Հունվարի 11-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը մասնակցել է Շվեյցարիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների համար կազմակերպվող ավանդական ամանօրյա բարեմաղթանքների ներկայացման հանդիսավոր արարողությանը: Արարողության ընթացքում դեսպանը բարեմաղթանքներ է փոխանակել Շվեյցարիայի Համադաշնության նորընտիր նախագահ Էվելին Վիդմեր Շլումպֆի եւ արտաքին գործերի նախարար Դիդիե Բուրկհալտերի հետ` ցանկանալով հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք, երկու երկրների միջեւ հաստատված բարեկամական կապերի եւ համագործակցության հետագա զարգացում:
Այս մասին Aravot.am-ին տեղեկացնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նույն օրը դեսպան Ազնավուրն աշխատանքային հանդիպում ունեցավ հայ-շվեյցարական բարեկամական խորհրդարանական խմբի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին խորհրդարանական մակարդակով երկու երկրների միջեւ համագործակցության ուղղությունները, փոխադարձ այցելությունների հնարավորությունը: Դեսպան Ազնավուրը կարեւորեց երկու երկրների խորհրդարանների բարեկամության խմբերի միջեւ ձեւավորված փոխգործակցության բարձր մակարդակը, այդ թվում նաեւ հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված գործունեությունը: