Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵԴ-ն կբավարարի հայի հայցն Ադրբեջանի դեմ եւ լաչինցի քրդերի հայցն ընդդեմ ՀՀ-ի

Հունվար 12,2012 18:38

Օրերս ադրբեջանական մամուլը տեղեկություն էր տարածել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում գտնվող հայկական կողմի գանգատը մերժվել է, իսկ ադրբեջանական կողմի գանգատի օգտին որոշումներ են ընդունվել: Հիշեցնենք, որ ղարաբաղյան պատերազմից 18 տարի անց, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քննության է ընդունել երկու գանգատ` ադրբեջանական եւ հայկական կողմերից: Երկու դեպքում էլ հայցվորները պնդում են, որ 1992 թվականին իրենց տներից վտարվել են պատերազմի պատճառով եւ անգամ 1994-ի հրադադարի պայմանագրի կնքումից հետո չեն կարողացել հետ վերադառնալ իրենց տները: Ընդդեմ Ադրբեջանի հայցը 2006 թվականին Եվրոդատարան ներկայացրել է Մինաս Սարգսյանը: Սարգսյանների ընտանիքին, ըստ հայցի, ադրբեջանական բանակը ստիպել է դուրս գալ Շահումյանի շըջանի Գյուլիստան գյուղում գտնվող իր տնից։ Մինաս Սարգսյանը 2009 թվականին մահացել է, այժմ դատարանում նրա շահերը ներկայացնում են Սարգսյանի կինն ու երեք երեխաները։ Ընդդեմ Հայաստանի գանգատը 2005 թվականին ներկայացրել են էթնիկ քուրդ վեց ընտանիքներ: Դարձյալ, համաձայն հայցի, ընտանիքները ստիպված են եղել լքել Լաչինի շրջանում գտնվող իրենց նախկին տները՝ հայկական բանակի բնակավայր մտնելուց հետո։ Երկու կողմերն էլ պնդում են, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորվող իրենց իրավունքները ոտնահարված են։

«Մենք պետք է հստակ հասկանանք, որ ԵԴն եվրոպական քաղաքական համակարգի մաս է կազմում եւ, որպես այդպիսին, իր իրավական գործունեության շրջանակներում առաջնորդվելու է համաեվրոպական կառույցներին բնորոշ քաղաքական տրամաբանությամբ: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված եվրոպական քաղաքական մտածողությունը միանգամայն արտահայտված է Մինսկի խմբի համանախագահ պետությունների կողմից ձեւավորված ու Հայաստանի եւ Ադրբեջանի գործող ղեկավարների կողմից որպես բանակցային օրակարգի հիմք ընդունված «Մադրիդյան սկզբունքներում»: Նշված սկզբունքներն էլ հանգում են /գոնե առ այսօր/ ազատագրված տարածքները ԼՂՀ ինքնորոշման հեռանկարի դիմաց հանձնելու բացարձակապես անընդունելի եւ խնդրի երկարաժամկետ խաղաղ կարգավորման տեսանկյունից անհեռանկար բանաձեւին: Ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու ամենակարճ ճանապարհն էլ Հայաստանը ագրեսոր ճանաչելն է: Սա է պատճառը, որ ԵԴն Բաքվի, Սումգայիթի, ԳանձակԿիրովաբադի ավելի քան կես միլիոն ադրբեջանահայ փախստականների ոտնահարված իրավունքները մոռացության մատնելով՝ իր քննության առարկա է դարձրել Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի բնակիչ Մինաս Սարգսյանի հայցադիմումը: Այստեղ անհրաժեշտ է նշել, որ ԵԴ ուղարկվող դատական հայցերի նախնական ընտրանքը կատարվել է Հայաստանում»,- Aravot.am-ի հետ զրույցում անրադառնալով վերոնշյալ խնդրին, ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

Մեր զրուցակցի ունեցած ոչ-պաշտոնական տվյալներով՝ հատուկ այդ նպատակով Հայաստանում ստեղծվել էր մի հասարակական կազմակերպություն՝ արտասահմանյան ֆինանսավորմամբ, որի ներկայացուցիչներն էլ կատարել են հայցադիմումների նախնական ընտրանքը եւ դրանց մի մասը ուղարկել ԵԴ: «Որքան գիտեմ, այդ հկն ստեղծվել եւ գործել է ՀՀ Ադարադատության նախարարության ու, գուցե, ոչպաշտոնական հովանավորությամբ: Ելնելով վերը ասվածից կարելի է գալ այն եզրակացության, որ Հայաստանը նպաստել է գործերի այսօրինակ ընթացքին: Այժմ ԵԴն կարող է ասել, որ ինքն ընտրություն է կատարել Հայաստանից ուղարկված հայցերից: Այսինքն, Հայաստանում «հույժ գաղտնի» պայմաններում ստեղծված ինչոր կառավարամերձ «հասարակական կազմակերպություն» խաղ է անում երկրի ճակատագրի հետ: Այս պայմաններում, թերեւս, ԵԴն կբավարարի ինչպես գյուլիստանցի հայի հայցադիմումն ընդդեմ Ադրբեջանի, այնպես էլ լաչինցի քրդերի հայցադիմումն ընդդեմ Հայաստանի»,- ասաց պարոն Մելիքյանը:

Ըստ նրա, այսօրինակ իրավական լուծումը նպատակ կունենա քաղաքական ոլորտում հաստատելու այն, որ 1992-1994թթ. Հայաստանը պատերազմել է Ադրբեջանի դեմ, իսկ քանի որ ռազմական գործողություններն ընթացել են մի տարածքում, որը միջազգայնորեն ճանաչված է որպես ադրբեջանական, ապա կստացվի, որ Հայաստանը ագրեսոր պետություն է եւ միջազգային իրավունքի համաձայն պարտավոր է իր զինուժը հեռացնել իր կողմից զավթված տարածքներից: «ՀՀ պաշտոնատար անձանց կողմից մամուլում հնչեցված փաստարկներն այս տրամաբանության շրջանակներում հեշտ է վիժեցնել` բավական է ապացուցել, որ ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները մասնակցել են ռազմական գործողություններին կամ ներկայումս մասնակցում են ազատագրված տարածքների պաշտպանությանը: Ցավով ստիպված եմ արձանագրել, որ, հիմնականում սուբյեկտիվ պատճառներով, հայկական երկու պետությունները տանուլ տալով փախստականների գործուն իրավական պաշտպանության կազմակերպման հարցում, կարող են տանուլ տալ նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման ընդհանուր համատեքստում: Ստեղծված իրվիճակը ծանր է, սակայն ոչ անշրջելի: «Փախստականները եւ միջազգային իրավունքը» ՔՀՑն իր տրամադրության տակ ունի տասնյակ հազարավոր ադրբեջանահայ փախստականների կողմից ներկայացված դիմումհարցաթերթիկներ, որոնցում ներկայացված է նաեւ նրանց նյութական ու բարոյական կորուստները փոխհատուցելու պահանջ: Ցանկության դեպքում Հայաստանը եւ Արցախը համատեղ ջանքերով եւ փախստականներից ստացված այդ դիմումների միջոցով, կարող են նոր ընթացք տալ գործին` ինչպես եվրոպական զանազան կառույցներում, այնպես էլ ինքնուրույն, միակողմանի քայլեր նախաձեռնելով»,- եզրափակեց Արման Մելիքյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031