Լրահոս
Օրվա լրահոսը

Ազգային հատկանիշ է. կամ հեռվում լինես, կամ մահացած, որ սկսեն վերագնահատել

Հունվար 14,2012 13:49

Կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը հանրագումարի է բերում անկախության տարիներին արվածն ու չարվածը:

Անկախության 20-ամյակի համատեքստում տարբեր ոլորտների մարդիկ սկսել են ի մի բերել, թե ինչ են տվել իրենց Անկախության 20 տարիները, ինչ են իրենք ստեղծել: «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանն էլ «Առավոտի» հետ զրույցում փորձեց հանրագումարի բերել իր «բաժինը»:

«Քաղաքականության մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ դա իմ մասնագիտությունը չէ, գիտության մասին՝ նույնպես, գրականությանը ծանոթ ենք՝ շատ բան չի արվել, դրա համար կխոսեմ հատկապես կինոյի մասին: Շատերը կարծում են՝ կինոն մահացել է, ոմանց էլ թվում է՝ սերիալներ կան, դա բավական է, արդեն կինո է: Ինչ խոսք, էդ զվարճալի ժամանցները, որ նկարվում եւ ցուցադրվում են, վատ բաներ չեն՝ փորձի, մթնոլորտի, էկրանից հայերեն խոսք հնչեցնելու, հայկական պատմություններ պատմելու, դերասանների զբաղվածության առումով: Ինչ-որ բաց տեղեր կան, որոնք պետք է լցնել: Այլ հարց է, որ բացի թվարկած մի քանի դրական բաներից, լիքը բացասական բաներ էլ կան՝ գռեհկությունը մատուցվում է որպես հումոր, վատ խոսքը՝ բնական անկեղծ խոսակցություն: Ցավալի է, որ ոչ պրոֆեսիոնալ մարդիկ են մտել ասպարեզ: Իսկ ի՞նչ եմ արել ինքս՝ կինոյում…Նկարել եմ 6 լիամետրաժ ֆիլմ, 1991 թվականից սկսած եմ ասում՝ «Վերադարձ Ավետյաց երկիր», «Վերջին կայարան», «Դոկումենտալիստը», «Պոետի վերադարձը», «Սահման», «Անվերջ փախուստ, անվերջ վերադարձ», որ հիմա ավարտում եմ: Ստացել եմ մոտավորապես 30 միջազգային մրցանակ՝ 20 տարում, կոչումներ, մեդալներ»,- նշեց ռեժիսորը: Նա կարծում է, որ ամեն դեպքում արված գործը քիչ է, եւ ընդհանրապես մեր կինոյում ազգային երեույթների պակաս կա. «Երկրաշարժի մասին կարծես նկարել եմ, բայց ամբողջովին չեմ խորացել, Ղարաբաղյան պատերազմին, փախստակններին անդրադարձել եմ, բայց մի քիչ այլ ոճով: Ես այն արվեստագետներից եմ, որոնք իրավունք չունեն ոգեւորվելու եւ ուրախանալու եւ ինքն իրեն ծափ տալու: Շատ կան ծափահարող եւ գեղեցիկ արվեստ ստեղծողներ, իսկ ես ընտրել եմ ամենածանր ճանապարհը, նկարում եմ թերությունների մասին եւ իրավունք չունեմ թույլ տալու, որ այդ թերությունները, դժվարությունները, խնդիրները, ցավերը չնկատվեն»:

Հարություն Խաչատրյանն իրեն անվանում է կինոսոցիոլոգ, իսկ վերջին ֆիլմը՝ «Անվերջ փախուստ եւ անվերջ վերադարձը»՝ կինոուսումնասիրություն՝ Հայաստանին պատուհասած աղետների, ԽՍՀՄ-ի փլուզման եւ այլ պատճառներով հայրենիքից հեռացած տարբեր մարդկանց ճակատագրերի մասին:

