Ռուսական «Ի՞նչը, որտե՞ղ, ե՞րբ» խաղին «նվիրված» բանավեճը առիթ տվեց, որ նորից անդրադառնանք մեր մայրենի լեզվին, ավելի ճիշտ՝ մեր վերաբերմունքին մայրենիի հանդեպ։
Առաջին հայացքից բանավեճի բնույթը թվում է ծայրահեղական, որովհետեւ թե՛ թննադատները, թե՛ հադորդման հեղինակները խախտում են տարրական բարեկրթության սահմանները։ Երկու կողմերն էլ վկայակոչում են օրենքը, պաշտպանվում կամ հարձակվում են՝ օգտվելով անհստակ ձեւակերպումներից։ Այսպես, նրանք, ովքեր ընդվզում են խաղն օտար լեզվով անցկացնելու դեմ, պնդում են, որ խախտվում է օրենքը։ Այս տեսակետը կարծես հաստատում է Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը՝ ասելով, թե օրենքը միանշանակ խախտվել է, բայց պատասխանատվության ենթարկելու մասին որեւէ դրույթ հենց նույն օրենքում չկա։ Խաղի հայկական տարբերակի պրոդյուսեր Կարեն Քոչարյանը առարկում է։ Նրա կարծիքով օրենքը չի խախտվում, որովհետեւ հայկական հեռուստատեսությամբ հաղորդումների 20 տոկոսը կարող է հեռարձակվել օտար լեզուներով՝ ազգային փոքրամասնությունների համար:
Սակայն մի արժեքավոր դիտարկում էլ է անում պարոն Քոչարյանը. «Մոսկվայի խմբագիրները նայում ու հետեւում են խաղերին, իսկ հայերենով իրենք հաստատ չեն հասկանա («Առավոտ»-ի էլիեկտրոնային կայք): Ըստ ամենայնի, պարզ է, որ մերոնք կարգին թարգմանիչներ չունեն, որ հայերեն հարցերը կարողանան ռուսերեն ներկայացնել: Մի փոքրիկ դետալ է, բայց շատ խոսուն է: Ցավոք, միայն հեռուստախաղը չէ, որ այս պատճառով տուժում է: Կրկնում ենք՝ հեռուստախաղին վերաբերող բանավեճը միայն առիթ է, որ խոսենք մեր լեզվի ճակատագրի մասին:
Պրոդյուսեր Կարեն Քոչարյանը պնդում է, որ խաղը հեռարձակվում է արդեն երկու տարի, բայց աղմուկ է բարձրացել նախընտրական շրջանում։ Նա այստեղ քաղաքական ենթատեքստ է տեսնում։ Նախընտրական շրջանը մի կողմ թողնենք եւ տեսնենք, որ քաղաքական խնդիր, այնուամենայնիվ, ունենք։ Այո՛, շատ հեռուստադիտողների վրդովմունքի պատճառը դարձել է այն, որ ռուսերենով իրենց ինտելեկտն էին ցուցադրում պետական բարձրաստիճան պաշտոնյաները։ Այսինքն՝ պետական լեզուն ոտնահարվում էր այն մարդկանց կողմից, ովքեր ի պաշտոնե պարտավոր են հետեւել օրենքի տառին (մանավանդ որ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ չեն): Բացի դրանից, խաղը հովանավորում է ինքը՝ ՀՀ վարչապետը։ Ուրեմն հենց երկրի վարչապետն է հանդես գալիս պետական լեզվի դեմ։
Կարդացեք նաև
Անշուշտ, կարող ենք անգամ հիանալ մեր պաշտոնյաների լեզվական ունակություններով, երբ նրանք հայերեն չեն խոսում, բայց չենք կարող չտեսնել նրանց արհամարհանքը մայրենի լեզվի նկատմամբ։ Այս քաղքենիական երեւույթը, ցավոք, շատ հին արմատներ ունի, ավելի հին, քան Խորհրդային Միության ստեղծումն է։
Լ. ԱՍԱՏՐՅԱՆ
«Չորրորդ ինքնիշխանություն»