Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինտելեկտուալներն» ու իրենց ոչ ինտելեկտուալ բանավեճերը

Հունվար 13,2012 16:10

Մեղքս գալիս են իրենց «ինտելեկտուալ» համարող այն հայերը, որոնք հայերենը չեն սիրում, շատ դեպքերում գրական հայերեն գրել-կարդալ կամ անգամ խոսել էլ չեն կարող ու  իրենց թվում է, թե հայերենը բավականաչափ իտելեկտուալ լեզու չէ հերիք չէ, մյուսներին էլ շատ ինքնատիպ կերպով պարտադրում են հետեւել իրենց օրինակին:

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»  հեռուստախաղի հայկական տարբերակի գլխավոր պրոդյուսեր Կարեն Քոչարյանն Aravot.am-ի հետ զրույցում, արձագանքելով բուռն քննարկումների մասնակից դարձած ՀՅԴ պատգամավոր Լիլիթ Գալստյանի, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի, Լեզվի տեսչության պետ Սերգո Երիցյանի կարծիքներին, նրանց փոխանցեց միջազգային իրավագիտությամբ հաստատված հետեւյալ արտահայտությունը. «Այն, ինչ արգելված չէ օրենքով, ուրեմն թույլատրված է: Եթե իրենք խոսում են իրավական հարթության մեջ՝ ես նրանց հետ խոսում եմ իրենց լեզվով. ես այդ հաղորդումը պատրաստում եմ ազգային փոքրամասնությունների համար, հարցեր կա՞ն Լիլիթ Գալստյանից, Ստյոպա Սաֆարյանից, կամ Սերգո Երիցյանից, թող բացեն ու օրենք կարդան»:

Սա մեջբերում է  Aravot.am-ի հունվարի 13-ում տեղադրված հրապարակումից: Ու զարմանալին  այն է, որ նման պատասխանատու հայտարարություն անող հարգարժան Կարեն Քոչարյանը, թերեւս, իրեն նեղություն չի էլ տվել  դրանից առաջ բացել «Լեզվի մասին» ՀՀ օրենքը, որի 1-ին իսկ հոդվածով սահմանվում է ոչ միայն այն, որ  «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որը սպասարկում է հանրապետության կյանքի բոլոր ոլորտները», այլեւ որի 4-րդ հոդվածի` «Հաստատությունների լեզվական իրավունքները եւ պարտականությունները», «բ» կետում, ինչպես ասում են,  սեւով սպիտակի վրա գրված է`«բ) համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների և պաշտոնական ու հանրային միջոցառումների, հեռուստառադիոհաղորդումների ժամանակ ապահովել ոչ հայերեն ելույթների զուգահեռ հայերեն թարգմանությունը»: Իսկ նույն հոդվածի արդեն «գ» կետի վերջին պարբերությունում հատուկ ազգային փոքրամասնությունների համար այսպիսի շեշտում կա` «Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների կազմակերպություններն իրենց փաստաթղթերը, ձևաթղթերը, կնիքները ձևավորում են հայերեն` իրենց լեզվով զուգահեռ թարգմանությամբ»:

Ասել կուզեմ` «Լեզվի մասին» օրենքը բավարար չափով կարգավորում է ոչ միայն հեռուստատեսությամբ օտարալեզու կամ ոչ պետական լեզվով հաղորդումների հեռարձակման պայմանները, որի համար ազգային փոքրամասնությունների շահերը մեջտեղ բերելը, շատ մեղմ ասած, արդեն զավեշտական  է` իր չարչրկման աստճանով, այլեւ կարգավորում է փոքրամասնությունների իրավունքները:

Մյուս կողմից` եթե անգամ, ապրիօրի ընդունենք, թե` ոմանց համար ավելի հարազատ ու մայրենի դարձած  ռուսերեն լեզվով «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»  հեռուստախաղը հեռարձակվում է կոնկրետ դեպքում  Հայաստանում ազգային փոքրամասնություն դիտարկվող ռուսների համար, ապա հարց է ծագում` եթե որեւէ հաղորդում հեռարձակվեր, օրինակ` քրդերենով կամ ասորերենով, ուկրաիներենով կամ եբրայերեն կամ թե` օտարալեզու անգլերենով, մենք` ՀՀ մնացած քաղաքացիներս, որոնք չենք տիրապետում այդ լեզուներին չպիտի՞ հաղորդակից լինեինք այդ հաղորդումներին: Ե’վ  ողջամտությունը, ե’ւ մեր օրենքը ենթադրում են, որ այս հարցի պատասխանը «մեզ դա պիտի հասնակալի լինի»-ին է: Իսկ եթե դա այդպես է, եւ իսկապես այդպես է, ապա այդ ո՞ր  տրամաբանությամբ, իրավունքով ու օրենքի ուժով է, որ ռուսերեն լեզվով հեռարձակվող հաղորդումների դեպքում մենք պետք է  այն հասկանանք առանց զուգահեռ թարգմանության, օրենքով  մեզնից պահանջվող այդ ո՞ր պարտավորությամբ:

Ես եմ ու ռուսերեն լավ չեմ հասկանում, լեզվին բավարար չեմ տիրապետում` կարո՞ղ եմ, գոնե,  ռուսալեզու այդ խաղի  հեռուստադիտողը լինել, ինձ համար հասկանալի` իմ երկրի պետական լեզվով  լսել հարցերն ու դրանց պատասխաններն ու ավելացնել գիտելիքներիս պաշարը:

Մի խոսքով, որքան հասկանում եմ, խոսքը կոնկրետ դեպքում խնդիրը  ո’չ օրենքի անկատարությունն է, ո’չ էլ ինչ-որ լիցենզիոն ենթադրյալ պայմանավորվածություններ: Խնդիրը մեր լեզուն չսիրելու ու թերագնահատելու, օտարամոլության ու հատկապես շեշտված ռուսամոլության մեջ է: Շատ հաճախ երանի եմ տալիս նույն վրացիներին, որոնք ավելի արժանապատիվ ժողովուրդ գտնվեցին շատ առումներով եւ հենց պետական մակարդակով, քան  մենք ու մեզնից շատերը, այդ թվում` «ինտելեկտուալ» կորչվածները:  Ի վերջո, նույն վրացիներին ոչինչ չխանգարեց ունենալ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»  հեռուստախաղ` վրացական տարբերակով. հա’մ հաճելի է, հա’մ  ուսանելի, հա’մ արժանապատիվ: Մնացածը` կոնկրետ Կարեն Քոչարյանի եւ օրենքի ոտնահարումը պաշտպանող մյուսների լուրջ ու իտելեկտուալ դեմքով արվող հայտարարությունները,  ուղղակի էժանագին «կռուտիտներ» են: Զզվելի է:

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031