Լրահոս
Օրվա լրահոսը

Գետափցի կրիմինալի պատճառո՞վ պաշտոնազրկեցին Արթիկի քրեական բաժանմունքի պետին

Հունվար 13,2012 20:34

 

Լուկաշ Մինասյանը

Ոստիկանական մեր աղբյուրների փոխանցմամբ, Արթիկում հնչած կրակոցների պատճառով երեկ աշխատանքից ազատել են Արթիկի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արմեն Հակոբյանին:

Հիշեցնենք, որ 2 օր առաջ Շիրակի կրիմինալ դեմքերից մեկը` գետափցի Անուշավան Բաղդասարյանը, Արթիկում «ռազբորկայի» մեջ էր մտել ծառայության մեջ գտնվող 25-ամյա ոստիկան Լուկաշ Մինասյանի հետ` նրան փողոցից գողանալով, մեքենան գցելով ու տանելով իր ծանոթներից մեկի սրճարան: Անուշավան Բաղդասարյանն արթիկցի ոստիկանից պահանջել էր պատասխան տալ Ռուսաստանում գտնվող իր խաբեբա եղբոր փոխարեն, որը տարել, աշխատեցրել է իր եղբորը ու փողերը չի տվել:

Եվ մինչ հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ հարուցելով` փորձում է մեղավոր ու անմեղ զատել, վիրավոր Անուշավան Բաղդասարյանն էլ բուժում է ստանում Գյումրու Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում, այս պատմությունից տուժեց ոստիկանության պաշտոնյա, 3 երեխաների հայր Արմեն Հակոբյանը:

ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի ղեկավար Արմեն Մովսիսյանը մեզ փոխանցեց, որ Արթիկի քրեական բաժանմունքի պետն ազատվել է իր սեփական դիմումի համաձայն: Մինչդեռ, ոստիկանության մեր լավատեղյակ աղբյուրների փաստելով, նրան հարկադրել են հեռանալ համակարգից, քանի որ պաշտոնյան կապի մեջ է մտել գետափցի կրմինալների հետ: Ավելի հստակ, քրեական հեղինակության շրջապատը՝ զանգահարելով նրան, փորձել է բանակցել, հարցեր լուծել, հեռախոսազանգը թաքուն լսել են, ու նրան ստիպել հեռանալ աշխատանքից: Մեզ չհաջողվեց այս թեմայով զրուցել Արմեն Հակոբյանի հետ ու պարզել, թե իրականում այսպե՞ս է եղել: Նշենք, որ Արմեն Հակոբյանը բանակում ջրծաղիկով վարակված ու օրերս մահացած զինվորի`Հայկ Խաչատրյանի հորաքրոջ ամուսինն է:

Նրան պաշտոնազրկելու մասին փորձեցինք զրուցել նաև Արթիկի ոստիկանապետ Տիգրան Պետրոսյանի հետ: Վերջինս անմիջապես խորհուրդ տվեց զանգահարել ՀՀ ոստիկանության լրատվության վարչություն ու այնտեղից ճշտել: Նա անչափ վրդովվեց, նույնիսկ վիրավորվեց մեր հարցից` ասելով. «Նման բան չկա, ո՞նց կարող է ոստիկանապետը մոտ լինի քրեական հեղինակության հետ: Դուք էլ էթիկա պահեք, չի կարելի»: Եվ անջատեց հեռախոսը:

Ի դեպ, պտտվող խոսակցությունների համաձայն, քանի որ Անուշավանը մեծ հեղինակություն է վայելում շրջակա գյուղերում՝ Արթիկի ոստիկանապետին խոստացել է ԱԺ ընտրությունների ժամանակ օգնել նրա եղբորը` Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանին պատգամավոր դառնալու գործում: Դեռ մի քանի ամիս առաջ մենք անդրադարձել էին այս թեմային` անուն առ անուն փաստելով, թե ինչպես է Արթիկի ոստիկանապետը ՕԵԿ-ական դարձնում շրջակա գյուղերի գյուղապետերին` իր եղբոր համար ձայն ապահովելու ու ՕԵԿ-ի միջոցով խորհրդարան մտցնելու նպատակով: Սակայն նաեւ հավելենք, որ թե մեղրաշենցիների և թե մարզպետարանի պաշտոնյաների կարծիքով՝ ոստիկանապետի եղբայրը` Հունան Պետրոսյանն աշխատող գյուղապետ է:

Այս ամբողջ պատմության մեջ թերևս մի հարց է անհայտ մնում, եթե գետափցի Անուշավան Բաղդասարյանն ԱԺ պատգամավոր, Շիրակի մարզի ԲՀԿ-կառույցի ղեկավար Մարտուն Գրիգորյանի մտերիմն է, ապա ինչպե՞ս է ընտրությունների ժամանակ սատարելու ու խորհրդարան անցկացնելու Արթիկի ոստիկանապետի ՕԵԿ-ական եղբորը: Այս հարցը կարելի էր տալ Անուշավանին, եթե իհարկե, նա հիվանդանոցում ոստիկանների հատուկ հսկողության ներքո պառկած չլիներ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031