Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարար վարչության տվյալով, անցած տարի Շիրակում գրանցվել է 398 արտակարգ դեպք, 2010 թվականի 438 դեպքի դիմաց: Այս դեպքերի արդյունքում զոհվել է 29 մարդ (2010 թվականին` 34), մարմնական վնասվածքներ ստացել կամ վիրավորվել` 263 մարդ (2010 թվականին` 302):
Գրանցված 398 դեպքից 335-ը`տեխնածին են` ընդհանուր դեպքերի 84,2%-ը, որոնց հետևանքով զոհվել է 18 մարդ, զոհերի` 62%-ը: Տեխնածին դեպքերի կեսը` 170 հրդեհներ են:
Ըստ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարար վարչության 2010 թվականի համեմատ, 2011 թվականին` ըստ ամիսների, մարտ-մայիս` հրդեհները հիմնականում նվազում էին: Սակայն հուլիս ամսից սկսած չոր եւ շոգ եղանակի պատճառով գրանցվել է խոտածածկ տարածքների հրդեհների կտրուկ աճ` 88 հրդեհ:
2011 թվականին Շիրակում արձանագրվել է ջրահեղձման 5 դեպք (2010թ.`4). մեկական Ձորաշեն եւ Արեգնադեմ գյուղերի լճակներում, իսկ 3 դեպք` Վահրամաբերդ գյուղի ջրային տարածքում: 2010-ի չորս դեպքից երկուսը էլի Վահրամաբերդ գյուղի ջրային տարածքում էր, ուստի Շիրակի փրկարարները որոշել են 2012թ.-ին ուժեղացնել հսկողությունը հատկապես Վահրամաբերդ գյուղի ջրային տարածքում:
Արտակարգ իրավիճակներին շիրակցիներին պատրաստելու եւ իրազեկվածությունը բարձրացնելու համար Շիրակի մարզային փրկարար վարչությունը անցկացրել է հրամանաշտաբային, շտաբային ուսումնավարժություններ, օբյեկտային վարժանքներ, հատուկ-տակտիկական վարժանքներ` 30 գյուղում եւ կազմակերպել ավելի քան 100 դասախոսություն ու դասընթաց` «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը ձնաբքի դեպքում», «Բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը երկրաշարժի դեպքում» եւ այլ թեմաներով
Շիրակի մարզի 32 ապաստարանները եւ հակաճառագայթային թաքստոցները չեն համապատասխանում այսօրվա նորմերին. վերանորոգման է ենթակա 12-ը, մասնակի վերանորոգման՝ 9-ը, դուրս գրման՝ 11-ը: