Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինձ չի հետաքրքրում, թե ով ում հետ է քնում»

Հունվար 14,2012 13:58

Ասում է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը

Մայիս ամսին Բաքվում կայանալիք երկու կարեւոր իրադարձությունների պատճառով ադրբեջանական լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում արդեն մի քանի օր է՝ թեժ քննարկումներ են ծավալվել. իրադարձություններից մեկը «Եվրատեսիլ» երգի մրցույթն է, մյուսը՝ դրան զուգահեռ անցկացվող չորս օր տեւող միասեռականների շքերթը:

Ըստ լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի՝ շքերթին մասնակցելու համար ամբողջ աշխարհից Բաքու են մեկնելու գեյեր, լեսբուհիներ, բիսեքսուալներ, տրանսգենդերներ: Ադրբեջանցիներն այժմ քննարկում են՝ ինչպես վարվել շքերթի մասնակիցների հետ:

Հայաստանցիները եւս ակտիվ քննարկում են այս թեման, եւ Facebook-ում անգամ քաղաքական գործիչներն են կարծիքներ արտահայտում:

«Առավոտը» ԱԺ պատգամավոր Ստյոպա Սաֆարյանից փորձեց պարզել՝ եթե այդ երկու իրադարձություններն էլ Հայաստանում լինեին, ու միայն խորհրդարանի որոշմամբ թույլատրվեր շքերթի անցկացումը, նա «կո՞ղմ» կքվեարկեր, թե՞ «դեմ»: «Ես չեմ սիրում քննարկել (ավանդական, թե ոչ ստանդարտ սեռական կողմնորոշմամբ) մարդկանց սեռական կյանքը եւ սպիտակեղենը: Ինձ չի հետաքրքրում, թե ով ում հետ է քնում, ինչու եւ ինչպես: Ե՛ս չեմ նման հարցերի դատավորը: «Կողմ» լինելով սերնդի սեռական դաստիարակությանը, բայց դեմ լինելով սեռական կողմնորոշման բաց ու նպատակաուղղված քարոզչությանը՝ հավանաբար ձեռնպահ կքվեարկեի»: Պարոն Սաֆարյանը նաեւ ասաց, որ «դեմ» քվեարկելու հարցում տատանվում է, որովհետեւ խնդիրը, այդուհանդերձ, ազատ հավաքների իրավունք արտոնելուն է վերաբերում, ինչի սահմանափակմանը ինքը դեմ է՝ անկախ նրանից, թե ով է ուզում այդ իրավունքից օգտվել: «Քվեարկությունը, ըստ ամենայնի, ոչ թե սեռական կողմնորոշման հանդեպ վերաբերմունքի մասին կլինի, այլ հավաքների ազատության իրավունքի արտոնման»:

Ժամանակակից գրող, բլոգեր Դօրիանն էլ մեզ հետ զրույցում ասաց՝ կարծում է, որ «Եվրատեսիլից» հետո, կարճ ժամանակում, Բաքվի շքերթի բոլոր մասնակիցները կսպանվեն իրենց «տոլերանտ» հայրենակիցների կողմից:
Նրա ձեւակերպմամբ՝ «Արեւմուտքին «սապոնվելու» համար նախատեսվող այդ քայլը, սակայն, դրական հետեւանք էլ կունենա՝ դա հասարակությանը հստակ ցույց կտա պետության դիրքորոշումն այդ հարցում: Ինքս, անկեղծ ասած, զզվանք եմ ապրում նման շքերթներից, դա հարցի լուծման ճանապարհ չեմ համարում ու կարծում եմ, որ միասեռականներն իրենք պիտի ամաչեն, երբ իրենց մասին այդ շքերթների մասնակիցներով են դատում: Միասեռականների հանդեպ խտրական վերաբերմունքի դեմ ես ու դուք պիտի պայքարենք, ոչ թե իրենց մսի կտորից թանկ չգնահատող, բմբուլներով զարդարված ու փողոց շպրտված խեղկատակները: Եթե Հայաստանում նման բան լիներ, ես էլ «դեմ» «կքվեարկեի» ու, կարծում եմ, դեմ կքվեարկեր հարցով մտահոգ յուրաքանչյուր պատգամավոր»:

«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» հ/կ-ի նախագահ Մամիկոն Հովսեփյանն էլ «Առավոտին» հայտնեց, որ նախ՝ ինֆորմացիան ամեն տեղ սխալ է գնացել, շքերթ չի լինելու, պարզապես «Եվրատեսիլը» համարվում է գեյ փրայդմիջոցառման մի մաս, հետո էլ հավելեց. «Ամեն դեպքում ես չեմ կարծում, որ Հայաստանում հնարավոր է նման միջոցառում իրականացնել. դեռեւս մարդիկ՝ քաղաքացիները եւ իշխանությունը, սխալ պատկերացում ունեն շքերթի վերաբերյալ, քանի որ հաճախ մեդիան գեյ-շքերթները լուսաբանում է որպես էրոտիկ կամ պոռնոգրաֆիկ միջոցառումներ՝ ցուցադրելով վուլգար նկարներ»: Մ. Հովսեփյանի մեկնաբանմամբ՝ իրականում գեյ-շքերթը բողոքի ակցիայի մի ձեւ է, որտեղ ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) համայնքը պահանջում է հավասարություն եւ մարդու իրավունքների պաշտպանություն: «Այնուամենայնիվ, այս ամենն ընկալելու համար մենք դեռ շատ հեռու ենք, քանի որ հասարակությունը չունի տեղեկատվություն սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության մասին, կամ էլ ունեցած ինֆորմացիան անհիմն է եւ թյուր»,- եզրափակեց Մամիկոնը:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031