Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ժառանգության» եւ ՀՅԴ-ի նախաձեռնությունը թափ է հավաքում

Հունվար 14,2012 13:00

Երեկ այս եւ ընտրություններին առնչվող այլ հարցեր են քննարկել «Ժառանգությունն» ու «Ազատ դեմոկրատները»

Aravot.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան հանդիպել են «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ներկայացուցիչները: Հանդիպումը տեղի է ունեցել ղեկավար ներկայացուցիչների մակարդակով. ինչպես «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը երեկ ասաց aravot.am-ի հետ զրույցում, հանդիպմանը մասնակցել են «Ժառանգության» կողմից՝ ինքն ու կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, «Ազատ դեմոկրատներից»՝ Խաչատուր Քոքոբելյանն ու Արարատ Զուրաբյանը: Հանդիպման ընթացքում, մեր տեղեկություններով՝ քննարկել են «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի՝ ԱԺ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկի վերաբերյալ համատեղ հայտարարությունից բխող՝ օրենսդրական նախաձեռնությանն ու այդ համատեքստում համատեղ քայլերին առնչվող, ինչպես նաեւ այլ՝ խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր:

Ռուբեն Հակոբյանը, սակայն, հաստատեց մեր տեղեկության առաջին հատվածը եւ մասամբ՝ երկրորդը, այնքանով, որքանով համամասնական ընտրակարգին անցնելու նախաձեռնությունն ընդհանրապես առնչվում է առաջիկա ընտրություններին, բայցեւ հավելեց. «Իրենց («Ազատ դեմոկրատների») հետ մենք ճանապարհ ունենք անցնելու: Մենք պայմանավորվեցինք, որ կարող ենք  շարունակել մեր համագործակցությունը, քանի որ գաղափարաքաղաքական հարթության վրա բավականին լուրջ ընդհանրություններ ունենք: Բայց առաջիկայում քաղաքական ֆորում է լինելու, որտեղ կլինեն ե՛ւ նրանք, ե՛ւ բոլոր այն ուժերը, որոնք զորակցություն են հայտնել ՀՅԴ-ի հետ մեր համատեղ նախաձեռնությանը»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Զրուցեցինք նաեւ կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հետ: Վերջինս մեր հարցադրումներին ի պատասխան՝ ասաց. «Ընդհանրապես ամեն ինչ էլ քննարկվել է: Բայց մենք հանդիպում ենք բոլոր ուժերի հետ էլ, բոլոր այն ուժերի, որոնք իրենց աջակցությունն են հայտնել մեր համատեղ նախաձեռնությանը:  Սրանք սովորական աշխատանքային հանդիպումներ են, որոնք միշտ էլ լինում են»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ մեր ճշտող հարցին հավելելով, թե նման հանդիպում եղել է նաեւ ՀԱԿ-ի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների արդյունավետությանն անդրադառնալով՝ պատգամավորը կարծիք հայտնեց, թե արդյունք արդեն կա. «Դրանք այն հայտարարություններն են, որոնցով քաղաքական շատ ուժեր իրենց աջակցությունն են հայտնել «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի օրենսդրական նախաձեռնությանը»: Իսկ մնացածը, ըստ Մարտիրոսյանի, ժամանակի ընթացքում պարզ կլինի: Մեր հարցուփորձերին արձագանքելով՝ նա նաեւ հավելեց, թե այդ խնդրի շուրջ մասնավորապես «Ազատ դեմոկրատների» հետ քննարկել են ընդհանուր ռազմավարության մշակման հարցերը՝ միասնական քայլեր, դրանց հաջորդականությունը, որոնք, սակայն, դեռ քննարկման փուլում են: Ե՛վ Ռուբեն Հակոբյանը, ե՛ւ Արմեն Մարտիրոսյանը նախընտրեցին շրջանցել «Ազատ դեմոկրատների» հետ հնարավոր ավելի ընդգրկուն համագործակցության մասին մեր հարցադրումները:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավարների հետ խոսել երեկ մեզ չհաջողվեց, բայց կուսակցությունում նաեւ չժխտեցին այդ հանդիպման փաստը: Մեր հարցին, թե արդյոք խորհրդարանական ընդդիմության օրենսդրական նախաձեռնության շուրջ քննարկումներ եղե՞լ են նաեւ ՀՅԴ-ի հետ, մեզ պատասխանեցին, թե՝ ՀՅԴ-ի հետ անմիջական շփումներ առայժմ չեն եղել, բայց «Ժառանգության» կողմից միջնորդավորված տեսակետների փոխանակում եւ պայմանավորվածություններ եղել են:

Իսկ թե՝ հնարավո՞ր է, որ այս ուժերի միջեւ համագործակցությունն ավելի լուրջ համագործակցության դաշտ բացի նրանց համար, ընդհուպ մինչեւ ընտրական դաշինքների ձեւավորում, կուսակցությունում ասացին, թե քննարկվող կոնկրետ հարցը կարեւորում են, բայց միայն դա այն հարցը չէ, որի շուրջ հնարավոր է  ավելի լայն համագործակցության մասին խոսել: Փոխարենը, ըստ «Ազատ դեմոկրատների», կոնկրետ խնդրի շուրջ «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի նախաձեռնությունը պաշտպանած ուժերը դատապարտված են միասնական քայլեր անելու ու փորձում են անել:

Հիշեցնենք, որ օրերս «Ժառանգություն» եւ ՀՅԴ կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունները համատեղ օրենսդրական նախաձեռնության կարգով շրջանառության մեջ են դրել «Ընտրական օրենսգրքում», «Ազգային ժողովի կանոնակարգում», «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, որով առաջարկվում է անցնել խորհրդարանի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Երկու կուսակցությունների այս նախաձեռնությանն իրենց աջակցությունն են հայտնել ոչ միայն «Ազատ դեմոկրատները», այլեւ ՀԱԿ-ը, ՀՌԱԿ-ը, «Շրջադարձ» եւ Ժողովրդական,  Ազգային ժողովրդավարական Հայաստանի աշխատավորական սոցիալիստական, Միավորված աշխատանքային կուսակցությունները, նաեւ ՀԴԿ-ն ու քաղաքական եւ քաղաքացիական բազմաթիվ խմբեր ու մտավորականներ:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031