Լրահոս
Օրվա լրահոսը

«Բոլոնյան» մարտահրավերներ

Հունվար 13,2012 13:54

Կամ՝ ինչպես տեղայնացնել հայկական մենտալիտետը եվրոպական կրթական տարածքում

Մի քանի հարյուրամյա համալսարանական կրթության հարուստ ավանդույթներ ունեցող Եվրոպայում մինչ այժմ էլ առկա են Բոլոնիայի գործընթացի իրագործման դժվարություններ: Ի սկզբանե թվում էր, թե Բոլոնիայի գործընթացի մեկնարկից տասը տարի անց արդեն ավարտին կհասցվեր բարձրագույն կրթության եվրոպական տարածքի ձեւավորումը եւ խնդիրներ չէին առաջանա կրթական բարեփոխումների հիմնարար սկզբունքների կիրարկման ոլորտում: Սակայն փորձը ցույց տվեց, որ մինչ այժմ էլ առկա են բազում հիմնահարցեր նշված ոլորտում եւ պատահական չէ, որ ձեւավորված իրավիճակից ելնելով՝ 2012թ. ապրիլի 26-27-ը Բուխարեստում կայանալիք նախարարների կոնֆերանսում քննարկվելու է Բոլոնիայի քաղաքականության հետագա ընթացքը:

Նման իրավիճակ է ձեւավորվել նաեւ  մեր հանրապետությունում: Չնայած այն հանգամանքին, որ արդեն իսկ գործողության մեջ է դրվել «ՀՀ կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագիրը», 2011թ. հաստատվել է բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարությունը, 2011թ. ընդունվել է Հայաստանի կրթական որակավորումների ազգային շրջանակը, այնուհանդերձ, Բոլոնիայի գործընթացի ներքո կրթական բարեփոխումները իրենց լուծումներին են սպասում մի շարք ուղղություններով:

Ինչպես ցանկացած բարեփոխում, այնպես էլ համալսարանական համակարգային վերափոխումները կարիք ունեն ֆինանսական աջակցության: Կազմակերպելով ուսանողակենտրոն ուսուցում եւ կրճատելով լսարանային ժամերը՝ անհրաժեշտ ակադեմիական ենթակառուցվածքներ են ստեղծվում, որպեսզի ուսանողը «չհայտնվի փողոցում» եւ իր զբաղվածությունն ապահովվի համալսարանական տանիքի ներքո: Ցավոք, հայրենական բուհերը դեռեւս չունեն այնպիսի նյութատեխնիկական բազա, որը թույլ կտար ուսանողությանը դասերից հետո ամբողջական ընդգրկելու բուհական միջավայրում: Լիարժեք չէ բուհական գրադարանային ֆոնդը, ուսումնական եւ համակարգչային լաբորատորիաների հագեցվածությունը:

Նման խնդիրները չեն կարող ամբողջական լուծում ստանալ միայն պետական ֆինանսավորմամբ: Ամբողջ աշխարհում ընդունված է համալսարանական ծախսերի էական մասի ֆինանսավորման աջակցությունը Հոգաբարձուների խորհրդի կողմից, սակայն մեր իրականությունում բուհի կառավարման խորհուրդը նման հարցերով առավել հետաքրքրված չէ եւ պարզապես ակտիվանում է միայն ռեկտորի ընտրության ժամանակահատվածում կամ էլ հավաքվում է տարին մեկ անգամ՝ հաստատության հաշվետվության ժամանակ:

Համեմատության եզրեր անցկացնելով հայաստանցի ուսանողության եւ  արեւմտյան երկրներում ուսանող երիտասարդների առօրյայի միջեւ՝ պետք է նշենք, որ մեր հանրապետությունում բավական պասիվ վարքագիծ ունի արտալսարանային ուսանողական կյանքը: Արդյունքում, դասերից հետո, որպես կանոն, ուսանողությունը անմիջապես լքում է համալսարանական տարածքը, քանի որ վերջինս պատշաճ գրավչություն չի ապահովում ո՛չ իր սպորտային եւ  ո՛չ էլ ակադեմիական ենթակառուցվածքների (գրադարաններ, ինտերնետ սրճարաններ, փորձարարական լաբորատորիաներ եւ այլն) առումով:

Պատճառներից մեկն էլ, թերեւս, բուհերում համապատասխան խորհրդատվական օղակների բացակայությունն է: Այնինչ, դրա գոյությունը թույլ կտար ուսանողների շրջանում բաց հարցեր չթողնելու, տեղեկացված լինելու ցանկացած խնդրի մասին, որն առնչվում է ընդհանրապես Բոլոնիայի գործընթացին եւ, մասնավորապես՝ բուհում իրականացվող քայլերին:

Ազգային մտածելակերպը մեր հանրապետության բուհական համակարգում դեռեւս ակադեմիական ազատությունների ընդլայնման զսպաշապիկ է հանդիսանում: Ավանդաբար հայազգի ուսանողությունը օտարված է եղել բուհերում վարչակառավարչական որոշումների կայացման գործընթացից, եւ անգամ հիմա, երբ օրենսդրորեն արձանագրվել է ուսանողության ակտիվ մասնակցությունը բուհի կառավարման օղակներում, դեռեւս նկատվում է պասիվություն: Կարծում ենք, որ որոշակի ժամանակ է պահանջվում՝ ուսանողության շրջանում ակադեմիական «ազատամտության» այդ հոգեբանական բարդույթի հաղթահարման համար: Մյուս կողմից, պրոֆեսորադասախոսական անձնակազմը նույնպես լիովին պատրաստ չէ ուսանողությանը գործընկեր ընդունելու՝ բուհի կառավարման համակարգում: Դրան նպաստում է ոչ միայն հայ երիտասարդի «երկչոտ կեցվածքը», այլեւ դասախոսների շրջանում ավանդաբար ձեւավորված այն հոգեկերտվածքը, որ ուսումնական ծառայությունների մատուցման գործընթացում ուսանողը, թերեւս, զուտ սովորողի դերում է եւ  ոչ թե նաեւ  մասնակից՝ բուհի կառավարման գործընթացներին:

Շատ կցանկանայի, որ 2012-ին մեր հանրապետությունում վերջապես ձեւավորվեին նպաստավոր պայմաններ բուհական համակարգում Բոլոնիայի գործընթացի թվարկված խոչընդոտների հաղթահարման ուղղությամբ. մանավանդ, երբ ինքներս ենք ներկայումս հանդես գալիս բարձրագույն կրթության եվրոպական միասնական տարածքի ճարտարապետության կերտողների դերում:

ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ

տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031