Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից Aravot.am–ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 01.00-ի սահմաններում Երևանի Իսահակյան–Տերյան փողոցների խաչմերուկում «ԲՄՎ» մակնիշի 07 PO 007 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է «Տրոյա» տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի Տ4436 համարանիշի ավտոմեքենային։
Վթարի հետևանքով տաքսու ուղևորներ 29-ամյա Քրիստինե Եղիկյանը և 30-ամյա Էմմա Վարդանյանը դեպքի վայր ժամանած 1-03 ծառայության շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Տաքսի ավտոմեքենան վարել է 24-ամյա Գևորգ Փիրումյանը։
Վթարից հետո «ԲՄՎ»–ի վարորդն ավտոմեքենայի վրայից հանել է համարանիշները և դիմել փախուստի։
Կարդացեք նաև
Դեպքի վայր են ժամանել Երևանի ՃՈ աշխատակիցները։ Քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։ Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ–քննչական գործողություններ հայտնաբերելու համար «ԲՄՎ»–ի վարորդին։
Լուսանկարները` Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