Լրահոս
Օրվա լրահոսը

Առասպելն անմահ է. կեցցե՝գիտությունը

Հունվար 12,2012 15:41

Հորինված պատմության հիման վրա կարելի է կանխատեսում կատարել միայն հորինված ապագայի համար, իսկ մենք բոլորս ապրելու ենք մեկ այլ ապագայում՝ իրական։

․․․ ժամանակակից աշխարհն այնքան էլ դիմացկուն չէ սեփական անցյալում կատարվող փոփոխությունների նկատմամբ, ինչպես դա կարող է թվալ։

Ալեքսանդր Ռոզով,

«Արեւն առագաստների վրա»

Այս տարվա գարնանը Արմակադ ցանցային դահլիճում հրապարակվեց հայագետ Հրաչ Մարտիրոսյանի «Քարահունջի առասպելի վերջը. պայքար հակագիտության դեմ» ծավալուն հոդվածը, ուղղված կեղծ կամ սիրողական գիտության դրսեւորումների դեմ։ Հոդվածն այդ ինձ վրա խառը տպավորություն թողեց եւ, միջին հաշվով՝ բացասական։

Ասեմ, որ ես ինքս գիտության եւ աշխարհը գիտական եղանակներով ճանաչելու անվերապահ կողմնակիցն եմ։ Մի քանի տարի առաջ ես հարցրեցի մեր անվանի հայագետներից մեկին, թե ինչու գիտնականները չեն քննադատում «քարահունջային» ոգով ստեղծված «տեսությունները», եւ պատասխան ստացա, թե, ինչ իմաստ ունի․ միեւնույնն է բոլորն էլ ծիծաղում են նման զառանցանքների վրա։ Այդ պատասխանը ինձ չբավարարեց․ ես գտնում էի, ու հիմա էլ եմ գտնում, որ նման «տեսությունները» պիտի՛ քննադատվեն մասնագետների կողմից, պիտի բացահայտվեն դրանց անօգուտ եւ նույնիսկ վնասակար լինելը։

Եւ ահա նման մի քննադատական հոդված գրված է։ Բայց, ցավոք, ես այն կարդում եմ առանց «խորը բավարարության» զգացումի։ Ավելին, ես զգում եմ, որ պարտավոր եմ հանդես գալ այդ քննադատության պատասխան քննադատականով։

Այո, ես գիտակցում եմ, որ իմ դիրքորոշումն ինձ համար լիովին անբարենպաստ է, եւ հնարավոր է, որ ես ինքս էլ քննադատվեմ բոլոր ճամբարների կողմից միաժամանակ։ Բայց չարտահայտվել էլ չեմ կարող։

Ստորեւ ես հիմնականում անդրադառնում եմ Հրաչ Մարտիրոսյանի շարադրած սկզբունքային հիմնահարցերին (ընդգծված են թավ շեղ տառատեսակով), գրեթե չխորանալով նրա առանձին օրինակների քննարկման մեջ։ Եթե նա ցանկություն հայտնի, կարող եմ ավելի մանրամասնորեն, բառ առ բառ քննարկել իր հետ իր հոդվածը՝ մասնավոր զրույցի ընթացքում։

 

Գիտության եւ կեղծ գիտության պայքարը երկար պատմություն ունի։ Ես իմ դասախոսություններում եւ հոդվածներում բազմիցս արտահայտվել եմ այդ հարցի շուրջ։ Ընդ որում միշտ շեշտել եմ, որ ինքը, պայքարը կեղծ գիտության դեմ պիտի նախ եւ առաջ գիտական լինի։ Մասնավորապես այդ հարցին ես անդրադարձել եմ «Евангелие от Немировского» (https://books.tarumian.am/Hodvatsner/Nemirovski.htm) եւ «Профессионализм и ревизионизм, или вновь о так называемой «Концепции арменизации Урарту»» (https://books.tarumian.am/Hodvatsner/Urartu.htm)  քննադատականներում եւ չկրկնվելու համար պարզապես առաջարկում եմ ցանկության դեպքում ծանոթանալ նշված նյութերին։ Ցավոք, դրանք գրված են ի պատասխան ռուսալեզու հեղինակներին, եւ ռուսերեն են։

