Լրահոս
Օրվա լրահոսը

Սուտ մատնությունը պետք է անպատիժ չմնա

Հունվար 13,2012 13:49

Անցյալ տարվա նոյեմբերի 15-ին Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը կայացրեց որոշում՝ Մարուսյա Դանիելյանի բողոքը մերժելու մասին:

Մարուսյա Դանիելյանի դուստրը՝ Արեւիկ Ասրիյանը, եւ նրա շահերը ներկայացնող փաստաբան Գեւորգ Գեւորգյանը  2010թ. հուլիսի 14-ին դիմում-հաղորդում էին ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ ոստիկանապետին՝ Մարուսյա Դանիելյանին մեղադրելով խարդախության եղանակով իր դստերը պատկանող Մասիսի շրջանի Նորաբաց գյուղում գտնվող անշարժ գույքին՝ 800 քմ տնամերձ հողամասին եւ բնակելի տանը տիրանալու, ինչպես նաեւ փաստաթղթեր կեղծելու մեջ:

ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում նախապատրաստված նյութերով 18.08.2010թ. կայացվել էր որոշում քրեական գործի հարուցումը մերժելու մասին՝ հանցադեպի բացակայության պատճառով:

Իր դեմ ներկայացված անհիմն մեղադրանքները, իր եւ դստեր միջեւ առկա քաղաքացիական վեճով փաստաբան Գ. Գեւորգյանի կողմից դատարան կեղծ փաստաթղթեր ներկայացրած լինելու փաստերը հաշվի առնելով՝ Մարուսյա Դանիելյանը պահանջել է սուտ մատնության եւ քաղաքացիական գործով ապացույցներ կեղծելու հատկանիշներով քրեական գործ հարուցել Արեւիկ Ասրիյանի եւ Գեւորգ Գեւորգյանի նկատմամբ: Իրավապահ մարմինների կողմից սուտ մատնության հատկանիշներով Արեւիկ Ասրիյանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել՝ համաներում կիրառելու հիմքով, իսկ փաստաբան Գեւորգ Գեւորգյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվել՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Քրեական հետապնդում իրականացնող մարմնի գործողությունները Մարուսյա Դանիելյանի կողմից բողոքարկվել է դատարան:

Արեւիկ Ասրիյանի մասով կիրառվել է համաներման ակտ, քանի որ քրեական հետապնդման մարմնի կողմից ենթադրվել է, որ արարքը, որը կատարվել է Ասրիյանի կողմից, համապատասխանում է ՀՀ քրօրի  333-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին, ինչի համար որպես պատիժ նախատեսված է մինչեւ 1 տարի ազատազրկում, ինչպիսի հանգամանքը հնարավոր է դարձնում 2 տարվա համաներման ակտի կիրառումը: Գործի հանգամանքներից ակնհայտ է, որ Ա. Ասրիյանն ու Գ. Գեւորգյանը Մ. Դանիելյանին մեղադրել են 800քմ տնամերձ հողամաս, երկու սենյականոց բնակելի տուն եւ օժանդակ շինություն խարդախությամբ հափշտակելու մեջ: Այսինքն՝ հիշյալ անձինք Մ. Դանիելյանին մեղադրել են խաբեությամբ, վստահությունը չարաշահելու միջոցով ոչ թե ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակության, այլ կապված տվյալ գույքի արժեքից՝ խոշոր կամ առանձնապես խոշոր չափով գույքի հափշտակության մեջ: Այսպիսով, կախված գույքի շուկայական արժեքից, Ա. Ասրիյանն ու Գ. Գեւորգյանը Մ. Դանիելյանին մեղադրել են ՀՀ քրօրի 178-րդ հոդվածի 2-րդ, իսկ որ ավելի հավանական է՝ 3-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ: Հանցագործության տվյալ տեսակի համար, համաձայն ՀՀ քրօրի 175-րդ հոդվածի 4-րդ մասի, հափշտակության խոշոր չափ է սահմանվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի  հինգհարյուրապատիկից երեքհազարապատիկը չգերազանցող գումարը (արժեքը), իսկ առանձնապես խոշոր չափերով հափշտակությունը` նվազագույն աշխատավարձի երեքհազարապատիկը գերազանցող գումարը: Այսինքն, տվյալ պարագայում, ակնհայտ է, որ 800 քմ հողամասի, բնակելի տան եւ օժանդակ շինության հափշտակությունը արդեն իսկ տեղավորվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի սահմաններում, քանի որ հիշյալ գույքերի շուկայական արժեքը չի կարող պակաս լինել 3 միլիոն դրամից: Եթե իրավապահ մարմինների կողմից հաշվի առնվեին հիշյալ փաստարկները, ապա նախքան Ա. Ասրիյանի նկատմամբ համաներում կիրառելը, նախ կնշանակեին փորձաքննություն՝ «հափշտակված» գույքերի արժեքը պարզելու համար, ապա նոր՝ կորակեին Ասրիյանի արարքը:

