Վաղը Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում մեկնարկում է 2012 թվականի շախմատային անդրանիկ գերմրցաշարը, որն արդեն երկրորդ տարին անցկացվում է հովանավորի՝ «Tata Steel»-ի անվան ներքո:
Նախօրեին կազմակերպիչները հրապարակել են մի քանի հետաքրքիր տեղեկություններ: Մասնավորապես, մրցաշարի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այս փառատոնը հավաքել է անցկացման պատմության մեջ ամենաուժեղ կազմը՝ անգամ աշխարհի գործող չեմպիոն, հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի եւ ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երրորդ հորիզոնականն զբաղեցնող ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկի բացակայության դեպքում: Այս երկու գերհսկաների բացակայությունը փառատոնի միջին վարկանիշի վրա, որը 2752 է, այնքան էլ չի ազդել, քանի որ նրանց փոխարեն խաղատախտակի առջեւ նստելու են շախմատի աշխարհի թագի հավակնորդ Բորիս Գելֆանդը (Իսրայել) եւ մեր ժամանակների մեծագույն շախմատիստներից՝ Վեսելին Տոպալովը (Բուլղարիա): Փառատոնի կայքէջը տեղեկացնում է նաեւ, որ պատմության մեջ առաջին անգամ Վեյկ-ան-Զեեում միաժամանակ հանդես են գալու ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման ցուցակի 15 առաջատարներից 10-ը:
Ինչպես հայտնի է, «Tata Steel»-ի տղամարդկանց երրորդ խմբում հանդես է գալու նաեւ Հայաստանի լավագույն շախմատիստուհի, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը: Այս խմբի մրցաշարը մեկնարկելու է արդեն այսօր: Դրա համար էլ վիճակահանությունը կայանալու էր երեկ, երբ Երեւանում արդեն ուշ երեկո էր: