալ բանաստեղծությունս էն ժամանակ Տիգրանին դուր էր գալիս, շատ հնարավոր է՝ էսօրվա օրով ուրիշներին էլ դուր գա եւ նույնիսկ հաճույք պատճառի. այսինքն, սրանից յոթ տարի առաջ գինովցած վիճակում Իսրայելյան Աննային հարցազրույց տալով եւ հրապարակավ խոստանալով այլեւս բանաստեղծություն չգրել՝ առ էսօր էլ էդ խոստումիս տեր եմ, որովհետեւ հիմա՝ միանգամայն սթափ վիճակում էլ եմ համարում, որ հիսունն անց մարդու համար բանաստեղծություն գրելն առանձնապես լուրջ զբաղմունք չի, եւ չնայած էդ առումով բացառություններ եղել են, այսինքն՝ եղել են բանաստեղծներ, որոնք հենց հիսունից հետո են սկսել բուռն ստեղծագործել, էդ բացառությունները՝ Համո Սահակիչով սկսած եւ ուրիշներով վերջացրած, էնքան քիչ են, որ օրինաչափություն չեն դառնում, բայց էս ասածս հատկապես սովետական շրջանի մեր բանաստեղծներին չի վերաբերում, որովհետեւ Սովետը հատկապես բանաստեղծներին էնքան ճոխ ու գյուռ-գյուռ հոնորարներ էր տալիս, որ էն ժամանակներում միայն հիմար մարդը բանաստեղծություն գրելը կթարգեր, եւ չէին էլ թարգում, եւ եթե մերոնք հիմա էլ են հիսունից հետո բանաստեղծություն գրելը շարունակում, դա ընդամենը սովետական սովորույթի ու իներցիայի հետեւանքն է, որովհետեւ տողի դիմաց թեկուզեւ ընդամենը մի անգամ երկու ռուբլի ստացած բանաստեղծին հետագայում չափազանց դժվար է բանաստեղծությունից ու պոեզիայից հեռու պահել, էլ չեմ խոսում սովետահայ էն բանաստեղծների մասին, որոնք իրենց ողջ գիտակցական կյանքի ընթացքում են ճոխ հոնորարներ ստացել, ընդ որում՝ տողի դիմաց ոչ թե երկու ռուբլի, այլ՝ կրկնապատիկ եւ նույնիսկ եռապատիկ, եւ հիմնականում էդ էր պատճառը, որ սովետական բանաստեղծները հարգանքի մեջ կորած էին՝ ի տարբերություն հիմիկվա բանաստեղծների, որոնք տողի դիմաց ոչ միայն որեւէ վարձավճար չեն ստանում, այլեւ չեն էլ հասկանում, որ տողի դիմաց որեւէ վարձավճար չեն ստանում, եւ էդ պարզ ու հասարակ իրողությունը չհասկանալով ու չգիտակցելով՝ հիսունից հետո էլ նույն ոգով ու նույն ավյունով շարունակում են չափածո ստեղծագործել, եւ չեմ կարող ասել թե՝ հիսունից հետո առանձնապես թույլ են ստեղծագործում, որովհետեւ նախքան հիսունն էլ մի բան չէին, եւ վերջերս տեղի ունեցած մի միջադեպ հիշելով՝ անմիջապես ուզում եմ վերջ տալ բանաստեղծների ու բանաստեղծության մասին էս իմաստակությանս, որովհետեւ ամեն անգամ, երբ ասում ու կրկնում եմ, որ իրեն հարգող մարդը հիսունից հետո չի նստի ու բանաստեղծություններ չի գրի, իմ սերնդակից ու ավելի ավագ բանաստեղծներից մեկնումեկն ի խորոց սրտի նեղանում է ինձանից, եւ նեղացողները բնականաբար նրանք են, որոնք հիսունից ու վաթսունից հետո էլ նույն ոգով ու նախկին ավյունով շարունակում են բանաստեղծել՝ առանց հաշվի առնելու, որ վաղուց էդ գործի դիմաց հոնորար տվող չկա, եւ որ ասում եմ՝ նույն ոգով ու նախկին ավյունով շարունակում են ստեղծագործել ու բանաստեղծել, ոչ միայն էդ անկոտրում ու երդվյալ բանաստեղծների գրած բանաստեղծությունների քանակությունը նկատի ունեմ, այլեւ իրենց գրած էդ, ուրեմն, բանաստեղծությունների բովանդակությունն ու էությունը, եւ եթե մի անգամ «Գրական թերթ» առնեք եւ ընթերցանության ենթարկեք վաթսունն ու յոթանասունն ու ութսունն անց էդ անկոտրում երդվյալների բանաստեղծական տվայտանքները, ինքներդ էլ կհամոզվեք, որ մանավանդ յոթանասունն ու ութսունն անց երդվյալները ոչ միայն նախկին ոգով ու նախկին ավյունով են ստեղծագործում ու բանաստեղծում, այլեւ նախկին ոգով ու նախկին ավյունով էլ սիրում ու սիրահարվում են եւ առաջվա պես «Գրական թերթի» ողջ տարածքն իրենցով են անում՝ երիտպոետների համար նախատեսված տարածքները ներառյալ, եւ չնայած «Գրական թերթ» կարդացողներն էսօր ակնհայտորեն քչություն են անում, եւ չնայած «Գրական թերթն» էլ բանաստեղծներին հոնորար չի տալիս, այդուհանդերձ, «Գրական թերթի» բանաստեղծական տարածքների համար պայքարը նախկին լարվածությամբ շարունակվում է, եւ վերստին էդ էլիտար տարածքներն ավագների կողմից են նվաճվում, եւ վերստին երիտասարդների բանաստեղծությունների համար «Գրական թերթում» տեղ չի ճարվում՝ բացառությամբ Գրողների միության ղեկավարության թրերի տակով անցածների, իսկ երիտպոետներից նրանք, ովքեր Հայաստանի Գրողների միության տեղը չգիտեն ու չեն էլ ուզում իմանալ, սողոսկում են Վիոլետի ժուռնալ ու ինտերնետ ու երբեւէ Գրողների միության անդամ չեն դառնում եւ իրենց մեղրամիսն էլ Ծաղկաձորի մեր ստեղծագործական տանը չեն անցկացնում, բայց դա ամենեւին չի նշանակում թե՝ պայմանականություններից ազատված ու ազատագրված են, որովհետեւ Վիոլետի շուրջ ու ինտերնետում հավաքվողներն էլ են բանաստեղծություն գրելով՝ բանաստեղծությունից ու պոեզիայից ակնկալում այն՝ ինչ պոեզիան չունի ու երբեւէ չի էլ ունենալու, եւ, խոսքը մեր մեջ, պետք էլ չի, որ երբեւէ ունենա, եւ եթե մի որոշ ժամանակ ունեցել էլ է, էդ ժամանակը, մեր մեջ ասած, միանգամայն հակաբնական, հակաբանական եւ նույնիսկ հակաբանաստեղծական ժամանակ էր, եւ ձեր խոնարհ ծառան էլ էդ ժամանակը տեսնելու ու էդ ժամանակից օգտվելու բախտն ունեցավ, եւ շատերի պես ինքս էլ բանաստեղծելու դիմաց բոլ-բոլ վճարվեցի, եւ նախքան Սովետի փլուզվելն իմ տողավարձն էլ երկու ռուբլուց անցավ, եւ որպեսզի ավելի լավ պատկերացնեք, պիտի համեմատելով ասեմ, որ էն ժամանակ բանաստեղծներս վարձատրվում էինք մոտավորապես էնպես՝ ինչպես հիմա ու բոլոր ժամանակներում գաջ քաշողներն են վարձատրվում. այսինքն, էսքան քառակուսի