Գալուստ Սահակյանի հերթական բացառիկ առաջարկը
ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած 41 պատգամավորներից միայն 10-ը այսօր ընդգրկված չեն ԱԺ խումբ-խմբակցություններում, բոլոր 31-ը այս կամ այն խմբակցության անդամ են: Ընդ որում՝ մեծամասնականները հիմնականում ՀՀԿ կամ ԲՀԿ խմբակցություններն են համալրել: Սակայն, որքան էլ զարմանալի թվա, ըստ ԱԺ կայքում տեղադրված պատգամավորների ցանկի՝ որեւէ խմբակցության անդամ չեն ինչպես ԲՀԿ փոխնախագահ, ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, այնպես էլ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, եւս երկու ԲՀԿ-ականներ՝ Ռուստամ Գասպարյանը եւ Մարտուն Գրիգորյանը: Որեւէ խմբակցության անդամ չեն նաեւ թիվ 41-ից ընտրված Հակոբ Հակոբյանը, թիվ 30-ից ընտրված Վիկտոր Դալլաքյանը, ինչպես նաեւ թիվ 10-ից ընտրված՝ «Ազգային Միաբանության» անդամ Արա Սիմոնյանը: Թիվ 36-ից ընտրված Մխիթար Վարագյանը եւ թիվ 40-ից՝ Միքայել Վարդանյանը, Տիգրան Թորոսյանը եւ թիվ 14-ից ընտրված Լյովա Խաչատրյանը եւս դուրս են խմբակցական ցուցակներից: Ժամանակին, երբ խորհրդարանում գործում էր «Ժողովրդական պատգամավոր» խումբը (խմբի ղեկավարն էր ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը), մեծամասնականով ընտրվածները հիմնականում հավաքվում էին հենց այդ խմբում, այսօր հատուկ նրանց համար խումբ չկա: Ընտրություններից երեքուկես ամիս առաջ ընդդիմության սկսած պայքարը՝ հանուն մեծամասնականի վերացման, իշխող ուժերի ներկայացուցիչները համարում են նախընտրական շոուի մի մաս: Ոմանք էլ մտածում են, թե այս աղմուկը նաեւ իշխանությանն է ձեռնտու, որ որոշ մեծամասնական տեղեր կրճատելով՝ իբր տեղ կբացվի որոշ ընդդիմադիրների համար: Իսկ ինչո՞ւ ոչ՝ եւ շամփուրները չեն այրվի, եւ շամփուրի վրայինը: Նախորդ օրը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը «Հանրային» հեռուստաընկերության «Հարցազրույց»-ում հայտարարեց, որ իշխանությունը, պահպանելով 41 մեծամասնական տեղերը, արդեն ճիշտ այդքան ձայն ունենալով է գնում խորհրդարանական ընտրությունների, եւ դա ստեղծում է անհավասար պայմաններ: Ի հակադրումն ասվածի՝ ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանն էլ հակադարձեց՝ թող ընդդիմությունն էլ իր թեկնածուները դնի մեծամասնականով, եւ եթե ունեն բավարար ռեսուրսներ, թող հաղթեն:
ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը «Առավոտի» հետ զրույցում բավականին ուշագրավ մի միտք արտահայտեց, որը դարձրինք վերնագիր: Ըստ Գալուստ Սահակյանի՝ այսօր խորհրդարանից դուրս կան մի շարք հայտնի գործիչներ, որոնց ղեկավարած կուսակցությունները չունեն բավարար վարկանիշ եւ չեն կարող հաղթահարել անհրաժեշտ շեմը, չունեն «հասարակական ընդգրկում»՝ խորհրդարան անցնելու համար, սակայն իրենք՝ լիդերները, շատ կարեւոր են հայաստանյան քաղաքական դաշտի համար, եւ ինչո՞վ վատ կլինի, որ հենց այդ գործիչները առաջադրվեն մեծամասնականով եւ հաղթեն. «Միջազգային փորձագետներին երբ հարցնում ես՝ ո՞րն է ճիշտ, զարմացած նայում են, ասում են՝ որը որ դուք ճիշտ եք համարում, դա էլ ճիշտն է. այս տեսակետից մենք գտնում ենք, որ մեծամասնականը պիտի պահպանվի»: Գալուստ Սահակյանը կարծում է՝ խորհրդարան պետք է գան այն պատգամավորները, ովքեր «իրենց համար աշխատանքային կենսակերպ են համարել պատգամավորությունը եւ որոշակի դերակատարում ունեն հանձնաժողովներում, հասարակության հետ շփումներում, լիագումար նիստերում, բնականաբար՝ մենք գնալու ենք այդ ճանապարհով, որպեսզի նրանց ընդգրկենք ցուցակում, բայց նորերը, ովքեր կգան, հենց այդպիսիները լինեն, իսկ մեծամասնականն ազատ է: Ասեմ նաեւ հետեւյալը՝ եթե ուզում ենք շատ արդյունավետ Ազգային ժողով ունենալ, պիտի ապահովենք քաղաքական գործիչների կազմ, որոնց մեծ մասը դրսում են մնացել, եւ կարող եմ նաեւ թվարկել՝ բավականին փորձառու քաղաքական գործիչներ ուներ ՀՀՇ-ն, այդպիսիք էին նաեւ Վազգեն Մանուկյանը, Պարույր Հայրիկյանը, Կարապետ Ռուբինյանը, Արամ Մանուկյանը, Արա Սահակյանը, էլի կարող եմ թվարկել, հիմա նրանք պիտի լինեն այստեղ, եւ քննարկումները ավելի արդյունավետ կլինեն: Տարիների փորձը ցույց է տալիս, որ մենք երբեմն ստիպված ենք լինում մեր դերակատարումը տեսնել նաեւ որպես ընդդիմադիր, այսինքն՝ այդ ֆիլտրող քաղաքական ուժերը, որոնք մեր հասարակությանը պիտի ներկայացնեն խնդիրները, եւ դրան նաեւ մենք պիտի հետեւենք, երբեմն մենք ինքներս են այդ դերը կատարում»:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը պնդում է, որ մեծամասնականի տեղերը ժամանակի ընթացքում պակասեցնելու առաջին ջատագովները հենց հանրապետականներն էին. «Մեր կողմից է եղել առաջարկը, եւ այսօր անապացուցելի երեւույթ է, թե որը ավելի նպաստավոր կդարձնի ընտրությունները: Մեկ գործոն կա, որը ընտրությունները դարձնում է նպաստավոր՝ ընտրությունները պիտի լինեն արդար՝ ուզում է՝ մեծամասնական լինի, ուզում է համամասնական: Առավել եւս այն կուսակցությունները, որոնք տարածքներում ունեն հանրությանը ավելի մոտ կանգնած, երեւացող անձինք, նրանք պիտի պնդեն, որ մեծամասնականը շատ լինի: Ժամանակին, երբ քննարկում էինք «Ընտրական օրենսգիրքը», առավել ակտիվ էր Դաշնակցությունը, մասամբ՝ «Ժառանգությունը», եւ այդ ժամանակ արձագանքներ չէին ստանում արտախորհրդարանական ընդդիմություններից: Որպես արդեն ընտրական տարի՝ սա մի մեսիջ է՝ ուղղված քաղաքական դաշտին, որովհետեւ երեւի իրենք կարծում են, թե սա իրենց համար ռազմավարական նշանակություն կունենա: Մեզ համար ամեն ինչ հստակ է, մենք մեր որոշումը կայացրել ենք: Ընդդիմադիր այն ուժերը, որ պայքարում են համամասնականի համար, մի կողմից՝ պիտի իմանան՝ եթե իրենք տարածքներում աշխատած լինեին այնպես, ինչպես մենք ենք աշխատել, կունենային կուսակցության այնպիսի անդամներ կամ իրենց հարող այնպիսի անդամներ, որոնք կկարողանային հաղթահարել մեծամասնականի շեմը, եւ բնականաբար՝ այս վեճը չէր լինի: Առավել եւս՝ ամբողջական համամասնական դարձնելը կնշանակեր նաեւ Երեւան քաղաքի Ազգային ժողով»:
Կարդացեք նաև
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