Այսօր Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնը ԱՄՆ ժողովրդավարական ինստիտուտի հետ համատեղ քննարկում էր կազմակերպել` պարզելու, թե կուսակցությունները 2012-ի համար ի՞նչ տնտեսական լուծումներ ունեն` ընտրողներին շահագրգռելու համար: Ըստ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի, «շուկան պետք է շնչի, բայց նաեւ չպետք է կուլ տա այնքան օդ, որ վիրուսների առաջացմանը նպաստի»: ՀՅԴ-ն առաջարկում է բացառել մենաշնորհները, ոչ թե պայքարել դրանց հետեւանքների դեմ:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Տաթեւիկ Ավետիսյանը խոստացավ այնպիսի դաշտ ստեղծել, որ նորաստեղծ կազմակերպությունները կարողանան աշխատել, ոչ թե հարկային լծի տակ մնալուց հետո դուրս գան շուկայից:
ՀԱԿ ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանի համոզմամբ` Հայաստանում տնտեսության բարեփոխումը 90%-ով կոռուպցիայի դեմ պայքարն է. «Մեր երկրում օրենքը գործում է ընտրովի, մեկի համար` մի ձեւ, մյուսի համար` այլ ձեւ: Մեր դժբախտությունների դժբախտությունը մաքսայինն է, նայում են, թե ներկրողի դեմքին ում նկարն ա խփած, կարեւորը` պաշտոնյաների նկարներով հանդես գա, եթե այդ նկարը համապատասխանում է իր մոտի եղած նկարին, նրա ապրանքը մաքսազերծում են X գնով, իսկ եթե չի համապատասխանում` մի քանի անգամ X գնով»:
Իսկ ՀՀԿ ներկայացուցիչ Վարդան Այվազյանի կարծիքով` իրենք ինչ հնարավոր էր` արել են ու անում են: Իշխանության հասցեին ուղղված մեղադրանքներին Վարդան Այվազյանը հակադարձեց. «Խորհուրդ կտայի բառերից չկախվել, կարող ա հանկարծ կախված մնաք»:
Կարդացեք նաև
Քննարկման ընթացքում բանավեճ սկսվեց հատկապես Վարդան Այվազյանի եւ Արծվիկ Մինասյանի միջեւ, որոնք սկսեցին ճշտել, թե իրենցից ով է սուտ խոսում, ում հիշողությունն է իրեն դավաճանում, ինչու է ներկայիս կառավարությունը 2 գնահատել Վարդան Այվազյանի աշխատանքը եւ այլն, որի մանրամասները` տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