Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լեռնապատի համայնքապետը «Հետքի» թղթակցից մեկ լումա է պահանջում

Հունվար 14,2012 13:42

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում, Վարդուհի Հովնանյանի նախագահությամբ, շարունակվում է Լեռնապատ համայնքի ղեկավար Վանո Եղիազարյանի հայցադիմումի քննությունն ընդդեմ «Հետք» թերթի լրագրող Ադրինե Թորոսյանի:

Համայնքապետը թղթակցին մեղադրում է իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորելու մեջ:

Նախնական դատական նիստի սկզբում հայցվոր Եղիազարյանը պնդեց հայցադիմումը՝ պահանջելով զրպարտության համար պարտավորեցնել պատասխանող լրատվամիջոցին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները, վիրավորելու համար նույն թերթով ներողություն խնդրել իրենից եւ լրագրողից հօգուտ իրեն բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ, ինչպես նաեւ դատական ծախսերը:

«Միանշանակ հերքում եմ, որ վիրավորել ու զրպարտել եմ գյուղապետին, իրականում նա գումարային պահանջ ներկայացրել է տվյալ բնակչին, այլ բան է, որ իմ հոդվածում չեմ մասնավորեցրել, որ գյուղապետը երեք անգամ է դատական հայց ներկայացրել. առաջին երկու անգամները՝ գումարային պահանջով, երրորդ անգամ արդեն հանել է՝ բավարարվելով միայն ներողություն եւ հերքում ձեւակերպումներով: Միգուցե բացթողում է, որ չի կոնկրետացվել, բայց դա էլ կարելի էր հեշտությամբ շտկել՝ առանց դատական քաշքշուկների: Նույն ինքը՝ գյուղապետը, կարող էր պատասխան տեքստով կամ անհամաձայնությամբ այդ մասին տեղյակ պահել խմբագրությանը, որպեսզի այդ բացթողումը ուղղվեր»,- ասում է Ադրինե Թորոսյանը:

Նախորդ տարվա օգոստոսի 23-ին «Հետքում» տպագրված «Գյուղապետի հասցեին ասված «արածել» բառն արժե 1 միլիոն դրամ» վերնագրով հոդվածում Ադրինե Թորոսյանը գրել էր, որ Լեռնապատի համայնքապետը ֆինանսական փոխհատուցում է պահանջում համագյուղացի Գեւորգ Մելքոնյանից:

Վանո Եղիազարյանը, սակայն, չի պահանջել ֆինանսական փոխհատուցում:

Լեռնապատցի Գեւորգ Մելքոնյանը պարտավորվել էր «Ժամանակ» թերթում հրապարակավ ներողություն խնդրել, ինչպես նաեւ նույն թերթի միջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն գնահատված տվյալները: Բացի այդ՝ Գեւորգից հօգուտ գյուղապետի դատարանը որոշում էր կայացրել բռնագանձել 8000 ՀՀ դրամ՝ որպես պետական տուրքի գումար:

Համայնքապետը 3 անգամ էր դիմել դատարան՝ նյութական պահանջ ներկայացրել 1-ին եւ 2-րդ հայցադիմումներում: 3-րդ հայցից համայնքապետը հանել էր նյութական պահանջը:

Պատասխանողի ներկայացուցիչ, փաստաբան Լուսինե Հակոբյանը դատարանին ներկայացրեց «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից հանված Վանո Եղիազարյանի կողմից Գեւորգ Մելքոնյանի դեմ ներկայացված առաջին եւ երկրորդ հայցադիմումները:

Այնուհետեւ Վանո Եղիազարյանը դատարանին հայտնեց, որ ցանկանում է հայցապահանջը որոշ մասով փոխել:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատասխանողը եղել է իմ ուսանողը եւ միաժամանակ լրագրող է, հաշվի առնելով նաեւ նրա նյութական վիճակը եւ այն հանգամանքը, որ ես սույն հայցը գումար վաստակելու համար չեմ ներկայացրել, պարզապես դրամական մասով իմ պահանջը փոխում եմ՝ դարձնելով 1 լումա»:

Փոփոխված հայցադիմումին պատասխան ներկայացնելու համար ժամանակ տրամադրելու նպատակով դատարանը նիստը հետաձգեց մինչեւ փետրվարի 14-ը:

ԱՆՈՒՇ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031