Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջրծաղիկով վարակված զինվորին անտեսել են

Հունվար 13,2012 13:27

18-ամյա տղայի մահվան մեջ հարազատները ոչ միայն հրամանատարին են մեղադրում, այլեւ Մուրացանի զինվորական հոսպիտալի 2 բժիշկների:

Արթիկի շրջանի Սպանդարյան գյուղի բնակիչ, 18-ամյա Հայկ Խաչատրյանի մահը ցնցել է ամբողջ Շիրակի մարզը, այն արտառոց էր նրանով, որ երիտասարդը ոչ թե սպանվել է «ռազբորկաների» պատճառով, ինչպես սովորաբար լինում է մեր բանակում, այլ մայրաքաղաքի կենտրոնում ծառայող զինվորը 21-րդ դարում մահացել է ջրծաղիկից:

Տատիկի՝ Աիդա Ավագյանի պատմելով, Գյումրիի մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետում սովորող իր թոռը բանակ է գնացել մեծ ոգեւորությամբ, իր ծննդյան օրը՝ «հունիսի 1-ին, տորթը կիսելն ու բանակ մեկնելը մեկ է եղել»: Քանի որ երիտասարդը ֆիզիկապես շատ առողջ էր, պարապած, նրան որպես դիպուկահար անմիջապես ծառայության են վերցրել հետախուզական վաշտում, գերազանցության դիպլոմ շնորհել, սակայն 7 ամիս անց թերսնվելու ու դիմադրողականությունը կորցնելու պատճառով տղան ջրծաղիկով է վարակվել ու ինչպես նրա հարազատներն են ասում՝ դարձել անտարբերության զոհ: «Գիշերային հերթապահության ժամանակ աչքից արցունք է գնացել եւ կոպը չի փակվել, ընկերն է առաջինը նկատել՝ խորհուրդ է տվել սանչաստ գնալ, բայց Հայկը մտածել է՝ կանցնի, հաջորդ օրը ուժերը ջլատվել են, մոտեցել է հրամանատարին՝ ասել, որ ի վիճակի չեմ վազելու, հրամանատարն էլ չի հավատացել, ասել է՝ սուտ ես ասում, աչքդ գլիցերին ես գցել, որ չի փակվում, դու սիմուլյանտություն ես անում, պիտի վազես: Էրեխեն ստիպված վազել է, բայց հաջորդ օրը դեմքը պարալիզացվել է, ընկերը առաջարկել է տուն զանգել, ծնողներին կանչել, բայց Հայկը դարձյալ չի համաձայնել: Ու էդ անխիղճ հրամանատարը նորից է վազեցրել, գիշերը հերթապահ է կարգել, էրեխեն ավելի է վատացել, խարույկ է վառել ու փորձել է դեմքը տաքացնել: Մինչեւ առավոտ ուժասպառ է եղել»,- ողբալով պատմում էր Աիդա Ավագյանը:

Հայկին ստիպված բուժկետ են տեղափոխել, մի օր էլ այստեղ պահել, հետո նոր միայն որոշել են տեղափոխել Մուրացանի զինվորական հոսպիտալ, որտեղ էլ, Հայկի հարազատների խոսքերով, սխալ բուժման ու բժիշկների անտարբերության պատճառով զինվորը մահացել է: Ծնողները սարսափ են ապրել, երբ տեսել են իրենց տղայի պարալիզացված դեմքը: Հայկը պատմել է, որ իրենց զորամասում զինվորները ջրծաղիկով են վարակված, երեք զինվորի տեղափոխել են ինֆեկցիոն հիվանդանոց, նա ենթադրել է, որ իրեն եւս կտեղափոխեն: Սակայն հոսպիտալի բժշկուհի Արմենուհի Սերոբյանը առարկել է տղային տեղափոխել՝ պատճառաբանելով, որ նախ անհրաժեշտ է բուժել դեմքը: «Ես մանկավարժ եմ, հայրն էլ ոստիկան է, մենք ինչ իմանայինք, որ ջրծաղիկից դեմք է պարալիզացվում. երբ դեկտեմբերի 28-ին հայրը գնացել է հիվանդանոց, տեսել է, որ բժիշկներն անմարդկային ցավերի մեջ հայտնված երեխային փակել են մի սենյակում՝ քլորը շաղ են տվել սենյակով մեկ, բացարձակապես ոչ մի բուժքույր, ոչ մի բժիշկ չի բարեհաճել ներս մտնել, երեխան սիրտն է հետ տվել, հազիվ է խոսել, թեյն ինչ է, անգամ դա են խնայել, մտածել են, որ մեռնող հիվանդ է: Հայրը՝ տեսնելով, որ ցավից երեխան գալարվում է, մոտեցել է հոսպիտալի բաժանմունքի վարիչ Մինաս Մկրտչյանին, խնդրել, պաղատել է՝ թույլատրել երեխային տեղափոխել ինֆեկցիոն, սակայն վերջինս կոպտորեն առարկել է: Մինչեւ տեղափոխեցին ինֆեկցիոն, Հայկս մահացավ: Սպանեցին առողջ երեխին, եթե ես խեղդամահ անեմ հրեշ բժշկուհուն, ինձ մարդասպան մի անվանեք, եթե էս տարիքիս հանցագործ դառնամ, ինձ չմեղադրեք»,- հեկեկալով ասում էր Հայկի տատիկը:

