«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը վերջերս այնքան հուզեց ազգիս, որ այսօր այդ խաղի ժամանակ պաշտոնյաների ռուսերեն խոսելու հարցը հաստատ ավելի շատ է քննարկվում մամուլում, քան ղարաբաղյան հիմնախնդիրը: Չեմ պատրաստվում մասնակցել բանավեճին՝ արդյոք օրինակա՞ն է Հայաստանում հաղորդում հեռարձակել ռուսաց լեզվով: Իմ կարծիքով՝ այդ հարցի պատասխանը պետք է տա ՀՌԱՀ-ը, բայց այդ հանձնաժողովի 10 տարվա գործունեության միակ արդյունքը «Ա1+»-ին եթեր չթողնելն է, մնացածը ՀՌԱՀ-ին բացարձակապես չի հուզում:
Բայց եթե նույնիսկ խաղը ռուսաց լեզվով հեռարձակելը օրենքի կոպիտ խախտում է, ապա պետք է, հավանաբար, հաշվի առնել, որ այդ հաղորդումը եթեր է գնում տարին մի քանի անգամ: Իսկ, օրինակ, ռուսերեն կրկնօրինակված արտասահմանյան ֆիլմերը առանց օրենքի պահանջած համընթաց թարգմանության՝ տարբեր ալիքներով ցույց են տրվում ամեն օր, երբեմն օրը մի քանի անգամ, եւ ոչ ոք դրա դեմ, կարծես թե, չի ընդվզում: Եվ քանի որ խոսք գնաց լեզվի մասին, ապա արժե, երեւի, ուշադրություն դարձնել որոշ սերիալների լեզվին, որը իբր հայերեն է, բայց իրականում ժամանակակից ռաբիս «նովոյազ» է (եթե կիրառենք Ջորջ Օրուելի հայտնի վեպում հանդիպած եզրը): Այդ լեզուն գրագետ ռուսերենից հաստատ ավելի վատն է:
Ուզում եմ ասել՝ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղն այն օղակը չէ, որը պիտի շարժի հասարակության հատուկ զայրույթը: Այստեղ ի հայտ են գալիս մեր ժողովրդի, մեղմ ասած, ոչ ամենաանարժան զավակները, որոնք դրսեւորում են իրենց ոչ այնքան վատ հատկանիշները: Այնպես որ, կարելի է մեկ կամ երկու տարի սպասել, մինչեւ որ մեր ներկայացուցիչները բանակցեն խաղի սեփականատերերի հետ եւ, հուսանք, իրավունք ստանան խաղի տեղական փուլերն անցկացնել մեր պետական լեզվով:
Նույն համբերատարությունը ես, օրինակ, չէի դրսեւորի այն հաղորդման հանդեպ, որում հայաստանյան ինչ-որ անհայտ «ջունգլիներից» եկած տղաները երեք կանանց ներկայությամբ փորձում են «կապել» իրենց ինտելեկտին միանգամայն համապատասխանող աղջիկներին: Կամ գուցե հակառակը՝ այդ հաղորդման հերոսների լեզուն եւ մտածողությունն ինձ համար չափից դուրս խրթին են:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է բուն լեզվին, ապա ինձ թվում է, որ եկել է ժամանակը, երբ, ասենք, մեր հարգարժան քաղաքագետներ Ռիչարդ Կիրակոսյանը ու Ալեքսանդր Իսկանդարյանը իրենց ասուլիսներն ու հարցազրույցները տան մայրենի լեզվով՝ նրանք արդեն բավականաչափ երկար են ապրում Հայաստանում: Ինչի՞ համար է պետք, որ խելացի մարդիկ ելույթ ունենան հայերեն: Շատ պարզ՝ որպեսզի մշակվեն, բյուրեղանան հասարակական, գիտական ոլորտներում մեր լեզվական իրողությունները: Դա կօգնի նաեւ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը մեր պետական լեզվով անցկացնելուն:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