մետրի դիմաց՝ էսքան դրամ, եւ եթե փարդախ ես քաշում՝ անհամեմատ շատ են վճարում, եւ գաջ քաշողների ու էն ժամանակվա բանաստեղծներիս տարբերությունն էն էր, որ էն ժամանակվա բանաստեղծներս, ի տարբերություն գաջ քաշողների, ոչ թե քառակուսի մետրով էինք վարձատրվում, այլ՝ տողերի քանակությամբ, եւ պոեզիայի բնագավառի փարդախ քաշողներն էլ էին կրկնապատիկ ու եռապատիկ վարձատրվում, եւ բանաստեղծների մեր համայնքում ամենից լավ ու ամենից որակով փարդախ քաշողն անվիճելիորեն Վահագն Դավթյանն էր, եւ, կարող եմ ասել, ես էլ էի գործս խղճով ու նամուսով անում, եւ չնայած կարճ ու երկար տողերի համար բանաստեղծներիս նույն գինն էին տալիս, ես, ի տարբերություն ոմանց, երբեւէ արհեստականորեն չկարճացրի տողերս, եւ չնայած հանգավոր ու անհանգ տողերն էլ էին հավասար գնահատվում, ես գլուխ չէի պահում եւ չարչարվելով հանգավորում էի գրեթե բոլոր տողերս. այսինքն, ես երբեւէ պետության ու խորհրդային իշխանությունների հոգատարությունը չչարաշահեցի եւ, կարող եմ ասել, հնարավորինս գնահատված ու պաշտպանված էի պետության կողմից եւ նույնիսկ Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկրի կոչմանն արժանացա, եւ չնայած էդ մրցանակին Շառոյան Ռոլանդի հետ կիսովի արժանացանք, եւ չնայած էդ մրցանակի հինգ հարյուր ռուբլին էլ իմ ու Ռոլանդի մեջ հալալ կիսվեց, այդուհանդերձ, ես էն ժամանակ էլ ու հիմա էլ ինձ Լենինյան կոմերիտմիության մրցանակի լիարժեք դափնեկիր եմ համարել ու համարում, եւ կոմսոմոլի դափնեկիրներից թերեւս միակն եմ, որ առանց ամաչելու՝ տեղին ու անտեղի հիշում ու հիշատակում եմ կոմսոմոլի մրցանակի դափնեկիր լինելս, մինչդեռ կոմսոմոլի որոշ դափնեկիրներ ճարպկորեն հասարակությունից թաքցնում են իրենց իսկ կենսագրության էդ, ուրեմն, կոմերիտական էջը, եւ թաքցնողները հիմնականում կոմսոմոլի էն դափնեկիրներն են, որոնք Սովետի օրոք իրենց անունն ու ազգանունն էդ մրցանակի անունից առանձին չէին գրում, եւ ես էն քչերից եմ, որ Սովետի օրոք կոմսոմոլի դափնեկիր լինելս չէի նշում ու չէի շեշտում, ու երբեւէ գրածներիս տակ անվանս ու ազգանվանս կողքին չեմ գրել՝ Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր, եւ հիմա, երբ արդեն ուրիշներն են իրենց կոմսոմոլի դափնեկիր լինելը շրջապատից ու հասարակությունից թաքցնում, մեջս բուռն ցանկություն է առաջանում հասարակությանն ու բոլորին պարբերաբար իրազեկել, որ ձեր խոնարհ ծառան Լենինյան կոմերիտմիության դափնեկիր է, բայց էդ բանը չեմ անում ոչ թե էն պատճառով, որ Ռոլանդի հետ կիսովի եմ դափնեկիր եւ, ի տարբերություն այլոց, հինգ հարյուր ռուբլու փոխարեն ընդամենը երկու հարյուր հիսուն եմ ստացել, այլ ընդամենն էն պատճառով, որ ես վաղուց էս վեպիցս բացի