Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը EBU-ին անվտանգության հատուկ պայմաններ չի ներկայացրել` Բաքվում կայանալիք «Եվրատեսիլին» մասնակցելու համար

Հունվար 13,2012 10:43

Հայաստանի Հանրային Հեռուստաընկերությունը /Հ1/ չի դիմել Եվրոպական հեռարձակողների միությանը (EBU)` Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» մրցույթին մասնակցելու համար անվտանգության հատուկ պայմաններ ապահովելու հայտով:

Մեդիամաքսի հետ բացառիկ հարցազրույցում այս մասին ասել է Եվրատեսիլի անցկացման պատասխանատու Սիետսե Բաքերը (Sietse Bakker):

Ավելի վաղ Հ1-ի պաշտոնական ներկայացուցիչ Գոհար Գասպարյանն ասել էր, որ Երեւանում դեռ վերջանական որոշում չի կայացվել «Եվրատեսիլ»-ում Հայաստանի մասնակցության կապակցությամբ: Նրա խոսքերով, Հ1-ը դիմել է EBU-ին հայաստանյան պատվիրակության անվտանգության երաշխիքների համար եւ սպասում է պատասխանի:

Սիետսե Բաքերն ասել է, որ «մենք նախորդ տարվա հունիսից երկխոսություն ենք վարում Հ1-ի հետ` Եվրատեսիլ-2012 մրցույթում իրենց մասնակցության առնչությամբ»:

«Ներկայումս չենք կարող ոչ հաստատել, ոչ հերքել իրենց մասնակցության հարցը, քանի որ մտադիր ենք մասնակիցների ամբողջական ցուցակը հրապարակել հաջորդ շաբաթ եւ չենք մեկնաբանում առանձին պետությունների մասնակցության հարցը», – ասել է Սիետսե Բաքերը:

«EBU-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում, քանի որ դա մեր գործառույթը չէ: Սակայն մենք անվտանգության երաշխիքներ եւ ծառայություններ ստանալու հայտով դիմում ենք տեղական հեռարձակողին կամ համապատասխան իշխանություններին/գործընկերներին: Ինչ վերաբերում է այս տարվա մրցույթին, մենք Ադրբեջանի վարչապետից անվտանգության երաշխիք ենք ստացել բոլոր պատվիրակությունների համար: Բացի այդ, նախորդ տարվա օգոստոսին Բաքվի քաղաքային իշխանությունների հետ քննարկվել է հայաստանյան պատվիրակության հավանական մասնակցության հարցը, որի նպատակն էր հաստատել, որ անվտանգության երաշխիքները տարածվելու են նաեւ հայաստանյան պատվիրակության վրա: Բոլոր հավանական մասնակիցները, այդ թվում `Հ1-ը, տեղեկացվել են Ադրբեջանի վարչապետի կողմից տրված երաշխիքների մասին», – ասել է Սիետսե Բաքերը:

Վերջին 8 ամիսների ընթացքում Հայաստանում քննարկում  է Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» մրցույթին մասնակցելու հարցը: Հասարակության մեջ հնչում են տարբեր կարծիքներ, արժե արդյո՞ք մասնակցել Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք մրցույթին, թե` ոչ:

Միակարծիք չեն նաեւ հայաստանյան կատարողները: Օրինակ երգիչ Ռազմիկ Ամյանն ասել էր, որ առաջարկ ստանալու դեպքում չի պատրաստվում մասնակցել «Եվրատեսիլ» մրցույթին Բաքվում: Իսկ «Ռեինկարնյացիա» խմբի երգիչ Ռոլանդը www.Bravo.am-ին տված հարցազրույցում ասել էր, որ «հենց այսօր պատրաստ եմ մեկնել եւ ելույթ ունենալ Բաքվի կենտրոնում, խնդիր չեմ տեսնում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031