ՀԿԿ առաջին քարտուղարի համար առաջնայինը ոչ թե որեւէ ընտրակարգի գերակայությունն է, այլ արդար ընտրություն անցկացնելու կամքը:
2011-ի ավարտին հայաստանյան քաղաքական դաշտը հստակ բաժանում ստացավ՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրական կարգին եւ, այսպես ասած, խառը ընտրակարգին կողմ ուժեր: Այս օրերին յուրաքանչուրը փորձում է բերել իր իրավացիության փաստարկները, իր ճշմարտացիության հիմնավորումները: Հայաստանի կոմկուսում, սակայն, յուրահատուկ մոտեցում ունեն այս հարցին: Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն «Առավոտի» հարցին՝ ինչո՞ւ չեն փորձում միանալ ընդդիմադիր դաշտին, որն այս օրերին համախմբվել է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով առաջիկա խորհրդարանական ընտրություններն անցկացնելու առաջարկի շուրջ, ասաց. «Ընդհանրապես, ՀԿԿ-ն եւս կողմնակից է համամասնական ընտրակարգին: Ի դեպ, այն եւս չի արգելում կամ չի խանգարում կուսակցություններին, որ ում ուզեն՝ ընդգրկեն իրենց ցուցակներում»: Ընկեր Թովմասյանը նորմալ է համարում, երբ այն անկուսակցականները, ովքեր հանրաճանաչ են, աշխատել կամ արարել են պետության, հասարակության համար, տնտեսական, մշակութային կյանքում հետք են թողել՝ ընդգրկվում են ընտրացուցակներում, բայց մեր օրերի համար չի բացառում նաեւ «թալանչիների, գող-ավազակների» ընդգրկումը կուսակցական ցուցակներում: Հետեւաբար ընտրությունների կազմակերպման տեսանկյունից նա թիվ մեկ հարցը չի համարում որեւէ ընտրակարգի գերակայությունը. «Գլխավորն այն է, որ կամք լինի՝ ընտրությունները արդար եւ թափանցիկ անցկացնելու, որ չլինեն կեղծիքներ եւ զեղծարարություններ, ու ժողովուրդը հերթական անգամ խաբված դուրս չգա»:
Ռուբեն Թովմասյանին եւ կոմունիստներին չեն հուսադրում իշխանության տարբեր տրամաչափի չինովնիկների հայտարարություններն առ այն, որ առաջիկա ընտրությունները ազատ ու արդար են լինելու, ու որ դա հենց իշխանությանն է պետք: Նրանց առավել եւս չեն ոգեւորում եվրոպացիների հայտարարությունները կամ միջամտությունները: «Ասել շատ բան կարելի է, բայց ասելը մի բան է, անելն՝ այլ: Շատ բան ասվում է, ասված էլ՝ մնում: Իսկ առաջիկա ընտրությունների արդարության մասին կարելի կլինի խոսել ընտրություններից հետո միայն: Եթե հետընտրական գործընթացներում ժողովուրդը փողոց դուրս չեկավ՝ թող մեր իշխանավորները գլուխ գովեն»,- ասում է ընկեր Թովմասյանը՝ օրինակ բերելով ՌԴ-ում վերջերս կայացած ընտրությունները. «Կոմկուսը, փաստորեն, կրկնապատկեց իր մանդատների քանակը: Կառավարող կուսակցությունը կորցրեց իր քվեների 15 տոկոսը: Սա նրա արդյունքն է, որ Պետդումայի ընտրություններում արդարության նշույլներ երեւացին, ու այս համակարգից զզված ժողովուրդը ապավինեց Կոմկուսին՝ մի ուժի, որի հետ անցած ճանապարհ ուներ»:
Արդյունքում՝ ընկեր Թովմասյանը գրեթե վստահ է, որ առաջիկա ընտրությունները եւս ազատ եւ արդար չեն լինելու: Ելնելով ընկեր Թովմասյանի վերոնշյալ մտքերից՝ հետաքրքրվեցինք՝ փաստորեն հույս չունե՞ն, որ ՀԿԿ-ն այս անգամ էլ խորհրդարան կմտնի: Արձագանքը եղավ. «Եթե Կոմկուսին չճնշեն, ամեն տեսակի հակակոմունիստական տիպեր հանդես չգան, ապա Կոմկուսն անպայման կլինի խորհրդարանում: Բայց ես հաստատ համոզված եմ, որ այդ ճնշումներն ու կեղծիքները դեր կխաղան մեր հետագա ճակատագրում»:
Կարդացեք նաև
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