«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ-ն, կարեւորելով հատկապես սուտ մատնության գործերով պատժելիության ապահովումը, հիշյալ գործով իրականացրել է դատական մոնիտորինգ: Պետք է նկատի ունենալ, որ գործի քննության ընթացքում ոստիկանության Մասիսի քննչական բաժնի պետն անգամ չհերքեց այն հանգամանքը, որ Ասրիյանի նկատմամբ կիրառել են համաներում՝ առանց փորձելու վերջինիս արարքի ճիշտ որակման համար անշարժ գույքերի արժեքները պարզելու: Այսպիսով, մենք այն կարծիքին ենք, որ Ասրիյանի արարքը չէր կարող որակվել որպես հասարակ սուտ մատնություն եւ այդ հիմքով կիրառվեր համաներում, քանի որ Ասրիյանը Մարուսյա Դանիելյանին մեղադրել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ: Իսկ քանի որ առանձնապես խոշոր չափերով խարդախությունը ազատազրկման տեսքով պատիժ է սահմանում 4-8 տարի ժամկետով, ուստի, այն ՀՀ քրօրի 19-րդ հոդվածի ուժով դիտվում է որպես ծանր հանցագործություն: Հիշյալ փաստերի զուգորդումն էլ հիմք է տալիս պնդելու, որ Ասրիյանը եւ Գ. Գեւորգյանը՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելով, Մ. Դանիելյանին  մեղադրել են ծանր հանցագործության մեջ, ինչպիսի արարքը որակվում է սուտ մատնություն՝ ծանր հանցագործության մեջ մեղադրելով (ՀՀ քրօրի 333-րդ հոդված, 2-րդ մաս), որի դեպքում համաներում կիրառելու հարցը կարող էր լուծվել միայն դատարանի կողմից:

Ինչ վերաբերում է Գ. Գեւորգյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելուն, ապա մենք այն կարծիքին ենք, որ միայն վերջինիս փաստաբան լինելու հանգամանքը չի կարող բավարար համարվել ենթադրելու, որ հանցագործության մասին հաղորդում տալիս նա գործել է իր վստահորդի անունից, առավել եւս այն պարագայում, որ հաղորդում տալիս Գեւորգյանի մոտ բացակայել են այդպիսի լիազորություններ: Իսկ հանցագործության մասին կեղծ հաղորդում տալը քրեական պատասխանատվություն է առաջացնում հաղորդում տվողի համար:

Գործի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը, այնուամենայնիվ, լսելով ոստիկանության Մասիսի քննչական բաժնի պետի անկեղծ խոստովանությունը՝ քրեական գործի հարուցումը մերժելիս անշարժ գույքերի արժեքները պարզած չլինելու մասին, այնուամենայնիվ չի եկել այն կարեւոր հետեւությանը, որ քրեական հետապնդման մարմինները չեն կատարել Մարուսյա Դանիելյանի կողմից ներկայացված հանցագործության հաղորդման պատշաճ քննարկում:

Այսպիսով, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունն արձանագրում է, որ իրավապահ մարմինները թույլ են տվել կամայական մոտեցում հանցագործության որակման հարցում, ինչը ոչ միայն անմիջականորեն հանգեցրել է Մարուսյա Դանիելյանի իրավունքների խախտմանը, այլեւ անպատժելիության մթնոլորտի ձեւավորմամբ կարող է բացասական ազդեցություն ունենալ հանցագործությունների կանխարգելման հարցում:

«Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031