Այսօր՝ հունվարի 14-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գիշերը՝ ժամը 00.15-ի սահմաններում, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության հակաճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորք–Մարաշ վարչական շրջանի Հովսեփյան 5-րդ փողոցի վրա գտնվող թիվ 8/11 տան բակում։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության հակաճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են՝ «լավ ա, հրշեջները ժամանակին ժամանեցին, հակառակ դեպքում, ոչ թե 3 ավտոմեքենաներն էին վառվելու, այլ նաև մյուս 4 ավտոմեքենաներն էլ» ։ Կարճ ժամանակում հրշեջներին հաջողվեց մարել առաջացած կրակը։
Կարդացեք նաև
Ըստ հարևանների՝ տունը պատկանում է Ի. Աբգարյանին, իսկ բակում կայանված ավտոմեքենաներից վառվել էին «Մերսեդես» մակնիշի 24 ՍՏ 981, «Ինֆինիտի» մակնիշի 29 ՍՏ 025 և «Նիսսան քուեսթ» մակնիշի 26 ՕՏ 076 համարանիշի ավտոմեքենաները։ Դեպքի վայր էր ժամանել նաև ոստիկանության կենտրոնականի բաժնի Նորք Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ ոստիկանության Նորք Մարաշի բաժանմունքի պետի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնականի բաժնի Նորք Մարաշի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Սա այս տարվա 2-րդ դեպքն է, երբ Նորք Մարաշ վարչական շրջանում վառվում են թանկարժեք ավտոմեքենաներ։ Առաջին դեպքը տեղի էր ունեցել հունվարի 5-ի կեսգիշերին։ Ինչպես այն ժամանակ դեպքի վայրից aravot.am-ին հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արմենակյան փողոցի թիվ 228 տան հարակից ավտոտնակում այրվել էր «Տոյոտա Կորոլա» մակնիշի 600 ՕՍ 06, «Տոյոտա Պրադո» մակնիշի 60 ՕԼ 006 և «Պորշ Կայեն» մակնիշի 60 ՈՍ 006 համարանիշի ավտոմեքենաները։