Հարազատների պատմելով՝ զինվորների նկատմամբ ծայրահեղ անտարբերությունը դրսեւորվել է ոչ միայն վարակի տարածմամբ ու համապատասխան բուժօգնություն չցուցաբերելով, այլեւ տված սննդով: «Առողջ երեխաները դիմադրողականությունը կորցնում են սննդազուրկ լինելու պատճառով, սուպը՝ նեխած, ճաշերն՝ անհամ, կարտոֆիլը՝ սեւացած, մսերը՝ հոտած, երեխեն եթե չսնվի ու ելնի 10 կիլոմետր վազի, էլ զինվոր կմնա՞: Հետո էլ անպատկառ ձեւով ասում են՝ տեսնենք՝ ինչ հիվանդություն ուներ ձեր տղան: Ինֆեկցիան մեր տնի՞ց տարավ բանակ: Հազար ամոթ ձեզ, եթե բանակայինին չեք պաշտպանում, ինչի՞ եք զորակոչում, ես վստահեցի, որ իմ երեխի առողջությունը քո ձեռքերում է, բայց ինչ ստացա, նոր տարվա առաջին օրը երեխիս դին դրեցին»,- ասաց տատիկը՝ երկրի նախագահից պահանջելով խստագույնս պատժել բժիշկներին ու հրամանատարին: Ի դեպ, պաշտպանության նախարարությունից մինչ օրս ոչ ոք չի այցելել Հայկի հարազատներին: Նրանք բողոք են հղել երկրի նախագահին, գլխավոր դատախազին, պաշտպանության նախարարին: «Չենք թողնելու, որ մեզ ձեռ առնեն, կոծկեն մարդասպանությունը՝ ասելով, թե ձեր երեխան հիվանդություն է ունեցել, զինվորը ջրծաղիկով է վարակվել, բժշկուհին սխալ բուժում է արել, սխալ հիվանդանոց են տարել, անփույթ ու անհոգի վերաբերմունք են ցույց տվել»,- բողոքում էր տատիկը: Հայկի հարազատները տեսագրություններ ունեին, թե ինչպես է Հայկը ամեն առավոտ վազում մինչեւ հարեւան գյուղը, ձմռանը կոփվում ձյան մեջ:

Նշենք, որ հայրը՝ Արթիկի ոստիկանության աշխատակից Մովսես Խաչատրյանը, իր աչքերով է տեսել, թե ինչպես են տանջամահ անում որդուն, վերջինս այնքան հուզված էր, որ ցանկություն չհայտնեց խոսելու: Միայն տեղեկացրեց, որ իրեն փորձել են թաղման ծախսերը տալ, սակայն հրաժարվել է վերցնել: Տատիկն այլեւս ի վիճակի չէ աշխատել, դասի չի կարողանում գնալ նաեւ Հայկի կրտսեր եղբայրը: Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ 376 հոդվածի 2-րդ մասով, այն է՝ անփույթ վերաբերմունք ծառայության նկատմամբ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, սակայն զարմանալի է, որ դեռ կասկածյալներ ու ձերբակալվածներ չկան: Ավելացնենք, որ տանջամահ եղած զինվորը Ազգային անվտանգության քարտուղար Արթուր Բաղդասարյանի ծննդավայրից է:

ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031