Այս անգամ ժամադրվել էինք Հայաստանի հավաքականի և «Փյունիկի» ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանի հետ, ով երկար ժամանակ վնասվածքի պատճառով ֆուտբոլային հանդիպումներին չի մասնակցում: Հայ ֆուտբոլի երկրպագուները շատ են կարոտել նրան և ցանկանում են հնարավորինս շուտ տեսնել խաղադաշտում:
Դավիթ Մանոյանը հիշում է, թե ինչպես սկսեց հաճախել ֆուտբոլի պարապմունքներին. «Բակում խաղում էինք, հայրս կանչեց և որոշեց, որ տանի ինձ ֆուտբոլի: Ու ամեն ինչ այդտեղից սկսվեց»: Ժամանակին մեկ երազանք ուներ. «Որ լինի մեկը, ով ցանկանա ինձ նմանվել»: Կարծում է` այդ երազանքն արդեն կատարվել է: Պատմում է, որ հիվանդ ժամանակ փախչում, գնում էր ֆուտբոլի, երբ դասերը չէր անում, չէին թողնում տանից դուրս գար, Դավիթն էլ ստիպված դասերն էր պատրաստում: Մանկապարտեզում, երբ բոլորը քնում էին, ինքը նախավարժանք էր անում և սպասում հորը, որ պիտի գա ու տանի իրեն պարապմունքի. «Առաջին հարկից լսում էի մեքենայի բանալիների ձայնը, պայուսակս վերցնում էի, ասում ՝ ցտեսություն ու գնում, դայակներն ասում էին`սպասի, ի՞նչ իմացար, պապադ դեռ չի եկել, ուր ես գնում»: Երբեք չէր սխալվում: Հիշում է, երբ կյանքում առաջին և միակ անգամ գողությունն արեց. «Մեր հարևանի խանութ էի գնացել, ինչ-որ բան առա ու այնտեղ ծամոններ էին դրված, ինքը գնաց, չգիտես ինչի՞, որոշեցի մեկը վերցնեմ: Այդ ամբողջ օրը տխուր էի, մաման ասում էր ՝ ի՞նչ ա եղել: Հետո ուրիշ խանութից գնեցի, տարա տեղը դրեցի: Ոչ ոք չիմացավ»: Դպրոցում, երբ սկսում էր ծիծաղել, չէր կարողանում հանգստանալ, որի պատճառով էլ, պատահում էր, որ դասարանից դուրս էին հանում. «Դասղեկս, երբ բարկանում էր, ասում էր`ուղեղդ ոտքերիդ մեջ ա»: Իր մանկության ամենահիշվող հեքիաթը «Կացին ախպերն» է, հիշում է. «Եղբորս հետ, այդ հեքիաթը կարդալուց, շատ էինք ծիծաղում»:
«Կյանքում գլխավորը նպատակ ու երազանքներ ունենալն է»
Դավիթը կարծում է՝ կյանքում գլխավորը նպատակ ու երազանքներ ունենալն է և ամեն գնով դրանց հասնելը: Ինքն ասում է, որ կյանքում երբեք չի ընկճվի: Նրան հունից քիչ բան կարող է հանել. «Ծխող մարդը, ում ասում ես` մի՜ ծխիր, ու ինքը շարունակում ա ծխել»: Ֆուտբոլիստը կցանկանար թռչել, ջրի մեջ շնչել ու ձայն ունենալ. «Համերգներ չէի տա, բայց իմ և ընկերների համար կերգեի» : Երաժշտություն շատ է սիրում. «Գրեթե միշտ ականջակալը ականջներիս է: Հայկական երգեր շատ քիչ եմ լսում, երեւի մենակ Հայկոյին, Սպիտակցի չէ»: Աղջիկների բնավորության մեջ չի սիրում ամաչկոտությունը: Գրքեր կարդալ եւս շատ է սիրում, ասում է՝ ամենատպավորիչ գիրքը «Ռոբինզոն Կրուզոն» է. «Փոքր տարիքում եմ կարդացել: Չգիտեմ ինչի՞, էդ գրքի ամեն դրվագը հիշում եմ: Հիմա ինչ կարդում եմ, այդքան չի տպավորվում»:
Դավիթը իր բնավորության լավագույն գիծը համարում է այն, որ իր հետ միշտ ուրախ է, իսկ վատագույնը. «Չափից շատ ազնիվ եմ: «Չէ» չեմ կարողանում ասել»:
