Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորը ներում է հայցում ՀՀ նախագահից

Հունվար 14,2012 13:39
3 անչափահաս երեխաներին եւ հաշմանդամ կնոջը չի կարողանում խնամել

Նելլի Գալստյանը հույս ունի, որ ՀՀ նախագահը ներում կշնորհի իր ամուսնուն:

Սամվել Սերյոժայի Չոբանյանն ունի 3 անչափահաս երեխա, կինը 2-րդ խմբի հաշմանդամ է: Չոբանյանը մեկ տարուց ավելի է՝ կալանավորված է: Մեղադրվում է թմրամիջոցներ օգտագործելու եւ տարածելու համար: Դեռ 6 տարի էլ պետք է մնա բանտում: Չոբանյանների ընտանիքն ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում: Ընտանիքում գումար վաստակողը հենց Սամվելն էր: Նա տաքսի էր վարում եւ օրավարձով մի փոքր սնունդ գնում, իսկ ընտանիքն այսօր այլեւս եկամուտ չունի եւ չի կարողանում ապրել:

Նա կալանավայրից նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ներում է հայցել: Նամակում մասնավորապես գրել է. «Ես ընտանիքիս խնամակալն եմ: Փոքր տղաս՝ Սերոժիկը, ընդամենը 3 տարեկան է, Մարիաննաս՝ 11, իսկ Ռոբերտս՝ 13: Սեփական տուն չունենք: Ընտանիքս ապրում էր Կոնդ թաղամասի 213 հասցեում՝ կիսախարխուլ 1-սենյականոց տնակում, որտեղ կենցաղային նվազագույն պայմանները նույնիսկ ապահովված չէին՝ բաղնիք, զուգարան չկար, պատուհանները կոտրտված էին, միայն 4 պատն էր եւ ստվարաթղթով ամրացրած կտուրը: Այստեղ մեզ ընկերս էր ժամանակավորապես տեղավորել: Տեղ չունեինք, ո՞ւր գնայինք: Հիմա արտասահմանից մի բարի հոգեւորական ընտանիքիս տեղավորել է փոքր-ինչ բարվոք վիճակում գտնվող տանը, վարձն ինքն է տալիս: Մնացած հարցերը մնացել են օդից կախված: Երեխաներս ուտելու բան չունեն, հագուստ չունեն: Եթե ազատության մեջ լինեի, կաշխատեի, մի բան կանեի, կապրեինք: Սիրտս վատառողջ է, այլեւս չեմ կարողանում այս պայմաններում մնալ, մանավանդ որ՝ ես մեղավոր չեմ: Իմ գլխին ուղղակի սարքեցին: Ես ուրիշի մեղքը վրաս վերցրեցի եւ դատվեցի 7 տարով: Ես լավ հայր եմ երեխաներիս համար, հոգատար ամուսին՝ կնոջս համար: Հարեւաններս ու կինս կարող են հավաստիացնել: Խնդրանքով դիմում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որ ներում շնորհի ինձ: Ես հիմա Արթիկում եմ»:

Նշենք, որ նման նամակ պատրաստել էին նաեւ հարեւանները եւ ուղարկել նախագահական նստավայր: Հարեւանները գրել էին, որ Սամվել Չոբանյանը խելոք եւ բարոյական հատկանիշներով օժտված մարդ է. «Կոնդում ապրող Սամվելի հարեւանների անունից դիմում ենք խնդրանքով եւ հույսով, որ օգնություն լինի Չոբանյանների ընտանիքին եւ ներում շնորհվի Սամվելին: Խնդրում ենք ներողամիտ լինել նրա նկատմամբ, քանի որ նա, հանուն իր զավակների եւ կնոջ, անգամ կյանքը չի խնայի: Ընտանիքի վիճակն էլ ծայրահեղ է»:

Սամվելի կինը՝ Նելլի Գալստյանը, չի կարողանում աշխատանք գտնել, չի կարող աշխատել, մանկական պարալիչ է տարել, վերջերս էլ մի անգամ ուղեղի արյան զեղում է ունեցել: Նա տարբեր ատյանների է դիմել, որպեսզի իրեն օգնություն տրվի, անգամ պատրաստ է եղել ողորմություն խնդրելու, որպեսզի երեխաներին օգնի, սակայն ոչինչ նրանց վիճակը չի բարելավել:

Նելլիի խոսքերով, իրենք ժամանակին Աջափնյակում տուն ունեցել են, պարտքերի պատճառով եւ սոցիալական պայմաններից ելնելով՝ վաճառել են. «Դա հորս տունն էր, վաճառեցինք, որ կարողանանք ապրել, երեխաների համար ուտելիք առնենք: Մի քիչ էլ բավականացրեց, որ վարձով ապրեինք, բայց այդ գումարն ի վերջո վերջացավ: Մնալու էինք դրսում: Լավ է՝ բարեգործներ կան, եւ մենք այս տունը կարողացանք վարձել, բայց առանց ամուսնուս՝ երեխաներին չեմ կարողանում պահել: Ամուսինս տաքսի էր վարում, մի փոքր գումար էր աշխատում, գոնե հաց էինք կարողանում առնել, երբ արդեն նստած է, ապրում ենք հարեւանների տված սնունդով»: Կինն էլ է հավատում, որ իր ամուսինն իրականում մեղավոր չէ. «Տաքսու մեջ թմրամոլներ են նստել, իրենց թմրանյութը թողել են մեքենայի մեջ, ոստիկաններն էլ բռնել են: Նա նախկինում դատվածություն ունի, գողություններ է արել, հիմնականում սնունդ է գողացել, որպեսզի ապրենք, հաստատ թմրանյութ չէր լինի նրա մոտ: Ամբողջ Կոնդը կարող է ասել, որ իմ ամուսինն այդպիսի բան չէր անի, ես բազմիցս նամակներ եմ գրել ոստիկանություն, բայց ոչինչ չի փոխվել: Հույս ունեմ, որ նրա նամակից հետո ինչ-որ բան կփոխվի եւ նրան ներում կշնորհվի՝ գոնե մեր վիճակը հաշվի առնելով»:

ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031