Այսօր ՀՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչները քննարկում էին, թե որն է 2012-ի տնտեսական օրակարգը: Քննարկումը կազմակերպել էր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնը:
Իրենց ելույթների ընթացքում պարբերաբար պատգամավորները միմյանց դիտողություն էին անում, որ «լավ չեք հիշում», «մի քիչ հիշողություններդ թարմացրեք» եւ այլն: Խոսելով մենաշնորհներից` նույնիսկ ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը նշեց, որ մեր օրենսդրությամբ թույլատրվում է ունենալ գերիշխող դիրք. «Ով չի հիշում` կարող է շաքարի պակաս կա»:
Aravot.am-ը քննարկման մասնակիցներից հետաքրքրվեց` այն, որ բոլորդ վատ հիշողության մեջ եք մեղադրվում, արդյո՞ք դա նրանից չէ, որ այսօր շաքարավազի շուկան մեր երկրում մենաշնորհացված է եւ, շաքարավազի 1 կգ-ի գինն արդեն մոտենում է 500 դրամին` ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Խոսելով մեր երկրի շաքարային դիաբետի մասին, ասեմ, որ եթե այսպես մենաշնորհացված տնտեսություն ունենանք, շուտով ողջ ազգը կստանա շաքար եւ այսպես շաքար գնելու անհրաժեշտություն չի լինի»:
Կարդացեք նաև
Պարոն Այվազյանի դիտարկմամբ` «Հարեւան Վրաստանում շաքարավազն ավելի թանկ է, անկախ նրանից, որ մենք բերում ենք հենց այնտեղից: Ես ինքս ընդհանրապես դեմ եմ կենտրոնացմանը, որովհետեւ մոնոպոլիա հասկացողությունը երբ շուկայական գնի մեջ դրսեւորվում է իր ազդեցությամբ, ապա շուկայական գին չի ձեւավորվում: Դա մրցակցության համար 1 թշնամին է»:
ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը մեր հարցին պատասխանեց, որ Հայաստանում երկար ժամանակ շաքարավազն ավելի էժան էր, քան համաշխարհային շուկայում. «Դուք չմտածեք, թե Սամվել Ալեքսանյանը, որ բերում էր` մեծ բարեգործ էր, չէ: Բիզնեսում էդպիսի մարդիկ չեմ հավատում, որ կարող են բարեգործությամբ զբաղվել: Մենք ինֆորմացիա ունենք, որ ուղղակի Համաշխարհային բանկն է մեծ աղմուկ բարձրացրել, ուզել է հասկանալ` այս ի՞նչ է կատարվում, կապ ունե՞նք մենք համաշխարհային տնտեսության հետ, թե՞ չէ: Կարծիք հնչեց` թե ի՞նչ է եղել որ, լավ չի՞, թող ըտենց լինի, բայց մենք ապրանքները էժան գնենք: Եթե համաշխարհային շուկայի գներին համապատասխան ապրանքներ մտնեն մեր մոտ ու մրցակցություն լինի` գները կիջնեն: Գինը պետք է որոշենք մենք` սպառողներս, մենք դրանից էլ ենք զրկվել, երբ կարագը 800 դրամից դառնում է 5000 դրամ, բացատրություն կա՞ որեւէ տեղ, դա որոշում է երկրի առաջին մարդը, ուզում եք անուննե՞ր տամ` Սերժ Սարգսյանը, միանշանակ Մաքսայինի պետը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