«Փյունիկի» ֆուտբոլիստին հաճախ կարելի է հանդիպել իր եղբոր, 4-ամյա Սուրենի հետ՝ փողոցում զբոսնելիս. «Ինքը, ինչ ծնվել ա, ես նրա կողքին եմ: Շատ-շատ եմ սիրում»: Դավիթը հիշում է. «Քայլում էինք Աբովյան փողոցով, մեր դիմացով աղջիկ էր անցնում, ասացի`Սուր, գնա հետեւին խփի, չէի մտածում, որ տենց շուտ կարձագանքեր, վազելով գնաց, գոռացի`Սուր մի՜ արա, բայց խփեց: Մոտեցա, ասացի` բա կարելի՞ ա, ներողություն խնդրի աղջկանից: Անմեղ հայացքով թեքվեց, ասեց՝ ի՜, բա դու ասեցիր: Մատնեց ինձ»:
Սուրենը եւս ցանկանում է ֆուտբոլիստ դառնալ`եղբոր նման:
Շվայնշտայգերը Դավիթ Մանոյանին ասել է, որ եթե մրցավարի սխալը չլիներ, Հայաստանի հավաքականը կհաղթեր
Դավիթ Մանոյանի այսօրվա ցանկությունը ֆուտբոլ խաղալն է, երկար ժամանակ է, ինչ վնասվածքի պատճառով չի կարողանում խաղալ: Ֆուտբոլիստը երկար ժամանակ բուժվել է Գերմանիայում: Երբ նոր էր տեղափոխվել այդ երկիր, ամեն ինչ այնքան էլ պարզ չէր իր համար. «Մետրոյին էի սպասում, եկավ, կանգնեց: Սպասում էի դռները բացվեն, տեսնում եմ`բոլոր դռները բացվել են, իմ կողմինը չէ: Մարդիկ, հետեւում կանգնած, սպասում էին ինձ: Հետո ինչ- որ կոճակ նկատեցի, հասկացա, որ պետք է սղմեմ, որ բացվի: Արդեն հետեւիցս ջղայնացած ուզում էին իրենք սեղմել, լավ ա շուտ գլխի ընկա» ,- ծիծաղելով հիշում է ֆուտբոլիստը:
Երբ մեկնել էր Համբուրգ՝ վիրահատության համար, բնակվում էր Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լեւոն Հայրապետյանի տանը, վիրահատությունից հետո՝ առավոտյան, Լեւոնը գնում է հիվանդանոց, որպեսզի միասին տուն վերադառնան. «Էդ պահին գնացի զուգարան, վերեւից ինչ-որ թել էր կախված, մտածեցի՝ օդափոխիչն ա, սկսեցի քաշել, ինձ թվաց`չի աշխատում: Մեկ էլ սկսեցին դուռը ծեծել, բացեցի՝ վախեցած բուժքույրն էր, Լեւոնն էլ զարմացած նայում էր»: Հետո պարզվեց՝ օգնության ազդանշանն էր. «Ու մի անգամ չեմ քաշել, անընդհատ քաշում էի»:
Դավիթը մի պատմություն էլ հիշեց. «Լեւոնի քրոջ հետ քայլում էի Համբուրգում, մի աղջիկ եկավ, ոնց որ ինձ գրկեր, չէի հասկանում, ձեռքը գցել ա ուսիս ու ինչ-որ բան ա ուզում ասի, զարմացած դեմքին էի նայում, ես էլ էի արդեն ուզում գրկել, սիրուն աղջիկ էր, հետո պարզվեց`շապիկիս պիտակն էր ուզում պոկել, մոռացել էի վրան»:
Երբ Մանոյանին բուժող բժշկի մոտ գերմանացի հայտնի ֆուտբոլիստներ էին գալիս, բժիշկն անպայման ֆուտբոլիստներին ծանոթացնում էր Դավիթի հետ: «Երբ Շվայնշտայգերը (Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիս- Լ. Ս.) ուսի վնասվածք էր ստացել, եկել էր, բժիշկս բերեց իմ սենյակ, խոսեցինք, ծանոթացանք» : Բժիշկն ասել էր, որ Մանոյանը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ է. «Շվայնշտայգերն ասաց, որ մեր խաղերը նայել ա, տեղյակ ա, շատ լավ էինք խաղացել, որ մրցավարի սխալը չլիներ, կհաղթեիք»:
Լիլիթ Սարգսյան