այլ բան չեմ գրում, որի տակ ստորագրեի՝ Արմեն Շեկոյան, Լենինյան կոմերիտմիության դափնեկիր, եւ վաղուց հրապարակախոսական ու բարոյախրատական հոդվածներ էլ չեմ գրում, որոնց տակ էդ ձեւով ստորագրեի, եւ միակ բանը՝ որ գրում եմ, էս չարաբաստիկ վեպս է, որի շրջանակներում փորձում եմ ամեն ինչ հիշել ու նշել՝ ներառյալ Լենինյան կոմերիտմիության դափնեկրությունս, որովհետեւ եթե ժամանակին Սովետն ու կոմերիտմիությունն առանց ամաչելու էդ մրցանակն անձամբ նվաստիս են շնորհել, հիմա նվաստս բարոյական որեւէ իրավունք չունի ամաչելու, որ ժամանակին առանց ամաչելու սովետական իշխանություններից ու կոմերիտմիությունից էդ մրցանակն ընդունել ու վերցրել է, ընդ որում՝ կիսովի ու կես գնով, եւ չնայած էդ մրցանակը Ռոլանդի հետ կիսովի ընդունեցինք ու ստացանք, էդ մրցանակի համար ամբողջովին ու ամբողջապես եմ պատասխանատվություն ստանձնում ու կրում, եւ չնայած էդ մրցանակին արժանացած «Բախտ» ժողովածուիս մեջ կոմսոմոլին նվիրված որեւէ ոտանավոր չկար, էդ ժողովածուս միանգամայն արժանի էր էդ ու ավելի երեւելի մրցանակների, որովհետեւ էդ ժողովածուիս մեջ ընդգրկված «Ծիծաղելով, փորս բռնած» բանաստեղծությունն էնքան էր դուր եկել Տիգրան Մանսուրյանին, որ Տիգրանն ամեն անգամ էդ ժողովածուս իրենց ննջարանի գրապահարանից հանելով՝ անմիջապես գտնում էր էդ բանաստեղծությունս ու սկսում էր բարձրաձայն ընթերցել այն՝ փորձելով ինձ համոզել ու հավատացնել, որ իսկապես լավ բան եմ գրել, եւ ես իսկապես համոզվում ու հավատում էի, որովհետեւ Տիգրանն էնքան սիրով ու էնքան բովանդակալից էր ընթերցում, որ իր ընթերցանության ընթացքում էդ բանաստեղծությունս նորանոր երանգներ եւ նույնիսկ նորանոր իմաստներ էր ստանում, եւ ամեն անգամ իմ էդ «Բախտն» իրենց ննջարանի գրապահարանից հանելով՝ էնքան արագ ու էնքան հեշտությամբ էր էդ բանաստեղծությունս գտնում, որ ամեն անգամ ուղղակի ապշում էի, եւ մի օր պատահաբար նկատեցի, որ գրքիս էդ էջը ծալված էր, եւ դա նշանակում էր,  որ Տիգրանն իմ բացակայությամբ էլ էր էդ գիրքս իրենց ննջարանի գրապահարանից հանելով՝ էդ բանաստեղծությունս մեկուսի կարդացել, եւ շատ հնարավոր է՝ ուրիշների համար էլ էդ բանաստեղծությունս կարդացած լիներ, որովհետեւ Տիգրանն էնքան շատ էր պոեզիա սիրում, որ ուրիշներին էլ էր ուզում հաղորդակից դարձնել իր սիրած բանաստեղծություններին, եւ հիմա էսպես հետին թվով հիշելով ու մտածելով՝ սկսում եմ հասկանալ նաեւ, որ եթե Տիգրանը մեծ կոմպոզիտոր դառած չլիներ, հաստատ շատ մեծ բանաստեղծ էր դառնալու, որովհետեւ իր համար բանաստեղծությունն ու երաժշտությունը նույնն էին, եւ ինքն էդ երկուսն էլ հավասարապես էր սիրում, եւ հիմա իրեն հիշելով եւ իր մասին մտածելով՝ սկսում եմ նաեւ հասկանալ, որ եթե ինքը բանաստեղծ լիներ, բանաստեղծություն գրելը երբեւէ չէր թարգի՝ էնքան որ խորապես ու ի խորոց սրտի էր պոեզիա սիրում ու պոեզիայով ապրում, եւ չնայած իր մասին էսպես անցյալ ժամանակով եմ խոսում, համոզված եմ, որ ինքն էսօր էլ է պոեզիայով ապրում ու շնչում, եւ այլ կերպ չի էլ կարող լինել, որովհետեւ Տիգրանն ինքն ուղնուծուծով պոեզիա է, եւ հիմա Տիգրանի ու պոեզիայի մասին մտածելով՝ սկսում եմ հասկանալ նաեւ, որ, այնուամենայնիվ, իմ ու պոեզիայի առնչությունը զուտ պատահականություն է եղել, այլապես՝ էդքան հեշտությամբ ու էդքան հաջողությամբ պոեզիայից չէի հրաժարվի, եւ էդ բանը նույնիսկ չէի պատկերացնի՝ ինչպես որ Տիգրանին պոեզիայից անջատ չեմ կարողանում պատկերացնել, մինչդեռ անձամբ ինձ ոչ միայն կարողացա պոեզիայից անջատ պատկերացնել, այլեւ, ինչպես տեսնում եք, արդեն վեց ու յոթ տարի է՝ պոեզիայից անջատ ու պոեզիայից կտրված լավ էլ ապրում ու գոյատեւում եմ, չնայած, այնուամենայնիվ, երեւի խիղճս էնքան էլ հանգիստ չի, այլապես չէի հիշի՝ ինչպես էր Տիգրան Մանսուրյանն իրենց ննջասենյակի գրապահարանից հանում բանաստեղծություններիս «Բախտ» կոչվող ժողովածուն ու բարձրաձայն ընթերցում «Ծիծաղելով, փորս բռնած» բանաստեղծությունս, բայց, այսուհանդերձ, երեւի դուք էլ եք կռահում ու ենթադրում, որ էս հիշելս ու էս հիշողությունս ոչ էնքան պոեզիայի հանդեպ կարոտի արտահայտություն ու դրսեւորում է, ինչքան՝ ամենասովորական եսասիրության արտահայտություն ու դրսեւորում, որովհետեւ ամեն անգամ Տիգրանն իրենց ննջարանի գրապահարանից որեւէ բանաստեղծի որեւէ ժողովածու հանելով՝ բարձրաձայն ու անհուն սիրով ընթերցում էր դույն բանաստեղծի դույն բանաստեղծությունը, եւ հիմնականում էդ ընտրյալը Չարենցն էր լինում, ինչպես նաեւ՝ Նարեկացին, եւ ավելի հազվադեպ՝ Պաստեռնակը, Ախմատովան ու Բրոդսկին, եւ առավել հազվադեպ նվաստս էր էդ բախտին արժանանում, ավելի ճիշտ՝ էդ բախտին իմ «Բախտ» ժողովածուն էր արժանանում, իսկ ավելի ստույգ՝ իմ «Բախտ» ժողովածուի մեջ ընդգրկված էդ «Ծիծաղելով, փորս բռնած» բանաստեղծությունս, որն իրականում ոչ միայն իմ գրած լավագույն բանաստեղծությունը չի, այլեւ իմ էդ «Բախտ» կոչվող ժողովածուի լավագույն բանաստեղծությունը չի, մինչդեռ Տիգրանի ընթերցմամբ էդ բանաստեղծությունս իմաստավորվում ու վերաիմաստավորվում էր, եւ հեչ պատահական չի, որ իմ էդ բանաստեղծության Տիգրանի կատարումն էսքան երկարբարակ հիշում ու նկարագրում եմ, որովհետեւ մարդ արարածն ինչքան էլ պոեզիայից հեռացած ու խորթացած լինի, հիշողության մեջ սրբորեն պահում ու պահպանում է էն ամենը՝ ինչը պոեզիա է կամ պոեզիայի հետ որոշ ու որոշակի առնչություն ունի, եւ, դրանից էլ բացի, ժամանակի ընթացքում