Վրաստանի ազգային փոքրամասնությունների եւ առանձնապես հայ համայնքի հասցեին նախագահ Մ. Սահակաշվիլու հնչեցրած Ամանորի շնորհավորական խոսքերը նոր էին հասել հասցեատերերին, երբ հունվարի 9-ի գիշերը կրկին հրդեհ բռնկվեց Թբիլիսիի հայկական Սուրբ Նշան եկեղեցում։
Այսինքն՝ հենց որ հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցու հետեւորդներին ուղղված իր տոնական ուղերձում Մ.Սահակաշվիլին գոհունակությամբ մատնանշեց, որ «Վրաստանում ապրող հայերը մեծ ներդրում են ունեցել երկրի մշակութային ու տնտեսական զարգացման մեջ», ընդամենը երեք օր անց այրվեց այդ ներդրման քարե վկայություններից մեկը՝ Սուրբ Նշան եկեղեցին։
Անցած տարիներին փլուզված կամ հրդեհված հայոց եկեղեցիների շարքում Սուրբ Նշանը ո՛չ առաջինն է, ո՛չ էլ, կարծում ենք, վերջինն է լինելու։
Հատկանշական է, որ այս անգամ նույնպես Վրաստանում հակահայ վանդալիզմի հերթական դրսեւորումը ժամանակային առումով հետեւեց հայ համայնքի հասցեին նախագահի գովեստի խոսքերին։
Այսինքն՝ ինչպես անցած տարի Վրաստանի կրոնական կազմակերպությունների իրավական կարգավիճակի մասին օրենքի ընդունումից հետո, այնպես էլ ներկայումս կրկնվում է նույնը։ Երբ Մ.Սահակաշվիլին հայ համայնքի վերաբերյալ «քաղցր խոսքեր» է ասում կամ էլ նրա կարգավիճակը հստակեցնող օրենք է նախաձեռնում՝ ինչ-որ անտեսանելի ձեռք հակահայ կարգախոսներով «զարդարում է» հիմնականում հայերի կողմից կառուցված Թբիլիսիի փողոցները, կամ էլ, որ ավելի վատ է, ձեռք է բարձրացնում որեւէ հայկական հուշարձանի վրա։
Հատկանշական է, որ այս վերջին դեպքը տեղի ունեցավ Մ.Սահակաշվիլու՝ հայ համայնքին ուղղված ամանորյա շնորհավորանքին զուգահեռ՝ նախկին նախագահ Էդ.Շեւարդնաձեի տարօրինակ ահազանգից հետո։ Վերջին օրերին կարծես լեթարգիական քնից արթնացածի նման Էդ.Շեւարդնաձեն հանկարծ եզրակացրել է, թե իբր ոչ վրացիները Վրաստանում սկսել են մեծամասնություն կազմել։ Դրանով «սպիտակ աղվեսը» թերեւս իր անտեսանելի սլաքներն ուղղել է վրացականացած հայերի եւ վրացիների մեջ ձուլված-անհետացած այլ էթնիկ խմբերի կողմը։
Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Հայոց աշխարհ»