Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Էթիկայի հանձնաժողովն անհանգստություն է առաջացրել

Հունվար 12,2012 18:07

«Մինչեւ հիմա պաշտոնյայի գույքը եւ եկամուտները հայտարարագրելը իրականում իրենից ոչինչ չներկայացնող գործընթաց էր: Մի քանի հազար, պաշտոնատար անձինք ներկայացնում էին դա եւ ոչ մի վերլուծություն եւ վերահսկողություն չէր արվում՝ պարզելու համար դրանք համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ: Դրա համար էլ քաղաքական որոշում ընդունվեց, որ առանձնացվեն թիրախային 500-600 պաշտոնատար անձինք եւ նրանց ընտանիքների անդամները, որոնց անվան շուրջ խոսակցություններ են պտտվում եւ նրանց հետ կապված ամենը դարձվում է հանրության սեփականությունը»,- նորաստեղծ Էթիկայի հանձնաժողովի մասին Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Նրա խոսքերով թիրախային խմբում գտնվող պաշտոնատար անձինք կառավարության անդամներն են, դատավորները, դատախազներն ու պատգամավորները. «Նրանք պարտավոր են սահմանված ընթացակարգերով ներկայացնել իրենց գույքն ու եկամուտները եւ հայտարարագրել: Իսկ էթիկայի հանձնաժողովը արդեն կունենա այն ռեսուրսն ու ներուժը՝ ստուգելու այդ 5-6 հարյուր պաշոնյաների եկամուտները փաստացի ճիշտ են, թե ոչ»:

Հրայր Թովմասյանն ասաց, որ հաճախ պաշտոնյաները շահերի բախում են ունենում. «Նախարար լինի, թե ցանկացած պաշտոնատար անձ՝ կարող է ունենալ սեփականություն, ինչպես նաեւ նրա հետ փոխկապակցված անձինք կարող են սեփականություն ունենալ, ուստի ունեն որոշակի շահեր: Օրինակ, եթե պետք է ընդունվի թռչնաբուծական ֆաբրիկաներին հարկերից ազատելու մասին օրենք, իսկ իմ եղբայրն ունի թռչնաբուծական ֆաբրիկա, ես էլ կառավարության անդամ եմ, ես պետք է հայտարարեմ, որ եղբայրս ունի թռչնաբուծական ֆաբրիկա եւ դրանից հետո այդ ինֆորմացիան հանրության սեփականությունը պետք է դառնա»:

Նա ասաց, որ Ազգային Ժողովը պետք է ստեղծի իր էթիկայի հանձնաժողովը, քանի որ գործադիրի եւ պատգամավորական էթիկայի ոլորտում նորմերը տարբեր են եւ շահերի բախումներն էլ տարբերվում են միմյանցից:

Մեր այն դիտարկմանը, որ միեւնույնն է պաշտոնյաների մեծ մասի ունեցվածքն իրենց անունով չի գրանցված, անգամ հարազատների անունով չէ, եւ այս հանձնաժողովի ստուգումներն էլ շատ բան հնարավոր է չփոխեն, արդարադատության նախարարը պատասխանեց. «Այդ խնդիրը եղել է բոլոր այն երկրներում, որտեղ այս ուղղությամբ աշխատանքներ են արվել: Եղել են 3-4 նման դեպքեր, որտեղ այդ բարեկամի կամ հարեւանի անունով եղած ունեցվածքն այդ մարդը պարզապես օտարել է: Յուրաքանչյուր մարդ, պետք է իմանա, որ եթե պաշտոն է ուզում ստանձնել, այդ ռիսկն իր գլխի վերեւում կա»: Մեր հարցին՝ ուրեմն էթիկայի հանձնաժողովը միանշանակ կաշխատի՞, պարոն Թովմասյանը պատասխանեց. «Ոչ ոք չի կարող ասել, միանշանակ կաշխատի, թե՝ ոչ: Օրենսդրական հիմքերը եւ անհրաժեշտ գործիքները ստեղծված են: Համենայնդեպս, որոշակի շրջանակներում անհանգստությունը վկայում է այն մասին, որ դեռ լիարժեք չգործող հանձնաժողովի դերակատարությունն արդեն կա»:

Ոստիկանապետ Վովա Գասպարյանի կարծիքով էլ այս հանձնաժողովը շատ լավն է. «Ես կարծում եմ, որ այն շատ բան կփոխի, մարդիկ շաղ տալը կդադարեն»:

Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանն էլ հանձնաժողովի ստեղծումը դրական գնահատեց:

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն էլ էր համաձայն.«Ինձ թվում է վատ բան չի այն առումով, որ քննարկվելու է ամենը, էթիկայի նորմերը պահպանվելու են բոլոր բնագավառներում»:

Հիշեցնենք, որ վերջերս ստեղծվել է «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով»: Հանձնաժողովի առաքելությունը երկրում գործող հանրային ինստիտուտների նկատմամբ հասարակության վստահության բարձրացումն է եւ արդար համակարգի ներդրումը:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031