ինչքան էլ մարդ արարածը պոեզիայից հեռացած ու խորթացած լինի, ինքը իրենից ու մանավանդ իր անցյալից երբեւէ չի հեռանում. ավելին. մարդ արարածը ժամանակի մեջ ու ժամանակի հետ առաջանալով՝ մտովի անընդհատ հետ է գնում, որովհետեւ անցյալի էն տեղերն ու վայրերը՝ ուր մտովի ու անընդհատ վերադառնում է, գույնի ու ռելիեֆի առումներով դրախտին ավելի հար ու նման են, քան էն տեղը՝ ուր մարդ արարածը տվյալ պահին ապրում ու գոյատեւում է, եւ ինչքան էլ մարդ արարածը պոեզիայից հեռանա ու խորթանա, էլի ու վերստին պոեզիայի տիրույթներում ու տարածքներում է մնում, քանզի կյանք կոչվածը տեղով մեկ պոեզիա է՝ երբեմն գունեղ ու հրաշալի եւ երբեմն էլ՝ անգույն ու տաղտկալի, եւ նմանապես մահն է պոեզիա՝ երբեմն գունեղ ու հրաշալի եւ երբեմն էլ՝ անգույն ու տաղտկալի, եւ էս ամենից էլ բացի՝ պոեզիայից ու ամեն ինչից բացի, կյանքի պրոզան մշտապես եղել է, կա ու էս պահին էլ գոյություն ունի, եւ պրոզա ասելով՝ ամենեւին էլ իմ էս բազմահատոր պրոզան նկատի չունեմ, այլ այն, որ ես Մանսուրյան Տիգրանի էդ բարձրաձայն ու փառահեղ ընթերցումները հիշելով ու հիշեցնելով՝ հիշեցի ու հիշեցրի էդ ընթերցումներից էն մեկը, որն անձամբ ինձ ու իմ բանաստեղծությանն էր վերաբերում, մինչդեռ ճարպկորեն շրջանցեցի պոեզիայի էն նմուշները, որոնք Չարենցի ու այլ երեւելիների սրտերից ու գրիչներից էին բխել, իսկ ինչ վերաբերում է իմ էս բազմահատոր պրոզային, էս բազմահատորս ավելի շատ ու ավելի շուտ պոեզիա է, քան՝ պրոզա, որովհետեւ մարդ արարածն ինչքան էլ պոեզիայից հեռանա ու խորթանա, իրականում ավելի ու ավելի է մոտենում ու հարաբերվում նույն էդ պոեզիային, ու էս ասածս առաջին հերթին ինձ է վերաբերում, որովհետեւ էս հատորներիս լայնքով ու երկայնքով անընդհատ ու շարունակաբար հին ու անցած տեղերին եւ հին ու անցած ժամանակներին վերադառնալով ու անդրադառնալով՝ հին ու նախկին վայրերից եւ հին ու նախկին ժամանակներից պեղելով հայտնաբերում եմ այն՝ ինչը ներկա վայրերում ու ներկա ժամանակի մեջ գոյություն չունի, ու էն ամենը՝ ինչը ներկայի ու իրականության մեջ գոյություն չունի, միանշանակ պոեզիա է, չնայած լավ էլ գոյություն ունի՝ թեկուզեւ հիշողության կերպով ու հիշողության երանգներով, եւ էս պահի դրությամբ ինձ որեւէ մեկը չի կարող համոզել թե՝ հիշողությամբ վերապրածը պակաս կյանք է, քան այն՝ ինչը ներկա պահի մեջ ապրում ու գլորում ենք, եւ էս պահին ինձ որեւէ մեկը չի կարող համոզել թե՝ էն ամենը, որ հիշողության միջոցով ու հիշողության շնորհիվ ենք վերապրում, պակաս կյանք է, քան էն՝ ինչն անցյալում մի անգամ արդեն ապրել ու հիմա վերապրում ենք՝ հիշողության միջոցով ու հիշողության շնորհիվ, ու էն ամենը՝ որ հիշողության միջոցով եւ հիշողության