Հայտնի սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կարծիքով՝ Հայաստանի տնտեսություն աճել է, ցնցումներ էլ չեն գրանցվել: «Մենք դա գնահատում ենք բոմժերի, կանգառներում քնողների, մուրացկանների ուսումնասիրություններով, նրանց թվաքանակը մնում է կայուն»,- ասել է նա: «ՉԻ»- Փաստորեն Ահարոն Ադիբեկյանը շարունակում է զվարճացնել մարդկանց: Մենք էլ միամտաբար կարծում էինք, թե երկրի տնտեսական վիճակի մասին պատկերացում են տալիս զանազան անկապ թվեր՝ համախառն ներքին արդյունք, բնակչության իրական եկամուտներ, ինֆլյացիա, գործարար ակտիվություն… Պարզվում է՝ դրանք թիթիզություններ են. մուրացկաններին ու բոմժերի՛ն է պետք հաշվել։ Մանավանդ որ հաշվելու որեւէ մեխանիզմ չկա (աչքաչափից բացի): Բայց տրամաբանությունը հիացնում է: Եթե նախկինում նորմալ ապրող մարդիկ հիմա հազիվ ծայրը ծայրին են հասցնում, բայց դեռ մուրացկանությամբ չեն զբաղվում՝ ուրեմն ամեն ինչ նորմալ է:
Ամեն դեպքում՝ լավ է, որ պրն Ադիբեկյանը կուսակցությունների վարկանիշները հաշվելու փոխարեն սկսել է մուրացկաններին ու բոմժերին հաշվել: Չնայած՝ չի իմացվի: Գուցե ընտրակաշառքի սոցիալական բազան է ուսումնասիրում, որ հետո «սաղացնի» որեւէ կուսակցության վրա:
«Չորրորդ ինքնիշխանություն»