Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տեղական ծխախոտի թանկացման պատճառով՝ գերադասում են արտասահմանյան արտադրության ծխախոտները

Հունվար 12,2012 16:42

Հունվարի 1-ից տեղական արտադրության ծխախոտի թանկացումը՝ 10-50 դրամի չափով, ծխող սպառողների շրջանում դժգոհությունների ալիք է բարձրացրել եւ տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվել: Ոմանք կարծում են, որ կառավարությունը հերթական անգամ փորձում է սպառողի հաշվին  բյուջեն լցնել, շատերն էլ  այն մտքին են, որ պարզապես փորձ է արվում տեղական արտադրողին «նեղելու» հաշվին լավություն անել արտասահմանյան ծխախոտի խոշոր ներկրողներին:

Այսօր Aravot.am-ը  փոքրիկ հարցում անցկացրեց մայրաքաղաքի փողոցներում՝ ծխողների շրջանում: Մեր զրուցակիցներից շատերն արդեն որոշել են, որ այսուհետեւ  սկսելու են ծխել արտասահմանյան արտադրության ծխախոտ եւ ինչպես մեր զրուցակիցներից մեկը նշեց՝ «Եթե թունավորվենք, ապա գոնե արտասահմանյան ծխախոտից»:

«Այ քուրիկ ջան, ես ամեն օր 350 դրամանոց Ախթամար էի ծխում: Հիմա դառել ա՝ 400 դրամ, բան չունեմ ասելու, լավ սիգարետ ա, բայց արդեն արտասահմանյան LM կառնեմ, ավելի էժան ա, կամ էլ ուրիշ մի բան, բայց էլի արտասահմանյան»,-մեզ հետ զրույցում ասաց 25 տարի ծխող Գառնիկը:

Մեկ այլ քաղաքացի էլ ասաց, որ տեղական արտադրության VIP սիգարետ է օգտագործել, որը խանութներում թանկացումից հետո վաճառվում է 270-300 դրամով. «Էլ չեմ գնի այդ սիգարետը, կանցնեմ արտասահմանյան արտադրության Brilliant կամ էլ ուրիշ լավ ,ավելի էժան սիգարետի»:

Մեզ հետ զրուցած ծխողներից միայն մեկը վստահեցրեց, որ մշտապես օգտագործել է «Գառնի»  ծխախոտ եւ անգամ դրա 30 դրամ թանկանալը չի ստիպի նրան հրաժարվել հենց այդ ծխախոտից. «Համարյա ամեն օր առնում եմ էդ սիգարետը: 30 դրամ օրական ավել վճարելը չի երեւում, ամսվա կտրվածքով ստացվում է՝ 900 դրամ եմ ավելի վճարում, էդ մի նենց մեծ գումար չի, որ դրա համար սկսեմ ուրիշ բան ծխել»:

Տեղական ծխախոտ արտադրող «Գրանդ հոլդինգ» ընկերությունից Aravot.am-ի հետ զրույցում ասացին, որ թանկացման պատճառը, ինչպես 2010 թվականին, «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» օրենքում կատարված փոփոխությունն է. «2011-2012թթ 1 տուփի հաշվարկով, 30 դրամով բարձրացվել է տեղական արտադրության սիգարետների համար հաստատագրված վճարը: 2013-ին այդ վճարը կբարձրանա եւս 15 դրամով: Հարկերի բարձրացման պատճառով, 2012-ի հունվարի 1-ից բարձրացել են «Գրանդ հոլդինգի» կազմի մեջ մտնող ընկերությունների կողմից արտադրվող սիգարետների մի մասի բացթողնման գները՝ միջին հաշվով, 10 դրամի չափով»: Մեր այն հարցին՝ արդյոք ծխախոտի թանկացումը չի նպաստի տեղական արտադրության սպառման նվազմանը, ընկերությունից վստահեցրին, որ դեռ վաղ է նման կանխատեսումներ կատարել:

Այս թեմայի մասին մանրամասները կարդացեք վաղվա  տպագիր «Առավոտում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031