Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղական ծխախոտի գործին «խփո՞ւմ են»

Հունվար 13,2012 13:24

Ծխախոտ սպառողները թանկացման պատճառով գերադասում են ներկրվող ծխախոտից օգտվել:

«Կարող ա էդ 10-30 դրամը մեկի համար փող չի, բայց դե, ամոթ ա, էլի, հերիք ա, էլի, սենց անընդհատ ամեն ինչ թանկացնեն: Ես միշտ էլ տեղական սիգարետ եմ ծխել. կամ «Երեւան» էի առնում, կամ էլ VIP: Էս երկուսն էլ թանկացել են 20-30 դրամով: Բնականաբար, էլ չեմ առնի տեղական, էդ գնով դրսի սիգարետ կառնեմ»,- մեզ հետ զրույցում այսպես արտահայտվեց երեւանցիներից մեկը տեղական արտադրության ծխախոտների թանկացման վերաբերյալ:

Մեր՝ գրեթե բոլոր ծխող զրուցակիցներն ու խանութների վաճառողները վստահեցնում էին, որ թանկացման հետեւանքով հին ծխողները, ճիշտ է, չեն «թարգի» ծխելը, բայց նախապատվությունը հաստատ կտան արտասահմանյան արտադրության ծխախոտին:

«Ի՞նչ խաբար ա, «Ախթամարը»՝ 400 դրամ, 50 դրամով թանկացել ա: Մի հատ խանութ կա, բայց շատ հեռու ա մեր տնից, էդտեղ էս նույն սիգարետը 370 դրամ ա, բայց ես ամեն օր չեմ հասնի աշխարհի ծերը, ինչ ա թե՝ 20 դրամ էկոնոմիա անեմ: Էդ 370 կամ 350 դրամով լիքը դրսից բերած լավ սիգարետներ կան, դրանցից մեկը կառնեմ: Պրոստո աբիդնի ա, էլի, մտածում են՝ 20, 30, 50 դրամը փող չի, ծխող մարդը մեկ ա՝ էլի կառնի: Տակտիչնի ժողովրդի գրպանն են մտնում՝ իրենց բյուջեն լցնելու համար»: Մեկ այլ քաղաքացու խոսքերով էլ՝ «Թունավորվել՝ թունավորվել, հենա արտասահմանյան սիգարետով կթունավորվեմ. hամ անունը կդնեմ՝ իմպորտնի սիգարետ եմ ծխում, համ էլ տեղականի գնով դրսից բերածը կառնեմ»:

Նշենք, որ տեղական արտադրության ծխախոտների թանկացումը պայմանավորված է 2010 թվականին «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» օրենքում կատարված փոփոխություններով: Տեղական ծխախոտ արտադրող «Գրանդ հոլդինգ» ընկերությունից, որը տեղական ծխախոտի շուկայում գերիշխող դիրք ունի, «Առավոտին» պարզաբանեցին. «Այդ փոփոխությունների արդյունքում 2011թ. եւ 2012թ. 1 տուփի հաշվարկով 30 դրամով բարձրացել է տեղական արտադրության սիգարետների համար հաստատագրված վճարը: Օրենքի նույն փոփոխության համաձայն՝ 2013 թ. հաստատագրված վճարը կբարձրանա եւս 15 դրամով: Հարկերի բարձրացման պատճառով 2012թ. հունվարի 1-ից բարձրացել են նաեւ «Գրանդ hոլդինգի» կազմի մեջ մտնող ընկերությունների կողմից արտադրվող սիգարետների մի մասի բացթողնման գները, միջին հաշվով՝ 10 դրամի չափով: Տեսականուց կախված՝ մի մասի գները բարձրացել են ավելի շատ, իսկ մյուս մասի դեպքում գնային փոփոխություններ չեն կատարվել»: Ընկերության մամուլի ծառայության ղեկավար Վահրամ Բրուտյանն ասաց, որ դեռ անցյալ տարի գները 15 դրամով պիտի բարձրացնեին, ինչը չեն արել, իսկ այս տարի էլ գումարվել է եւս 15 դրամ, եւ փաստորեն՝ որոշ տեսականի թանկացել է 30 դրամով:

Մեր այն հարցին, թե արդյոք մտավախություն չունե՞ն, որ այս թանկացումների արդյունքում իրենց արտադրատեսակների սպառման ծավալը կնվազի, ընկերության մամուլի ծառայության պատասխանատուն ասաց. «Դեռ վաղ է կանխատեսումներ կատարել: Առնվազն 3 ամիս եւ ավելի ժամանակ է պետք, որպեսզի շուկայի վերլուծություն արվի, եւ ամեն ինչ պարզ կլինի»:

Նկատենք՝ երեկ մայրաքաղաքի խանութներում մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ «Գառնին» 220 դրամից դարձել է 250-260 դրամ: «Ախթամարը» նախորդ տարի 350 դրամ էր, իսկ այս տարվանից վաճառվում է 400 դրամով: «Էրեբունի» եւ «Երեւան» ծխախոտները թանկացել են 20 դրամով եւ խանութներում վաճառվում են 270 դրամ: VIP-ը 350-ից դարձել է 400, որոշ խանութներում էլ՝ 370 դրամ: 10 դրամով թանկացել են «Չիբուխի» 2 տեսակները եւ ներկայումս վաճառվում են 70 եւ 110 դրամով:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031