Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը կայացան շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի տղամարդկանց՝ 72-րդ եւ կանանց՝ 67-րդ առաջնությունների երկրորդ տուրի հանդիպումները: Տղամարդկանց միցաշարում երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց ամենափորձառու մասնակիցը՝ հանրապետության 6-ակի չեմպիոն, գրոսմայստեր Արտաշես Մինասյանը: Նա սեւերով առավելության հասավ գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանի նկատմամբ եւ 2,0 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Մյուս պարտիաներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Զավեն Անդրիասյան-Կարեն Գրիգորյան՝ 1:0, Տիգրան Լ.Պետրոսյան-Ավետիք Գրիգորյան՝ 1:0, Հրանտ Մելքումյան-Ռոբերտ Հովհաննիսյան՝ 1:0, Հրայր Սիմոնյան-Սամվել Տեր-Սահակյան՝ 1/2: Երրորդ տուրից առաջ Սամվել Տեր-Սահակյանն ու Զավեն Անդրիասյանը 1,5-ական միավորով բաժանում են 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները: Աղջիկների պայքարում 100%-անոց արդյունքով է մեկնարկել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նորաթուխ անդամներից մեկը՝ կանանց միջազգային գրոսմայստեր Մարիա Կուրսովան, որը նույնպես 2,0 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տուրում Նարինե Գասպարյանն ու Եվգենյա Դոլուխանովան, Աննա Հայրապետյանն ու Անահիտ Խառատյանը, Լիա Մարտիրոսյանն ու Լիանա Աղաբեկյանը բաժանեցին միավորը, Շուշաննա Սարգսյանը հաղթեց Նաիրա Մովսիսյանին, Հասմիկ Ղամբարյանը՝ Մարիա Գեւորգյանին, Մարիա Կուրսովան՝ Նելլի Աղինյանին: Երկրորդ տուրից հետո առաջատարին կես միավոր զիջում են Լիանա Աղաբեկյանը, Լիա Մարտիրոսյանը եւ Աննա Հայրապետյանը: Այսօր երկու առաջնություններում էլ մասնակիցները խաղատախտակների առջեւ կնստեն երրորդ անգամ:
«Առավոտ» օրաթերթ