Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Հախվերդյանն այլեւս ՀՅԴ-ի կողքին չի կանգնի

Հունվար 14,2012 13:19

Քանի որ նրանք, ըստ երգչի, «զադնի» տվեցին

Հայտնի արվեստագետ Ռուբեն Հախվերդյանը Ազգային ժողովի բոլոր ընտրությունների ժամանակ համակրել է Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությանը ու կանգնել նրա կողքին, մշտապես քվեարկել է նրանց օգտին: Անգամ «Կեցցե Դաշնակցությունը» վերնագրով երգ ունի՝ նվիրված ՀՅԴ-ին: Սակայն հիմա այլեւս չի պատրաստվում «օգտակար» լինել Դաշնակցությանը, չնայած, ամեն դեպքում, ՀՅԴ-ին համարում է «եղածների մեջ քիչ թե շատ ազգային դիմագիծ ունեցող կուսակցություն»:

«Առավոտի» հետ զրույցում Ռուբեն Հախվերդյանը հայտարարեց, որ այսուհետ այլեւս ոչ մի քաղաքական ուժի կողքին չի կանգնելու. «Ես այն ժամանակ որպես ամենաինտելեկտուալ մարդ տեսնում էի Վահան Հովհաննիսյանին: Ցավոք սրտի, Դաշնակցությունը, չեմ հասկանում՝ ինչու, «զադնի» տվեց: Այն, որ Վահանը նախագահի եղբոր հետ խնամի էր, այս հարցում ոչ մի դեր չի խաղացել, եւ դրանք դատարկ խոսակցություններ են: Նրանց երեխաներն արդեն բաժանվել են, եւ Վահանն ի սկզբանե դեմ էր նրանց ամուսնությանը: Այստեղ բիզնես-շահերն են թերեւս դեր խաղացել»: Ըստ նրա՝ իշխող ՀՀԿ-ի կողքին էլ չարժե կանգնել, քանի որ այն «կոմֆորմիստական» է եւ բացի այդ՝ ՀՀՇ-ի հետ համագործակցեց, բարիշեց ու սիրեց: Մեր այն հարցին, թե ինչ ելք է տեսնում նա այս իրավիճակից, Ռ. Հախվերդյանը պատասխանեց՝ մեզ այսօր պետք են «երիտասարդ ու նոր ուղեղով տղաներ»: Մեր այն դիտարկմանը, որ բոլոր ընտրություններից առաջ այդպիսի ուժեր ստեղծվում են, ինչպիսին էր, օրինակ, ՄԻԱԿ-ը, նա պատասխանեց. «Դրանք սարքովի բաներ են: Ես չսարքովի բաների մասին եմ խոսում, իսկ այդպիսի բաները ես ստուգել կարողանում եմ: Մեզ նոր ուղեղներ են պետք եւ նոր մտածող տղերք: Եթե վերցնենք Սերժին Սարգսյան եւ Ռոբերտին Քոչարյան, ապա նրանք սովետից են մնացել: Չնայած հիմա նույն սովետն է: Կոմսոմոլից ծնված եւ կոռուպցիայի մեջ գտնվող մարդը ինչպե՞ս կարող է հանկարծ սկսել պայքարել կոռուպցիայի դեմ: Ինչպե՞ս կարող է սովետական մտածողություն ունեցող մարդը, որը մինչեւ 40 տարեկան այդպես է մտածել՝ բուրգաձեւ, այսինքն՝ պապան՝ ռուսը, ինչ ասեց, պետք է անել, մեկ օրվա մեջ դառնալ ազատամիտ եւ ազատածին: Ես իրենց ասել եմ, որ իրենք ոնց որ մերսեդեսներ լինեն՝ 24-ի մատոռներով»:

Պարոն Հախվերդյանից հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ինչո՞ւ է տարբեր առիթներով ընդունում գործող իշխանությունների հովանավորությունները, եթե այժմ քննադատում է: «Սահմանադրությամբ դեմոկրատիա է մեզ մոտ, եւ ես իմ չափի մեջ՝ ոչ ավել, հայտնել եմ իմ կարծիքը: Հա, ի՞նչ անենք, որ օգնել են, ձեռքերը պաչե՞մ: Եթե ինձ փրկել է մեկը, իսկ իմ ընտանիքին՝ կոտորել, ես նրան պետք է շնորհակալությո՞ւն հայտնեմ: Ինձ ուղղակի ձրի ուղարկեցին արտասահման, որ բուժվեմ՝ որպես հայտնի արվեստագետի, կար այդպիսի պայմանագիր, եւ դա արվել է ձրի: Իսկ փողը, որ իմ անունով հավաքվել էր, ես ուղարկել եմ Ղարաբաղ, դա էլ հայտնի է: Ես դա արել եմ, որպեսզի ցույց տամ, որ մենք զրո-զրո ենք դուրս եկել, եւ խնդրում եմ, որ իմ աչքը չկոխեն, որ ինձ օգնել են: Ինձ օգնել է նաեւ 2-րդ կառավարությունը, որպեսզի «0-ից 100 տարեկան» գիրքը տպագրվի, եւ հիմա էլ են իշխանավորներն օգնում, որ 2 դիսկ հանենք, բայց չէ՞ որ դա անում են իրենք իրենց եւ իրենց երեխաների համար: Հիմա ես իրենց շնորհակալություն կհայտնեմ գրքի մեջ եւ ձայնապնակի կազմում»,- պատասխանեց պարոն Հախվերդյանը:

Ըստ նրա՝ այլեւս չի կարելի այդպես շարունակել եւ պետք է ինչ-որ բան անպայման փոխել. «Պատերազմը դեռ չի վերջացել, ես կարծում եմ, որ պատերազմը շարունակվում է՝ ոչ թե թուրքերի հետ, այլ սեփական կառավարության դեմ: Եթե այսպես շարունակենք, ապա կվերանանք որպես ազգ: Եթե դառնանք 1 միլիոն կամ 900 հազար հոգի, Հայաստանն ուղղակի տարածք կկոչվի: Բայց ես չեմ ուզում կորցնել իմ վերջին հույսը, որ երեխաներս իրենց հողի վրա կմեծանան, քանի որ ուր էլ գնանք՝ մենք օտար ենք: Այստեղ էլ ենք արդեն օտար, որովհետեւ այլախոհ ենք եւ այլ ձեւով ենք մտածում»:

Մեր հարցին, թե նրա գործընկեր-արվեստագետներից շատ շատերը լքել են Հայաստանը, արդյոք մեր երկրում կատարվող անարդարությունները կստիպե՞ն, որպեսզի պարոն Հախվերդյանն էլ Հայաստանը լքելու որոշում կայացնի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Սոցիալական պատճառները կապ չունեն, մարդիկ ավելի շատ գնում են բարոյալքվածության, լքվածության պատճառով, այս 3 կառավարությունների նկատմամբ անհուսությունից, հիմնականում աշխատանք չունենալուց եւ այլն: Թունելի վերջում եթե լույս չի երեւում, մարդիկ ի՞նչ անեն: Գիտեք, էլիտա ստեղծվում է գոնե նորմալ հասարակության մեջ, որն ապրում է բարեկեցիկ կյանքով: Իսկ մեզ մոտ իրավիճակ է ստեղծվել, որ եթե անգամ թքես իշխանավորների երեսին կամ ինչ էլ ասես, նրանց համար բոլորովին միեւնույն է: Մեկ է՝ եթե գրես, որ նրանք վատն են, գող են ու ավազակ, միեւնույն է՝ նրանք ամոթ չունեն: Այնպիսի տպավորություն է, որ այս 3 կառավարություններն էլ եկան կողոպտելու ժողովրդին»:

Բացի այդ, պարոն Հախվերդյանն, ինչպես ինքը մեկնաբանեց, իր՝ Հայաստանում մնալու պատճառներից մեկն էլ հայկական լոլիկի ու բանջարեղենի համնուհոտը վայելելն է, ինչը, արվեստագետի կարծիքով, չես գտնի աշխարհի ոչ մի երկրում. «Բայց արդեն մեր հողի աղտոտվածությունն այնպիսի մակարդակի է հասել, որ մտածում եմ՝ այստեղի բանջարեղենն էլ ուտելու բան չէ»:

ԱՆՈՒՇ ԽԵՉՈՅԱՆ

Ռուբեն Հախվերդյանի հետ մշակութային թեմայով հարցազրույցը կարդացեք «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031