Այո, սիրողական գիտությունը վնասակար է։ Բայց ոչ թե նրանով, որ ինչ-որ մարդիկ մոլորեցվում են։ Կիրթ մարդիկ հազվադեպ են դյուրահավատ լինում, իսկ մնացածներին միշտ էլ առասպել է պետք, ու հազիվ թե մեկը կարողանա ասել, լավ է դա, թե՞ վատ։ Վնասում են նրանով, որ նման «քննության» առարկա դարձած խնդիրները հետագայում ոչ մի մասնագետ այլեւս ցանկություն չի ունենում ուսումնասիրելու, քանի որ վախենում է «լուսանցքայինի» համբավի արժանանալուց։ Իսկ եթե հիշենք, որ ոչ մասնագիտական «քննության» առարկա են դառնում նախ եւ առաջ հենց ամենից վատ ուսումնասիրվածները, պարզ կդառնա, որ սիրողական գիտությունը գրեթե սպանում է այդ ուղղությունները։ Բավական է հիշել միայն հիքսոսների, նախամաշտոցյան գրի կամ հայ-շումերական առնչությունների խնդիրները։

Սակայն նշեմ եւս մեկ անգամ․ որպեսզի հակագիտության քննադատությունն արդյունավետ լինի, հեղինակը նախ եւ առաջ ինքը պիտի բացառապես գիտական սկզբունքներով առաջնորդվի։ Պետք է նկատել, որ կեղծ գիտությունը եւ սիրողական ուսումնասիրությունները քննադատելիս պահանջվում է գիտական եղանակի նույնիսկ ավելի բծախնդիր կիրառում, քան հասարակ գիտական աշխատության դեպքում։ Բանն այն է, որ գիտական աշխատությունն, ուղղված լինելով մասնագետներին, կարող է եւ շրջանցել որոշ ակնհայտ մասնագիտական նրբություններ, քանի որ ենթադրվում է, որ ընթերցողը ծանոթ է դրանց։ Մինչդեռ սիրողական ուսումնասիրողը, տեղյակ չլինելով այդ նրբություններին, չի հասկանա, թե որն է իր սխալը, եւ դեռ ավելի կամրապնդվի իր իրավացիության մեջ։

Եւ իրոք․ ինչո՞ւ է, առհասարակ, գործից անտեղյակ մարդը որոշում մուտք գործել իր համար անծանոթ գիտական բնագավառ։ Եթե մի կողմ թողնենք «գերարժեքավոր գաղափարների համախտանիշից» տառապողներին եւ պարզ խաբեբաներին, որոնց նպատակն է պարզապես ուշադրության կենտրոնում հայտնվելը կամ որեւէ հովանավորից դրամաշնորհ կորզելը (սրանց, միեւնույնն, է անիմաստ է ինչ-որ բան բացատրել), ապա սիրողական ուսումնասիրողը որոշում է գիտության բնագավառ մուտք գործել, երբ, մի կողմից՝ տեսնում է տվյալ գիտության անօգնական վիճակը, մյուս կողմից՝ եթե իր մոտ ինչ-որ գաղափարներ են ծագում այդ գիտության կնճռոտ հարցերի լուծման ուղղությամբ (երբեմն, գաղափարներն այդ կարող են լինել իրականությանը մոտ, թեեւ սովորաբար սխալ են դուրս գալիս, քանի որ չունենալով հիմնարար գիտելիքներ տվյալ բնագավառում հեղինակը, որպես կանոն մոլորվում է)։ Այսինքն, նույնիսկ ամենաանհեթեթ եւ ինչու չէ՝ հենց հայագիտության համար վնասակար մտքերի հեղինակները մեր ազգի ամենանվիրյալ անհատներն են։ Եւ դա նշանակում է, որ նախ՝ այդ մարդկանց եւ իրենց գաղափարների մասին խոսելիս մասնագետները պիտի ծայրաստիճան հարգալից լինեն, իսկ դրանից բացի, հաշվի առնելով այդ մարդկանց նվիրվածությունը գործին, փորձեն պարզապես օգնել նրանց, մուտք գործելու համար գիտական հուն եւ արդեն գիտական դիրքերից փորձելու զարգացնել սեփական գաղափարները (թեեւ, հանուն արդարության, պետք է խոստովանանել, որ դա, որպես կանոն, գրեթե անհնար է․ սակայն, միեւնույնն է, դա չի կարող արդարացնել նրանց հադեպ գիտնականի վիրավորական կեցվածքը)։

