Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգար Օհանյանի գործով վկայի ցուցմունքներում կային էական հակասություններ

Հունվար 13,2012 16:31

Քիչ առաջ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ հետաձգվեց ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի, 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանի, ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժանմունքի պետ Արա Լեւոնյանի եւ բաժանմունքի տեխնիկ Սամվել Մախմուրյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Դատարան էին ներկայացել 4 վկաներ, որոնցից մեկը՝ Ժիրայր Կարապետյանը, ՃՈ իրավաբանական բաժնից է եւ ճանաչվել է տուժողի՝ ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչ: Նա հայտնեց, որ չի կարող որեւէ հանգամանքի մասին ասել, քանի որ չի եղել ծառայողական քննություն, որեէ փաստաթուղթ: Նա ծանոթ է միայն քրեական գործի նյութերին: Ինչ վերաբերում էր փոխհատուցման պահանջին, հայտարարեց, որ այս պահին այն պատրաստ չէ, եւ դատական ակտի վերջնական ավարտից հետո կներկայացվի:

Վկաներից՝ ՃՈ 1-ին սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Կարեն Օհանյանն ու ավագ սպա Արամ Սարգսյանը հայտնեցին, որ 15 օրը մեկ 350 լիտր վառելիք են ստացել տեխնիկ Սամվել Մախմուրյանից: Ստացված բենզինը բավականացրել է ծառայության գործունեությունն ապահովելու համար: Երբեւէ որեւէ մեկը զեկուցագիր չի գրել, չի դիմել չափաբաժնի վերաբերյալ: Նրանց ցուցմունքներում էական հակադրություններ չեղան: Բավական զվարճալի էր վկա Ստեփան Սեդրակյանի մուտքը դատարան: Նա անձը հաստատող որեւէ փաստաթուղթ չէր բերել, ու երբ դատավորը հարցրեց, ինչով ես եկել, պատասխանեց՝ «Գազելով»: Նա եղել է ՃՈ վաշտի հրամանատար: Վաշտը սպասարկել է Արարատի եւ Արմավիրի մարզին, ունեցել է 72 ծառայող, 32 ավտոմեքենա: Վկան նախապես հայտարարեց, թե չի կարող իր գրածը վերհիշել: Իսկ գրել էր հատուկ քննչական ծառայությունում՝ հարցաքննության եւ լրացուցիչ հարցաքննության ժամանակ: Նա տեղեկացրել էր, թե Ստեփան Կարախանյանից ստացել է 4-5 000 լիտր բենզին, եւ «Եղել է, որ ցույց ենք տվել 10 000, 12 000»: Դատարանի հարցին, ինչո՞ւ է գրել, պատասխանեց. «Չեմ հիշում ինչ թվեր են: Ասվել է՝ այսքան գրի, գրել եմ: Կարախանյանն էր ասում»: Վկան մարդկային նորմալ հարաբերություններ է ունեցել ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի հետ, անգամ մոմ են վառել եկեղեցում եւ սակայն Կարախանյանի պահանջի մասին նրան երբեք չի ասել: Դրանից հետո նրա հիշողությունն «ընդհատվեց»:

Էական հակասությունների պատճառաբանությամբ՝ դատախազ Հարություն Հարությունյանը միջնորդեց, որ հրապարակվեն այս վկայի անցյալ տարվա սեպտեմբերին եւ հոկտեմբերին տրված ցուցմունքները: Հրապարակվեց եւ վկան «հիշեց», որ Կարախանյանը, իրենց վաշտին հատկացրել է 4,5-5000 լիտր բենզին:

Մինչ վկայություն տալը, դատարանի հարցին, թե ինչ հարաբերություններ ունեք Ստեփան Կարախանյանի հետ, վկան պատասխանեց՝ նորմալ: Իսկ նախաքննության ժամանակ հայտնել էր՝ շատ լարված: Նրա մեկնաբանությունն այս կապակցությամբ ուշագրավ էր. «Կարող ա ծառայության ընթացքում լարվել ենք: Ինչ իմանամ»:

Հիշեցնենք, որ մինչ դատական գործընթացները՝ Մարգար Օհանյանը պետությանը պատճառած 197.003.060 ՀՀ դրամ գույքային վնասից հատուկ քննչական ծառայության դեպոզիտային հաշվին մուծել է 177.282.000 ՀՀ դրամ, իսկ Ստեփան Կարախանյանը հատուցել է պետությանը պատճառած 20.620.940 ՀՀ դրամ գույքային վնասն ամբողջությամբ:

Ի դեպ, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչը հետեւում էր Մարգար Օհանյանի գործով դատաքննությանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Տեսանյութը՝ «Հենարանի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031