շնորհիվ վերապրում ենք, հիմնականում պոեզիա է. այսինքն, ես էսքան հիշելով ու էսքան գրելով՝ հիմնականում պոեզիա եմ գրում, այլ ոչ թե՝ արձակ, եւ մեր պրոֆեսիոնալ արձակագիրները շատ էլ ճիշտ են անում, որ ինձ բանաստեղծ են համարում, այլ ոչ թե՝ արձակագիր. այսինքն, իմ էս վեպը հիմնականում հիշողությամբ ու պոեզիայով է լեփլեցուն, այլ ոչ թե՝ իրականությամբ ու պրոզայով, եւ, փաստորեն, վեց ու յոթ տարի առաջ հրապարակավ ու ցուցադրաբար բանաստեղծություն գրելը թարգելով՝ ես առաջին հերթին ինքս ինձ եմ խաբել եւ հետո նոր միայն՝ ձեզ, որովհետեւ էս արձակ ու սանձարձակ հիշողություններս ավելի պոեզիա են, քան էն բանաստեղծությունս, որը զետեղված է «Բախտ» ժողովածուիս մեջ եւ որն իրենց ննջարանի գրապահարանից հանելով՝ Մանսուրյան Տիգրանը բարձրաձայն կարդում էր, եւ նույնիսկ Տիգրանի բարձրաձայն կարդալն էր ավելի բանաստեղծություն, քան իմ էդ հանգավոր տեքստը, որը Տիգրանը բարձրաձայն կարդում էր, եւ չնայած եսասիրաբար ու շահախնդրորեն եմ էսպես երկարբարակ հիշում ու նկարագրում Մանսուրյան Տիգրանի բարձրաձայն ընթերցանությունը, նույնիսկ էս հիշողությանս մեջ ավելի շատ պոեզիա կա, քան էն բանաստեղծությանս մեջ, որը Տիգրանն իրենց ննջարանի գրապահարանում հայտնաբերելով՝ բարձրաձայն, սիրով ու հավատով կարդում էր, եւ, փաստորեն, չարաչար սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են թե՝ մի օր վերադառնալու ու վերստին բանաստեղծություն եմ գրելու, որովհետեւ ես, ինչպես տեսնում եք, բանաստեղծությունից ու պոեզիայից երբեւէ չեմ էլ հեռացել, որ վերադառնամ կամ չվերադառնամ, եւ հիմա որ էս ուղղությամբ ավելի ու ավելի եմ մտածում, սկսում եմ հասկանալ, որ բնության ու իրականության մեջ պոեզիայից հեռացած մարդ ընդհանրապես գոյություն չունի, որովհետեւ նա՝ ով մի անգամ պոեզիային առնչվել է, այլեւս պոեզիայից փախչելու տեղ չունի, եւ, ընդհակառակը, նա՝ ով երբեւէ պոեզիային չի առնչվել, այլեւս չի էլ առնչվելու, ու էս երկուսինն էլ հավասարապես ճակատագրեր են՝ միանգամայն իրարից տարբեր եւ իրար հակընդդեմ, եւ ի ծնե պոեզիային չառնչվածներն ի վիճակի չեն հասկանալ ճակատագրով պոետներին, եւ չնայած էս վերջիններն առաջիններին լավ էլ հասկանում են, եւ չնայած էս վերջինները ժամանակ առ ժամանակ ու երբեմն-երբեմն որոշում ու փորձում են փախչել ու ազատվել իրենց իսկ ճակատագրից, էդ բանը նրանց առանձնապես չի հաջողվում, որովհետեւ իսկական ու ճշմարիտ պոեզիան բանաստեղծություն գրելու կամ չգրելու հետ որեւէ կապ չունի, եւ առավել եւս կապ չունի հոնորարների եւ այլեւայլ վարձավճարների հետ, եւ երիցս կապ չունի զանազան մեդալների ու մրցանակների հետ:

Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031