Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Առաջիկա ընտրություններում արտառոց ոչինչ էլ չի լինելու»

Հունվար 13,2012 13:12

Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի ասելով՝ ինքն այս անգամ ավելի մեծ «ինտերվալով» է հաղթելու իր մրցակցին:

Փետրվարի 12-ին Հրազդանում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ, որին արդեն մասնակցության հայտ են ներկայացրել երեք թեկնածուներ՝ Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը, որին սատարելու է նրա կուսակցությունը՝ ՀՀԿ-ն, «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր եւ նախկին քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, որին սատարելու մասին արդեն իսկ հայտարարել է Հայ ազգային կոնգրեսը, նաեւ Հովհաննես Փարվանյանը, որը ՀՀԿ-ական է, բայց որին սատարելու մասին առայժմ որեւէ հայտարարություն ոչ մի ուժ չի արել:

Հրազդանում կայանալիք ընտրությունները, թերեւս, առաջինն են, որոնք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ լինելով հանդերձ՝ Երեւանի քաղաքապետի ընտրություններից հետո մասնավորապես Հայ ազգային կոնգրեսը կարեւորում է եւ հայտարարել է իր համակիր Սասուն Միքայելյանին անվերապահորեն եւ իր բոլոր ռեսուրսներով աջակցելու մասին:

Նաեւ այս ոչ պակաս կարեւոր հանգամանքն ու առաջիկա ընտրությունների վրա քաղաքական դաշտի ու լրատվամիջոցների ընդգծված ուշադրությունը նկատի ունենալով՝ «Առավոտը» Արամ Դանիելյանին հարցրեց՝ առաջիկա ընտրություններն իր համար ինչ-որ առանձնահատո՞ւկ ընտրություններ են լինելու: Պատասխանն այսպիսին էր. «Բոլոր ընտրություններում էլ պատասխանատու պահ կա, ու ես այս ընտրություններին վերաբերում եմ այնպես, ինչպես նախորդներին»:

Առաջիկա ընտրություններում Հրազդանի գործող քաղաքապետը մրցապայքարի մեջ է մտնում ընդդիմության ընդգծված ներկայացուցչի՝ Սասուն Միքայելյանի հետ. ինչ-որ արտառոց բան պե՞տք է սպասել այս ընտրություններից՝ մանավանդ, որ սպասվող ընտրություններին արդեն իսկ «թեժ պայքար», «մարտահրավեր» կամ «մարտ» որակումներն են տրվել: Ի պատասխան՝ Արամ Դանիելյանը նախ՝ հստակեցրեց, որ Սասուն Միքայելյանի հետ մրցապայքարի մեջ է մտնում արդեն չորրորդ անգամ: Նա նկատի ուներ այն, որ 2002-ից ի վեր իր մրցակիցները միշտ առաջադրվել են, ըստ էության, Սասուն Միքայելյանի կողմից եւ վայելել են նրա համակողմանի աջակցությունը. Դերենիկ Բաղդասարյան՝ 2002-ին, Արթուր Շաբոյան՝ 2005-ին, եւ Մեսրոպ Մեսրոպյան՝ 2008-ին: Ապա Հրազդանի գործող ՀՀԿ-ական քաղաքապետը շարունակեց, թե՝ ոչ մի արտառոց բան էլ չի լինելու. «Հերթական ընտրություն է սա, եւ աշխատում ենք, որ այն լինի օրենքի սահմաններում՝ քաղաքակիրթ ընտրություն»:

Գնահատելով Հրազդանում ընդդիմադիր ընտրազանգվածի դերն առաջիկա ընտրություններում՝ Ա. Դանիելյանն ասաց, թե «ամեն մեկն էլ իր ընտրազանգվածն ունի, մենք էլ ունենք մե՛ր ընտրազանգվածը», եւ կրկնեց՝ «մենք աշխատում ենք, որ նորմալ ընտրություններ անցկացնենք»:

Իսկ նախորդ փորձերն ի՞նչ են ասում՝ հե՞շտ է Սասուն Միքայելյանի հետ մրցապայքարի մեջ մտնելը, առավել եւս, որ նա հիմա անձամբ է մրցակցության մեջ մտել ու ոչ թե որպես ՀՀԿ-ական, այլ ընդդիմադիր գործիչ: Այս հարցին Հրազդանի դեռեւս գործող քաղաքապետն այսպես պատասխանեց. «Դե, մրցապայքար է ընդդիմության հետ, բայց մենք ընտրությունների ենք գնում այն նույն տեմպով, ինչ նախորդ ընտրություններին»:

