Լրահոս
Օրվա լրահոսը

«Թագավորական» կոմպոզիտորի CD-ն կներկայացվի Հայաստանում

Հունվար 14,2012 13:52

Մասնավոր այցով Հայաստանում է լոնդոնաբնակ երգեհոնահար, դաշնակահար, կոմպոզիտոր Արթուր Բոբիկյանը: «Առավոտի» հետ զրույցում երաժիշտը հայտնեց, որ օրերս «Նարեկացի» մշակութային կենտրոնում կկայանա իր 5-րդ CD-ի շնորհանդեսը: Ձայնասկավառակում տեղ են գտել Սուրբ ծննդյանը նվիրված խորալներ: Արվեստագետը ասաց, որ այս CD-ի միջոցով ցանկանում է հայաստանցի դասական երաժշտության սիրահարներին ծանոթացնել կանադահայ երգչուհի Սանդրա Աֆեյանին: Ի դեպ, CD-ն անցյալ տարի շնորհանդես է ունեցել նաեւ Լոնդոնում:

Նշենք, որ Արթուր Բոբիկյանը ավարտել է Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցը, այնուհետեւ ուսումը շարունակել Անգլիայի Gulford School of Music-ում, իսկ 2000-ից մշտական բնակություն հաստատել Միացյալ Թագավորությունում: Նա համագործակցել է Շարլ Ազնավուրի, Էլթոն Ջոնի, Վալերի Գերգիեւի, Ժան Կլոդ Վանդամի (ալտահար է եւ ոչ թե հայտնի դերասանը) եւ այլ հայտնի անունների հետ:

«Անգլիայում իբրեւ երգեհոնահար հանդես եմ եկել Ջիվան Գասպարյանի հետ: Մինչ Անգլիայում հաստատվելը, 4 տարի համագործակցել եմ անկրկնելի երգչուհի Լուսինե Զաքարյանի հետ, 11 տարի հանդիսացել եմ Մայր աթոռ սուրբ Էջմիածնի երգեհոնահարը»,- տեղեկացրեց մեր զրուցակիցը: Հետաքրքրությանը, թե Անգլիայում ուսում ստանալուց հետո ինչո՞ւ չվերադարձավ հայրենիք, Ա. Բոբիկյանը պատասխանեց. «Հայաստանում ունեի հիանալի դասատուներ՝ կոմպոզիտորներ Արմեն Սմբատյան, Ստեփան Լուսիկյան, դաշնակահար Սերգեյ Բարսեղյան: 1997թ., բարոնուհի Քոքսի հրավերով Լորդերի պալատում ունեցած մենահամերգս փոխեց ճակատագիրս՝ ընդամենը բնակության վայրի առումով: Համերգային ծրագրերում միշտ ընդգրկում եմ շարականներից մինչեւ ժամանակակից հայ կոմպոզիտորների գործեր: Հանդես եմ գալիս նաեւ բարեգործական ծրագրերով, օրինակ՝ անցյալ տարի Անգլիայում գրանցված հայկական «Կանթեղ» բարեգործական միության հրավերով ունեցա մենահամերգ, որի հասույթը փոխանցվեց հաշմանդամ երեխաներին: Մի խոսքով, ուզում եմ ասել, որ այնտեղ էլ իմ ուժերիս չափով փորձում եմ օգտակար գործ անել Հայաստանի համար: Նպատակ ունեմ վարպետության դասեր անցկացնել Երեւանի կոնսերվատորիայում եւ հնարավորինս հաճախ համերգներով հանդես գալ Հայաստանում»:

Ա. Բոբիկյանը ասաց, որ ինքը 2011-ից Անգլիայի թագավորական պալատի կոմպոզիտորների միության անդամ է, որ մշտապես գտնվում է BBC-ի ու Radio France-ի ուշադրության կենտրոնում: Նա շեշտեց Երեւանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կայացած իր մենահամերգը, հավելելով. «Որպես կոմպոզիտոր, Շվեյցարիայում 22 հեղինակի ներկայացրած երկերից իմ սիմֆոնիկ գործը համարվեց լավագույնը, որի թեման այսօր եվրոպական 87 TV-ներ օգտագործում են իրենց տարբեր ծրագրերում: 3400 տեղանոց Royal Festival Hall-ում կայացավ մենահամերգս՝ նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին, իսկ որպես դաշնակահար, արդեն նշեցի բարեգործական համերգիս մասին, որը տեղի ունեցավ Լոնդոնի հեղինակավոր Leighton House-ում»: Բոբիկյանը մասնակցություն է ունենում նաեւ թագավորական ընտանիքին պատկանող Wenstminster տաճարում անցկացվող հանդիսություններին:

Մեր զրուցակիցը խնդրեց «Առավոտի» միջոցով կոչ անել հայաստանյան TV-ներին՝ ավելացնել դասական երաժշտության ծրագրերը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031