Վերջերս Aravot.am-ի հետ զրույցում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը հայտարարել էր, թե փետրվարի 12-ին Հրազդանում կայանալիք քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ թեկնածուն՝ ի դեմս գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյանի՝ հաղթելու է խոշոր հաշվով:
Aravot.am-ը Արամ Դանիելյանին հարցրեց՝ կիսո՞ւմ է այս կարծիքը, թե՞ վերապահումներ, այնուամենայնիվ, ունի:
«Դե, բնականաբար, մենք նայում ենք, թե ժողովուրդն ինչ է ասելու, որովհետեւ նա է էդ հարցը լուծելու: Դա ժողովրդից է կախված՝ ժողովուրդն է ընտրելու: Բայց նախորդ ընտրությունների վիճակագրությունն ու այսօրվա մեր կատարած աշխատանքները ցույց են տալիս, որ այս անգամ ավելի մեծ ինտերվալով պիտի հաջողության հասնենք»,- հայտարարեց Հրազդանի գործող քաղաքապետը: Ինչի՞ հաշվին է դա լինելու, մանավանդ, որ հիմա մեր երկրում ընդդիմադիր տրամադրություններն ավելի ընդգծված են, ու ընդդիմադիր ընտրազանգվածն էլ ավելի մեծ թիվ է կազմում, իսկ քաղաքապետն իշխանության ներկայացուցիչ է: «Ժողովրդի վստահության հաշվին: Կգա օրը՝ կտեսնենք»,- մեր դիտարկմանը հակադարձեց Արամ Դանիելյանը, որը նաեւ միանշանակ «այո»-ով պատասխանեց մեր հարցին, թե կարծում է այդ վստահությունն ինքն ունի՞:
Գնահատելով Հրազդանում ընդդիմադիր ընտրազանգվածի դերն առաջիկա ընտրություններում, քաղաքապետն ասաց. «Ամեն մեկն էլ իր ընտրազանգվածն ունի, մենք էլ ունենք մե՛ր ընտրազանգվածը եւ աշխատում ենք, որ նորմալ, քաղաքակիրթ ընտրություններ անցկացնենք»:
Կարդացեք նաև
Արամ Դանիելյանին նաեւ հարցրինք՝ ինչ-որ արտառոց բան պետք է՞ սպասել առաջիկա ընտրություններից՝ նկատի ունենալով դրանց արդեն իսկ տրվող որակումները՝ «թեժ պայքար», «մարտահրավեր» կամ «մարտ». «Ոչ մի արտառոց բան էլ չի լինելու: Հերթական ընտրություն է սա, եւ աշխատում ենք, որ այն լինի օրենքի սահմաններում՝ քաղաքակիրթ ընտրություններ»:
Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին կայանալիք Հրազդանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու նպատակով արդեն իրենց թեկնածությունն են առաջադրել գործող քաղաքապետ, ՀՀԿ–ական Արամ Դանիելյանը, ԱԺ նախկին պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար եւ ՀԱԿ համակիր Սասուն Միքայելյանը, նաեւ ՀՀԿ–ական Հովհաննես Պրտավյանը:
Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» տպագիր համարում: