Օրերս Aravot.am-ն ականատես եղավ, թե ինչպես են երեկոյան ժամերին Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցներն ակտիվ պայքար մղում չլիցենզավորված Ձմեռ պապերի ու Ձյունանուշների դեմ՝ նրանց վտարելով տարածքից: «Ծիծակ» կոշիկներով, առանց մորուքի, թափթփված հագնված Ձմեռ պապերն ու գլխարկի տակից երեւացող սեւ մազերով, բայց շիկահեր հյուսքով Ձյունանուշները, տոնական այս օրերին, հավաքվելով մասնավորապես Հանրապետության հրապարակում, «չամռվում» են ծնողներին ու մանուկներին՝ առաջարկելով իրենց հետ փողով նկարվել կամ երեխաների համար նվեր-տոպրակ գնել:
Թաղային համայնքի աշխատակիցներն արդեն հագուկապից հասկանում էին՝ ով լիցենզիա ունի, ով՝ ոչ: Տարածքում շրջելու իրավունք ունեին միայն այն Ձմեռ պապ-ձյունանուշները, որոնք քաղաքապետարանի կողմից ունեին համապատասխան թույլտվություն: Նշենք, որ Նոր տարվա նախաշեմին Երեւանի քաղաքապետարանը լիցենզավորեց միայն նրանց, որոնք համապատասխանում էին ձմռան այդ հերոսների իրական կերպարին: Լիցենզավորող հանձնաժողովն անգամ հաշվի էր առել Ձմեռ պապի ձայնային տվյալները՝ թավ է, թե սովորական, որպեսզի երեխաները թերահավատորեն չվերաբերվեն Ամանորի այդ խորհրդանիշներին ու հուսախաբ չլինեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
Կարդացեք նաև