Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարին, պատգամավորին ու գործարարին անտիտղոս թողեցին

Հունվար 13,2012 14:21

Մրցանակաբաշխություններն այսօր ուրույն տեղ են գրավում արագ զարգացող հասարակություններում: Դրանք բազմաթիվ են ու բազմազան. կազմակերպվում են գրեթե բոլոր ոլորտներում՝ կրթություն, գիտություն, մշակույթ, տնտեսություն, քաղաքականություն, սպորտ եւ այլն: Սակայն ինչպիսին էլ լինի մրցանակաբաշխությունը, միշտ էլ առավել ուշագրավ է լինում «Տարվա մարդ», «Տարվա կին» տիտղոսներ սահմանելը:

Անցյալ՝ 2011 թվականի ընթացքում «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» հ/կ-ն մեծ ուշադրությամբ հետեւում էր տարբեր ոլորտներում աշխատող հայ կանանց գործունեությանը: Ծրագրի կարեւոր մասն էր հանդիսանում նաեւ մամուլի (ինչպես հայալեզու, այնպես էլ ռուսալեզու) եւ սոցիալական ցանցերի քննարկումների պարբերական մոնիտորինգը: Հիմնվելով ողջ տարվա ընթացքում իրենց գործունեության եւ հայ հասարակության զարգացման գործընթացում իրենց չափաբաժինն ունենալու վրա՝ 2011 թվականի դեկտեմբերին առաջադրվեցին «Տարվա կին» տիտղոսին հավակնող թեկնածու կանայք: Հատուկ այս նպատակով ստեղծված հեղինակավոր ժյուրին (մրցույթի պահանջներից ելնելով՝ ժյուրիի անդամների անունները հրապարակել չենք կարող, քանի որ անուններն առաջինը իրավունք ունի հրապարակել «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» հ/կ-ն, ինչն էլ կարվի առաջիկայում), որի կազմում են եղել մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության, գիտության ոլորտի ներկայացուցիչներ, միջազգային կառույցների փորձագետներ՝ առաջադրված թեկնածուներից ընտրեց լավագույնին: Թեեւ ժյուրիի բոլոր անդամները խոստովանում էին, որ դժվար էր առանձնացնել որեւէ մեկին, այնուամենայնիվ, միաձայն քվեարկությամբ՝ 2011 թվականի «Տարվա կին» տիտղոսին արժանացավ «Ռադիո Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը:

Ժյուրիի անդամները հատկապես բարձր գնահատեցին տիկին Արեւշատյանի մասնագիտական գործունեությունը, նրա արհեստավարժ մոտեցումները ցանկացած հարցին, խնդիրներին լուծումներ տալու յուրօրինակ գործելաոճը, հարգանքի արժանի հավասարակշռված դիվանագիտությունը, ինչպես նաեւ նրա կողմից ստեղծված դինամիկ աճող բիզնեսի ճիշտ կառավարումը եւ արհեստավարժ աշխատանքային խմբի զարգացումը:

Նշենք, որ «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» հ/կ-ի կողմից իրականցվող մրցանակաբաշխությունն ուներ նաեւ իր նորարարական մոտեցումները: Ժյուրիի քվեարկությանը զուգահեռ՝ իրականացվեց քվեարկություն նաեւ սոցիալական ցանցերում: Կազմակերպությունը նաեւ իր ֆեյսբուքյան էջում կազմակերպեց քվեարկություն, ընդ որում՝ հնարավորություն էր ընձեռված արդեն իսկ առաջադրված թեկնածուների ցուցակին ավելացնել նաեւ այն թեկնածուի անունը, ով, ըստ քվեարկողների, արժանի էր հավակնել «Տարվա կին» տիտղոսին:

Ինչպես եւ ակնկալվում էր, եղան նաեւ այսպիսի թեկնածուների առաջադրումներ, օրինակ` ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանի, գործարար Սիլվա Համբարձումյանի, լրագրող Ցվետանա Պասկալեւայի եւ այլոց թեկնածություններ:

Ողջ դեկտեմբեր ամսվա ընթացքում իրականացված առցանց քվեարկությանը ներգրավվեցին հազարավոր մասնակիցներ եւ արդյունքում ակնհայտ առաջատար ճանաչվեց, «Տարվա կին» տիտղոսին արժանացավ Մարիամ Սուխուդյանը, նույն ինքը՝ Մարիամախոտ Թեղուտի Սուխուդյանը: Ըստ քվեարկողների կարծիքների՝ իր բնապահպանական քարոզարշավներով աչքի ընկած եւ Հայաստանի բնաշխարհի պաշտպանությանն իրեն նվիրած այս կնոջ գործունեությունն առավել քան արժանի է նման բարձր գնահատանքի:

Ե. ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031