Քիչ առաջ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվեց Ալավերդի քաղաքի Սանահին սարահարթի բնակիչ, 1988թ. ծնված Վասիլ Շահվերդյանը:
Ինչպես Ալավերդիից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր կեսօրին Վ. Շահվերդյանը իր մոտ եղած «Բայկալ» տեսակի ատրճանակով Ալավերդիում, Սայաթ- Նովա փողոցի 3-րդ շենքի, Հյուսիսային համալսարանի Ալավերդու մասնաճյուղի դիմաց սպանել է Ալավերդի քաղաքի Սանահին սարահարթի բնակիչ, 1976թ. ծնված Գագիկ Կիլինկարովին: Արձակած կրակոցների արդյունքում ձախ ազդրի շրջանում հրազենային վնասվածք է ստացել այդ պահին այնտեղ գտնվող Գ. Կիլինկարովի ընկերը՝ Ալավերդի քաղաքի Սանահին սարահարթի բնակիչ, 1973թ. ծնված Արմեն Կոստանյանը: Վերջինս տեղափոխվել է Ալավերդու բժշկական կենտրոն: Վիրաբուժական կենտրոնի վարիչը ֆոտոլրագրողին հայտնել է, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Դեպքի վայր ժամանած ոստիկանության օպերատիվ քննչական խումբը հայտնաբերել եւ առգրավել է 7 կրակված պարկուճ:
Կարդացեք նաև
Դեպքի վայրից Ալավերդու ոստիկանության բաժին է տեղափոխվել նաեւ սպանվածի «Մերսեդես Բենց» մակնիշի 30ԼԼ092 համարանիշի ավտոմեքենան: Խուզարկությամբ սպանվածի ավտոմեքենայում հայտնաբերվել է «Սայգա» տեսակի հրազեն:
Սպանությունը կատարողը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ հանձնել այն հրազենը, որով կատարվել է հանցագործությունը:
Հիշեցնենք, որ Վասիլ Շահվերդյանը ոստիկանությանը հայտնել է, որ սպանությունը կատարել է վրեժխնդրության հողի վրա, քանի որ տարիներ առաջ էլ Կիլինկարովները սպանել են իր եղբորը:
Փաստի առթիվ Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրգործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի