Լրահոս
Օրվա լրահոսը

Ծերերի միակ երազանքն ավանդը ստանալն է

Հունվար 14,2012 13:34

Այսօր տարեց կենսաթոշակառուների համար կենսաթոշակի բարձրացումն այնքան էական նշանակություն չունի, որքան խորհրդային տարիներին ներդրած ավանդների վերադարձը:

«Մեզ առանց այդ էլ բան չի մնացել ապրելու: Ի՞նչ է, սպասում են հերթով մահանա՞ն այդ ծեր մարդիկ, որ այլեւս գումարները տալու խնդիր չառաջանա»,- «Առավոտին» դիմած գրեթե բոլոր ավանդատուներն այսպես են մեկնաբանում պետության՝ այս հարցի վերաբերյալ «դանդաղաշարժ» մոտեցումը:

75-ամյա Գրիշա Պետրոսյանը նույնպես իր մտահոգությունը հայտնեց այս առնչությամբ: Նա  ի նշան բողոքի՝ օրերս այցելել է ՀՀԿ գրասենյակ, որպեսզի հանրապետականներին վերադարձնի իր կենսաթոշակին ավելացրած 2.500 դրամը. «Ավելի լավ է՝ ավանդս տան, քան այդ 2500 դրամը: Ես արդեն հույս էլ չունեմ, որ արդար քրտինքով հավաքած ավանդն ինձ մի օր կփոխհատուցեն, ինչ իմանամ՝ ինչքան կապրեմ: Ինձ 5-6 տարի առաջ են հերթագրել ու դեռ նոր ցուցակներ էլ չեն կազմելու, մինչեւ եղածների գումարները չվերադարձնեն: Իմ հարցումներին՝ ամեն անգամ ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ ամբողջ հերթագրվածների հազիվ 10 տոկոսին են հասցրել վճարել, ուրեմն շատ շատերը հաստատ այդպես էլ չեն ստանա իրենց ավանդները (մայրս 92 տարեկան է, մինչեւ հիմա նրան էլ չեն տվել այդ գումարը), ՀՀ կառավարությունը պատճառաբանում է, որ իրենք խորհրդային պետության համար պատասխանատու չեն եւ իրավահաջորդ չեն համարվում: Էդ դեպքում մենք ինչո՞ւ ենք Թուրքիայից պահանջում ճանաչել Ցեղասպանությունը. նրանց այսօրվա կառավարությունն էլ իրեն չի համարում Ցեղասպանություն իրականացրած կառավարության իրավահաջորդը»:

Մեզ դիմած թոշակառուների ներկայացմամբ՝ ամեն նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների ժամանակ թեկնածուները պարբերաբար շահարկում են ավանդները վերադարձնելու թեման, որպեսզի ընտրողներից ձայներ կորզեն. «Բայց ընտրվում են ու մոռանում մեր մասին էլ, ավանդների մասին էլ»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ   

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031