Արդեն հաղորդել ենք. որ հունվարի 16-17-ը փաստահավաք այցով Հայաստան են ժամանելու ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Աքսել Ֆիշերը: Նրանք հանդիպելու են պաշտոնատար անձանց, բայց ոչ «Մարտի 1»-ի զոհերի հարազատների հետ, թեեւ այցի հրապարակված նպատակների թվում որպես՝ առանցքային, մատնանշվում է 2008թ. մարտի դեպքերի ընթացքում 10 զոհերի մահվան հանգամանքների հետաքննության շուրջ քննարկումը:
«Մարտի 1»-ի զոհերից մեկի՝ Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, նախ ասաց, թե տեղյակ չէր, որ համազեկուցողները գալու են Երեւան, ապա հավելեց. «Մենք անպայման դիմելու ենք ՀՀ–ում ԵԽ ներկայացուցչությանը՝ համազեկուցողների հետ հանդիպում ունենալու խնդրանքով: Իհարկե, չգիտեմ՝ մեզ հետ կհանդիպե՞ն, թե՞ ոչ, որովհետեւ նախորդ անգամ՝ անցյալ տարվա հոկտեմբերին, երբ ՀԱԿ– իշխանություն երկխոսություն էր ընթանում, նրանք (համազեկուցողները) մեզ համար, մեզ հետ հանդիպելու «ժամանակ չգտան», գնացին եւ իրենց ներկայացրած զեկույցում արձանագրեցին, թե կարելի է «Մարտի 1»-ի էջը փակված համարել: Բայց մենք պնդելու ենք նման հանդիպում ունենալու համար: Կընդունե՞ն, թե՞ կմերժեն մեր այս մի խնդրանքն էլ՝ չգիտեմ»:
Տիկին Հովհաննիսյանն ասաց, թե զոհերի հարազատներն այնքան վրդովված են ՀՔԾ-ի հրապարակած հաղորդման առնչությամբ, որ պատրաստվում են դիմել եւ հանդիպում պահանջել նաեւ ՀՔԾ-ի եւ «Մարտի 1»-ի գործով վարույթն իրականացնող խմբի պատասխանատուների հետ, «որովհետեւ ՀՔԾ–ում շարունակում են կեղծել մեր զավակների սպանության հանգամանքները: Էսպիսի բան կլինի՞։ Չորս տարի է՝ ես ասում եմ, որ այդ օրը, ժամը 9:21 –ին իմ որդին Մյասնիկյանի արձանի մոտ հեռախոսով, որը ինձ մոտ է՝ նկարել է, իսկ իրենք դիտմամբ գրում են՝ ժամը 20-ի սահմաններում գնացել է անկարգության վայր: Այսինքն, իրենք ուզում են անպայման իմ երեխային ներկայացնել որպես՝ անկարգության մասնակից: Մենք բոլորս (զոհերի հարազատները) ենք վրդովված, որովհետեւ բոլորիս որդիների դեպքում էլ իրականությունն աղավաղված է ներկայացվել, բոլորին ուզում են հանցագործի, անկարգության մասնակցի պիտակ կպցնել: Հիմա շատ լավ պահ է, որ մենք հանդիպենք նաեւ համազեկուցողների հետ եւ մեր վրդովմունքը հայտնենք»:
Ինչ վերաբերում է այն փաստին, որ համազեկուցողների հայաստանյան այցի օրակարգում մարտիմեկյան 10 զոհերի հարազատների հետ այս անգամ էլ հանդիպում նշված չէ, տիկին Հովհաննիսյանն ասաց. «Շատ բաներ կան, որոնք մեզ վրդովեցնում են, այդ թվում՝ նաեւ այն, որ մեզ հետ չեն ուզում հանդիպել»: Իսկ թե ինչո՞ւ, ըստ նրա, «որովհետեւ չեն ուզում մեր հարցը լուծած լինեն, որովհետեւ ուզում են իշխանությունների հետ համաձայնության գալ եւ միշտ էլ գալիս են՝ հաշվի չառնելով, թե ինչ է պահանջում իրական արդարադատությունը»:
Կարդացեք նաև
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