Այսօր` հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23.00-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Գյառգյառ գյուղի հատվածում «Մերսեդես» մակնիշի 26 ՕՏ 223 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 40 մետր գլորվելով` հայտնվել Գյառգյառ գյուղի բնակիչներից մեկի տան բակում:
Վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի էլ տեղափոխվել հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Լոռու մարզի փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով փորձում են դուրս բերել մահացածի դին:
Կարդացեք նաև
Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ մահացածը Լոռու մարզի Մեղրուտ գյուղի բնակիչ է: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Ստեփանավանի քննչական բաժանմունքի քննիչը: Այս պահին ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-քննչական միջոցառումներ պարզելու համար մահացածի և վիրավորի ինքնությունը: