Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Փարսադանյան. «Ուրանի ծրագրի դեմ պայքարն ուժեղացնելու ճանապարհին հանդիպում ենք ֆինանսական դժվարությունների»

Հունվար 13,2012 16:55

«Առավոտի» զրուցակիցն է Սյունիքում գործող «Կայուն զարգացում» հ/կ նախագահ Արմեն Փարսադանյանը

Պարոն Փարսադանյան, անցած տարվա աշնանը, երբ Սյունիքի մարզի Լեռնաձոր վարչական տարածքում վերսկսվել էին ուրանի երկրաբանաորոնողական ուսումնասիրությունները, դուք Կապանում կազմակերպած քննարկման ժամանակ հայտարարել էիք, որ կուժեղացնեք ուրանի ծրագրի դեմ պայքարը, բայց մինչեւ օրս դեռ շոշափելի արդյունքներ չեն նկատվում:

 

-Ճիշտ եք նկատել, որ հասարակության մեջ շոշափելի աշխատանքներ չեն իրականացվում: Խնդիրը նրանում է, որ ինչքան էլ փորձում ենք կոծկել ու չանդրադառնալ այս թեմային, ընդհանուր գործն է տուժում: Խոսքը իհարկե նյութական, ֆինանսական հնարավորությունների մասին է: Շարժումն սկսելուց մինչ այժմ մենք մեր սեփական ֆինանսական սուղ միջոցներն ենք օգտագործել: Փառք Աստծո գտնվեցին նաեւ կապանցիներ, որոնք մեզ ֆինանսապես աջակցեցին կազմակերպելու հանրահավաքը: Բայց թող մեր խնդիրները չոգեւորեն կառավարությանը ու հանքարդյունաբերական որոշ ձեռնարկություններին: Մենք հետ չենք կանգնելու ոչ մի դեպքում, քանի որ մենք մեր հարազատների ու սերունդների կյանքից ու առողջությունից ավելի թանկ բան չունենք:

Այնուամենայնիվ հակաուրանյան շարժումը կշարունակի՞ իր ակտիվ գործունեությունը: Եթե այո, ապա ի՞նչ պլաններ ունեք առաջիկայի համար:

-Հիմա լայնածավալ ագիտացիոն աշխատանքների ենք պատրաստվում, հայտարարություններ, կարգախոսներ, վիդեոռոլիկներ, պաստառներ ենք պատրաստում: Այդ աշխատանքներին ակտիվորեն ներգրավված է տարածաշրջանի երիտասարդությունը: Պատրաստվում ենք բողոքի ակցիա իրականացնել, չի բացառվում, որ հերթական անգամ հանրահավաք կանցկացնենք: Նաեւ նախատեսում ենք ՀՀ նախագահին նամակով դիմել` ուրանի երկրաբանահետախուզական աշխատանքները դադարեցնելու պահանջով եւ չեղյալ համարել ոլորտին առընչվող բոլոր իրավական ակտերը:

Այնուամենայնիվ հասարակության շրջանում պասիվություն է նկատվում:

-Իմ խորին համոզմամբ հասարակությանը բնապահպանական խնդիրներին ներգրավելու անհրաժեշտություն կա, կասեմ ավելին` ուշացրել ենք: Հիմնականում իշխանությունները անտեսում են հանրության դիրքորոշումը այս գործընթացներում, երբեմն էլ հանրության իրազեկվածության ցածր մակարդակի արդյունքում կառավարությունը ու հանքարդյունաբերական կազմակերպությունները սահուն ձեւով են իրականացնում իրենց ծրագրերը: Կեղտոտ ջրում ձուկ որսալը ավելի հեշտ է: Եվ որպեսզի կարողանանք կանխել մեզ եւ մեր սերունդներին սպառնացող վտանգը, պետք է շրջակա միջավայրի պահպանության եւ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում բարձրացնել հասարակության իրազեկվածության մակարդակը: Ուստի մենք սկսել ենք ուսանողությանը, երիտասարդներին ակտիվորեն ներգրավել հակաուրանյան շարժմանը եւ ոչ միայն` բնապահպանական ցանկացած խնդիրներին վերաբերող միջոցառումներին: Հայաստանում ազգային անվտանգությանն սպառնացող խնդիրը միանշանակ մնում է ուրանի հանքերի հնարավոր շահագործումը: Սակայն կառավարութունը, որպես տնտեսական զարգացման գերակա ճյուղ, ընտրել է հանքարդյունաբերությունը եւ համատարած տարատեսակ հանքերի որոնողահետախուզական աշխատանքներ են ընթանում: Ուստի հասարակությունը պետք է զգոն լինի, իրազեկված եւ պատրաստ լինի պայքարելու այդ խնդիրների դեմ:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031