Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ճիշտը մե՞կն է

Հունվար 13,2012 13:09

Ազգագրագետ Աղասի Թադեւոսյանը երեկ «Ա1+»-ի P.S. հաղորդաշարին տված հարցազրույցում, ինչպես նաեւ մի շարք հրապարակումներում շատ համոզիչ կերպով ապացուցում է, որ կրիմինալ շրջանակներում ծագած եւ բոլոր մնացած խավերում լայնորեն կիրառվող «ճիշտը մեկն է» սկզբունքը իրականում բերում է փակուղու, լճացման, ազգային այլասերման, որովհետեւ զրկում է մարդկանց մտածելու, ստեղծագործելու հնարավորությունից: Հասարակական, մարդկային հարաբերություններում չի կարող լինել «ճիշտն ու սխալը ջոկող» հեղինակություն, քուրմ կամ գերագույն գաղափարախոս:

Ասել, որ «ճիշտը մեկն է» սնամեջ պնդմանը միայն մենք՝ հայերս ենք հավատում, բնականաբար, չափազանցություն կլինի: Մեր որոշ հարեւաններ այդ առումով հետ չեն մնում: Ինչպես հաղորդում է BBC-ն, Անկարայի քաղաքապետ Մելիխ Գյոչեքը առաջարկել է վերանվանել  Թուրքիայի մայրաքաղաքի Ստրասբուրգյան, Փարիզյան եւ Դե Գոլի փողոցները, ինչպես նաեւ կառուցել «ցեղասպանության ենթարկված» ալժիրցիների հուշարձան: Մեկնաբանելով ծայրահեղ մարազմատիկ այս նախաձեռնությունը՝ լոնդոնցի մի քաղաքագետ ցավով նշում է, որ Թուրքիայում չեն լսվում ձայներ, որոնք Ֆրանսիայի Սենատի հայտնի որոշման վերաբերյալ արտահայտեն այլընտրանքային տեսակետներ: Որտեղի՞ց լսվեն, եթե ճիշտը մեկն է:

Փողոցների վերանվանումը ընդհանրապես լավ օրինակ է, որը հերքում է այդ թեզը: Երեւանի կենտրոնում կա մի փողոց, որն առաջ կրում էր Տեր-Գաբրիելյանի, իսկ հիմա՝ Եզնիկ Կողբացու անունը: Բոլշեւիկ Սահակ Տեր-Գաբրիելյանը վստահ էր, որ ճիշտը մեկն է, եւ այն արտահայտված է Կոմունիստական մանիֆեստում, բայց 1930-ական թվականներին պարզվեց, որ «ճշտի» միակ մեդիումը Ստալինն է, եւ Տեր-Գաբրիելյանին չեկիստները սպանեցին հարցաքննության ժամանակ: Եզնիկ Կողբացին 5-րդ դարի աստվածաբան է, եւ իր «Եղծ աղանդոց» գրքում նա ապացուցում է, որ միակ ճիշտը քրիստոնեությունն է, իսկ զրադաշտությունը, հեթանոսությունը եւ մնացած բոլոր կրոնները սխալ են: Հիմա՝ ո՞ր մեկի անունով է ճիշտ կոչել փողոցը. բնականաբար՝ երկուսն էլ արժանի են:

Նույն բոլշեւիկների առաջնորդը մի թեւավոր խոսք ուներ. մարքսիզմի ուսմունքն ամենազոր է, որովհետեւ ճիշտ է: Հետագայում պարզվեց, որ այդ ուսմունքը ոչ ամենազորն է, ոչ էլ ամենաճիշտը: Պարզապես դա մի հայացք է իրականության վրա, որը գոյության իրավունք ունի՝ ճիշտ այնպես, ինչպես հարյուրավոր այլ հայացքներ: Անկախ Հայաստանի 20 տարվա ընթացքում գրեթե բոլոր կուսակցությունները՝ 90-ականներին ընդդիմադիր ԱԺՄ-ն, Դաշնակցությունը, ՍԻՄ-ը, այսօր՝ ՀԱԿ-ը, 90-ականներին իշխող ՀՀՇ-ն, այսօր իշխող Հանրապետականը կտրականապես հերքում էին եւ հերքում են, որ նրանք որեւէ հոգեւոր կապ ունեն բոլշեւիկների հետ: Սակայն նրանք բոլորը վստահ են, որ ճիշտը մեկն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031