Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հեռուն ման եկան՝ մոտիկ գտան

Հունվար 13,2012 13:57

Կամ՝ բարդագույն հարցի պարզագույն լուծումը

2008թ. օգոստոսի 16-ից, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանի հեռանալուց հետո, հանրապետության գլխավոր թատրոնը մնացել էր առանց գեղարվեստական կառավարման: Այս քայլը բացատրվում էր «ազատ բեմ» ստեղծելու գաղափարով: Սկսվեց ռեժիսորների հոսք, որը վերածվեց քննության, քանի որ այս ժամանակահատվածում բեմադրություններ իրականացնողները (բեմադրիչներ՝ Վահան Բադալյան, Արմեն Էլբակյան, Արմեն Մազմանյան), ըստ էության, յուրովի պայքարում էին թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնի համար:

Վերջապես երեկ Մայր թատրոնի տնօրեն Ստեփան Դավթյանը կոլեկտիվին ներկայացրեց բեմադրիչ Տիգրան Գասպարյանին՝ ոչ թե գեղարվեստական ղեկավարի, այլ գլխավոր ռեժիսորի պաշտոնում: Այս առիթով «Առավոտի» հետաքրքրությանը պարոն Դավթյանը նախ ասաց, որ Տ. Գասպարյանը իբրեւ թատրոնի գլխավոր ռեժիսոր հրամանագրված է հունվարի 9-ից, հետո էլ հայտնեց հետեւյալը. «Մեր կանոնադրությամբ՝ գեղարվեստական ղեկավարի հաստիք չկա: Կարծում եմ՝ դե ֆակտո գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորը նույնն են»: Հավելեց նաեւ, որ ինքը համակարծիք լինելով առաջատար դերասանների հետ, մշակույթի նախարարին ներկայացրել է Գասպարյանի թեկնածությունը՝ ստանալով նրա համաձայնությունը:

Հիշեցնենք, որ 90-ամյա Մայր թատրոնի գեղարվեստական ղեկավարներ են եղել Վաղարշ Վաղարշյանը, Խորեն Աբրահամյանը, Վահե Շահվերդյանը (Խ. Աբրահամյանը՝ նաեւ գլխավոր ռեժիսոր), իսկ գլխավոր ռեժիսորներ՝ Լեւոն Քալանթարը, Արմեն Գուլակյանը, Վարդան Աճեմյանը, Հրաչյա Ղափլանյանը: Գեղարվեստական ղեկավարի ֆունկցիան շատ ավելի համապարփակ է, քանի որ այն պատասխանատու է նաեւ թատրոնի գեղարվեստական քաղաքականության համար, իսկ գլխավոր ռեժիսորը հետեւում է նոր բեմադրությունների ստեղծմանն ու ինքն էլ իրականացնում բեմադրություններ:

Մեզ հետ զրույցում նորանշանակ գլխավոր ռեժիսորն ասաց, որ Մայր թատրոնում առաջին աշխատանքը, որը իր դիպլոմայինն էր (ավարտել է Մարատ Մարինոսյանի արվեստանոցը), Բուլգակովի «Մոլիերի կյանքն» է եղել (1984թ.), ապա հաջորդել են Պ. Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս», Դոստոեւսկու «Ոճիր եւ պատիժ», Քամյուի «Կալիգուլա», Բրեխտի «Կովկասյան կավճե շրջան» եւ այլ բեմադրություններ: Հայաստանյան թատրոնների խաղացանկում ամենաերկարակյացներից մեկը համարվում է «Ոտքի, դատարանն է գալիս» ներկայացումը, որը 1988-ից թատրոնի խաղացանկում է: Մեր զրուցակիցը հիշեց ժամանակին իրեն ուղղված անվանի բեմադրիչ Հրաչյա Ղափլանյանի խոսքերը՝ «Եթե ընդհանրապես ուզում ես կայանալ իբրեւ ռեժիսոր, հիշիր՝ միմիայն կոլեկտիվիդ շնորհիվ կարող ես, սիրիր բեմի բանվորից մինչեւ դերասան. թատրոնում երկրորդական մարդիկ չկան»: Շարունակելով խոսքը, Տիգրան Գասպարյանն ասաց. «Ես այս օրգանիզմի մի մասնիկը լինելով, փաստորեն, ոչ միայն կայացա, այլեւ գնահատվեցի»: Ստեղծագործական առաջիկա պլանների մասին խոսելիս նա տեղեկացրեց, որ օրերս սկսելու է Շեքսպիրի «Ջոն արքա» ողբերգության փորձերը, գարնանը՝ պրեմիերայից հետո, այն մայիսին կներկայացնի Լոնդոնի «Գլոբուս» հանրահայտ թատրոնում անցկացվելիք շեքսպիրյան ամենամյա փառատոնի շրջանակներում: Ռեժիսորը պատրաստվում է նաեւ այս տարի Մայր թատրոնի 90-ամյակին եւ 2015թ.՝ Եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ բեմ բարձրացնել Պերճ Զեյթունցյանի «100 տարի անց» պիեսը:

Հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է ստիպել նկարահանվել «Դժբախտ երջանկություն» եւ «Հրեշտակների դպրոցը» սերիալներում: Տիգրան Գասպարյանը ժպտալով պատասխանեց. «Ես դրա համար դիպլոմ եմ ստացել»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031