ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն այսօր Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի երեկվա հայտարարությանը, թե կապ չունի, որ կուսակցությունից ու ինչ հաստությամբ հանցագործների են բերման ենթարկում՝ ասաց. «Օրինակի համար ուրիշ կուսակցություններում հաստեր չկա՞ն: Մենակ մեր կուսակցությանը չէ՝ իրանց կուսակցությանն էլ կպավ, այսինքն հանրապետականներին: Հիմա մարդը մեղավո՞ր է, որ հաստ է, ֆիզիկական դիսկոմֆորտ ունի կամ ուղեղ չունի»:
Պատգամավորի խոսքերով, իրավիճակ խառնողները վերջին շրջանում անընդհատ շահարկում են ԲՀԿ-ական հանցագործների ձերբակալությունները. «Վիճակագրությամբ 100 տոկոս ձերբակալվածներից միայն 10 տոկոսն է , որոնք իբր թե ԲՀԿ անդամ են: Իրավիճակ խառնողները այն 90 տոկոսի մասին չեն խոսում, խոսում են 10 տոկոսի մասին ու թյուր կարծիք ստեղծում, թե ոստիկանությունն ընկել է ԲՀԿ-ի հետեւից: Բոլոր իրավիճակ խառնողները՝ այդ մանր մունր, զիբիլ քաղաքական ուժերը, երբեք խաղողը մռութին չհասնող ողորմելիներ են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