Ռեժիսորը նշում է, որ նկարում է առանց քննադատելու իր հերոսներին կամ նրանց նկատմամբ վերամբարձ դիրք գրավելու: Նրա համոզմամբ, ամեն ոք թող ինքը եզրակացություն անի՝ ինչո՞ւ է մեր ազգը անվերջ փախչում եւ անվերջ վերադառնում: «Չեմ ուզում միայն փախչողների եւ վերադարձողների մասին լինի ֆիլմը, ոչ ուզում եմ ստորաբար սեւացնել պատմությունը, ոչ էլ՝ հիմարաբար գունազարդել, չարախոսել ընդհանրապես չեմ ցանկանում, որովհետեւ բոլոր այդ մարդիկ ինձ համար սիրելի են՝ իրենց դժբախտ ճակատագրերով հանդերձ: Նկարել եմ տարբեր բաներ՝ սկսած Լոս Անջելեսի նարկոդիսպանսերի հայ հիվանդներից ու բանտ նստածներից, վերջացրած օտար ափերում գտնվող գերեզմաններով, որտեղ 100 հազարավոր հայերի շիրիմներ են կողք կողքի: Այսինքն, խորհելու առիթ ենք ուզում տալ՝ ամեն մարդ պատճառը կգտնի, թե ինչո՞ւ են գնում ու վերադառնում: Շատ համարձակ պետք է լինես, հիմար կամ էլ ամենաքիչը սուրբ, որպեսզի իրավունք ունենաս մեկի արարքին գնահատական տալ: «Անվերջ փախուստ եւ անվերջ վերադարձը» ավատին կհասցվի այս տարվա աշնանը:

Իմ ֆիլմերի մեջ, կարծում եմ՝ պետք է աստվածավախությունը լինի, իրավունք չունենաս մարդուն ոչ ցեխոտել, ոչ էլ փայլեցնել, որովհետեւ ճշմարտությունն է ֆիլմին հարատեւությունը ապահովում: Շատերը կարծում են, թե Հարությունը նկարում է փառատոնային ֆիլմեր, բայց դրանք հասարակ ֆիլմեր են՝ գյուղացու, բանվորի, ոչխարապահի, փախստականի մասին: Շատերն ասում են՝ ամոթ է, որ նման ֆիլմերը ներկայացնում են Հայաստանը, բայց դա շատ նաիվ կարծիք է, որովհետեւ մենք իրականում լաքապատված ազգ չունենք, եւ պետք էլ չի, որ ունենանք: Ընդամենը կան լաքապատված մարդիկ, որոնց լաքը խանգարում է բաց մաշկով զգալ ազգի կենսառիթմը, սրտի բաբախյունը, պրոբլեմներն ու դարդը: Լաքապատված մարդիկ շատ կան նաեւ արվեստում, անընդհատ մեջ են ընկնում, երեւում են եթերում, ամենուր, հետ են մղում դարդից խոսողներին»,- փաստում է ռեժիսորը:

Նա զգուշացնում է. «Իմ ֆիլմերը սկզբից դժվար են ընկալում՝ մարդիկ ցանկություն չունեն տխրելու, մտածելու կամ անհանգստանալու, որովհետեւ միտված են դեպի շոուն, իսկ իմ ֆիլմերը մեկ-մեկ կարող են կոկորդին կանգնել կոշտ կերակուրի նման»:

Ի վերջո ամփոփելով Անկախության տարիներին արվածը՝ Հարություն Խաչատրյանը կարծում է, որ եթե ոչ գերազանց, ապա 4 հաստատ վաստակել է: Ապացույցը՝ 6 լիամետրաժ ֆիլմերը, 30 եւ ավելի կինոմրցանակները, 9 երեւանյան միջազգային կինոփառատոները, դեբյուտային ֆիլմերի «Մերոնք» ստուդիան ու դեբյուտների փառատոնը, որ կարճ կյանք ունեցավ «մութուլույս» տարիներին, բազմաթիվ սցենարները, 4-5 գրքերը, թերթը, կինոդպրոցը, 3 զավակներն ու 2 թոռները:

Հարություն Խաչատրյանի եզրակացությունը հետեւյալն է՝ «Ինչքան գործ ես արել, այդքան էլ կա անելու, Հայաստանը դեռ այն կինոն չունի, որ ինքնուրույն կարողանա աշխարհ մտնել եւ ճանաչվել, որովհետեւ, եթե չլինեին Փարաջանով եւ Փելեշյան, հայկական կինոյի մասին ավելի քիչ կիմանային աշխարհում: Իհարկե շատ լավ ռեժիսորներ ունենք, որոնք ժամանակին չեն ռեկլամվել, մինչդեռ ուրիշ ազգերը, օրինակ՝ վրացիները, ամենափոքրիկ դիպլոմ ստացած ֆիլմը դարձնում են երեւույթ, ռեժիսորին էլ կերպար՝ Մոսկվայի ու Բեռլինի համար: Իսկ մեր ազգի մեջ արվեստագետներին իրենց տեղը դնելու միտում կա: Մի կողմից դա շատ լավ է, որ չմեծամտանան, որովհետեւ հայ արվեստագետները մեծամտանալու հիվանդություն ունեն, մյուս կողմից էլ՝ ախր եղածը չեն փայփայում, չեն թողնում կայանա: Ազգային հատկանիշ է, միշտ պետք է կամ հեռվում լինես, կամ մահացած, որ սկսեն վերագնահատել…»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031