Վերջերս aravot.am-ի հետ զրույցում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը հայտարարել էր, թե ՀՀԿ թեկնածուն՝ ի դեմս Ձեզ, առաջիկա ընտրություններում խոշոր հաշվով հաղթելու է: Ա. Դանիելյանին հարցրինք՝ ինքը կիսո՞ւմ է այդ կարծիքը, թե՞ վերապահումներ, այնուամենայնիվ, ունի: «Դե, բնականաբար, մենք նայում ենք, թե ժողովուրդն ինչ է ասելու, որովհետեւ նա է էդ հարցը լուծելու: Դա ժողովրդից է կախված. ժողովուրդն է ընտրելու: Բայց նախորդ ընտրությունների վիճակագրությունն ու այսօրվա մեր կատարած աշխատանքները ցույց են տալիս, որ ավելի մեծ իտերվալով պիտի հաջողության հասնենք»,- հայտարարեց Սասուն Միքայելյանի մրցակից ՀՀԿ-ականը: Իսկ թե ինչի՞ հաշվին է դա լինելու՝ պարզաբանեց. «Ժողովրդի վստահության հաշվին: Կգա օրը՝ կտեսնենք»:

Թերեւս, իմաստ ունի ներկայացնել Հրազդանի քաղաքապետի նախորդ ընտրությունների վիճակագրությունը՝ պատկերացնելու համար, թե Ա. Դանիելյանի ասած՝ իր «մեծ ինտերվալով» հաղթանակը որքան է ակնկալվում լինել: Այսպես, 2005թ. հունիսի 3-ին տեղի ունեցած ընտրություններում Արամ Դանիելյանը ստացել էր, ըստ պաշտոնական տվյալների՝ 10488 քվե, նրա մրցակից Արթուր Շաբոյանը, ում պաշտպանում էր Սասուն Միքայելյանը՝ 10100 «կողմ» ձայն: Իհարկե, հարկ է շեշտել, որ հրազդանյան այդ ընտրությունները հիշվում են որպես արյունալի, որովհետեւ դա այն բացառիկ դեպքն էր, երբ իշխանական թեկնածուի ձայները պաշտպանելու եւ մրցակցի՝ ընտրությունները կեղծելու դեմ փողոց դուրս եկած ընտրողներին իշխանությունները ստիպված եղան զսպել ոստիկանական եւ հատուկջոկատայինների համատեղ ուժերով եւ ծեծուջարդով: Ինչ վերաբերում է 2008-ի մայիսի 25-ին տեղի ունեցած ընտրություններին, ապա դրա արդյունքում, էլի պաշտոնական տվյալներով՝ Արամ Դանիելյանը ստացել էր 14784, իսկ նրա մրցակից, այն ժամանակ դարձյալ ՀՀԿ-ական Մեսրոպ Մեսրոպյանը, որն այսօր կոնգրեսական է՝ 6042 քվե: Մեզ չհաջողվեց վերհիշել միայն, թե Ա. Դանիելյանը ձայների ի՞նչ տարբերությամբ էր հաղթել 2002-ին տեղի ունեցած ընտրություններում, երբ նրա մրցակիցը Դերենիկ Բաղդասարյանն էր:

Այսուհանդերձ, այսօր մեր երկրում ընդդիմադիր տրամադրություններն ակնհայտորեն ավելի մեծ են, քան նախորդ տարիներին էին, ուստի հարցրինք գործող քաղաքապետին, թե իր կարծիքով՝ ինքն ավելի մեծ ինտերվալով հաջողության հասնելու համար Հրազդանում այդքան վստահություն ունի՞: Պատասխանը միանշանակ էր՝ «այո»: Նա չհամաձայնեց մեր այն դիտարկմանը, թե՝ երեք ժամկետ քաղաքապետի պաշտոնում լինելու պարագայում հնարավոր է, որ հրազդանցիները հոգնած լինեն իրենից ու որոշեն փոխել քաղաքապետին՝ նույնիսկ անկախ այն բանից, թե ինքն իշխանությա՞ն, թե՞ ընդդիմության ներկայացուցիչ է: «Ժողովուրդը տեսել է իմ աշխատանքը, գնահատել ու վստահում է, կողմ է ինձ: Ես մշտապես հանդիպում եմ մարդկանց հետ եւ այդ վստահությունը զգում եմ: Դե, իսկ արդյունքը ընտրություններն էլ ցույց կտան»,- ասաց Ա. Դանիելյանը:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031