 

Այս վիճակին է բերում երկու հիմնական պատճառ։

Նախ, որքան էլ տարօրինակ թվա, դա որոշ գիտնականների՝ գիտության խնդիրների ու եղանակների անտեսումն է, երբ շփոթում են գիտական ենթադրույթը եւ ապացուցված փաստը, չհաստատված տեսությունը եւ հերքվածը, անհավանականը եւ սխալը եւ այլն[1]։

Եւ երկրորդը՝ պատմագիտության, լեզվաբանության եւ նման այլ գիտությունների այն սկզբունքային տարբերությունը բնական գիտություններից որ, սրանք շոշափում են ազգային խնդիրները եւ հեշտությամբ քաղաքականացվում են, այսինքն՝ դառնում են գաղափարաբանական կառուցվածքների հիմք։ (Ի դեպ, գիտության պատմությունը վկայում է, որ նույնիսկ բնական գիտությունների տվյլները, թեեւ ավելի հազվադեպ, կարող են քաղաքականացվել, ինչի լավագույն օրինակներն են տիեզերքի պտղոմեոսյան պատկերացումների որդեգրումը կաթոլիկ եկեղեցու կողմից, կամ գենետիկայի նկատմամբ խորհրդային գաղափարաբանների վերաբերմունքը)։ Բանն այն է, որ գիտական դաշտում ծնվող ենթադրույթները գաղափարաբանության եւ քաղաքականության տեսակետից կարող են անսպասելի արժեք ունենալ եւ նպաստել այս կամ այն շահագրգիռ կողմերին կամ չեզոք լինել։ Եւ եթե որեւէ տեսություն (նույնիսկ դեռեւս ենթադրույթի կարգավիճակում գտնվող) մուտք է գործում այս կամ այն գաղափարաբանական համակարգ, այն հայտնվում է դրա կողմնակիցների պաշտպանության տակ, որոնց մեծ մասը, բնականաբար, գիտությունից եւ գիտական տրամաբանությունից հեռու մարդիկ են։ Առաջարկել մի բան, որ հակասում է տվյալ խմբի գաղափարաբանությանը, նշանակում է հակադրվել ամբողջ այդ խմբին։

Եւ ահա վերջին մեկ-մեկուկես դարում, իսկ ըստ էության՝ ամբողջ ժամանակակից գիտության կայացման ընթացքում, հայագիտության ու հատկապես հայ ազգի վաղ շրջանի պատմության բնագավառում առաջարկված հիմնական տեսությունները  (որոնց մի մասը ոչ այլ ինչ է, եթե ոչ այս կամ այն աստիճանի հավաստիության ենթադրույթներ) թարսի պես հիմնականում տարբերվում էին հայ ազգի պատմության մասին ավանդական պատկերացումներից։

Օրինակ, հայոց պատմական ավանդույթը Հայոց պետությունը համարում է Թրոյական պատերազմի ժամանակակից, իսկ ներկայումս եւրոպական գիտության շրջանակներում բավական տարածված տեսակետների համաձայն՝ այդ ժամանակահատվածում հայերի նախնիները, որոնք թրակա-փռյուգիական ընդհանրության անդամ էին (մենք՝ հայերս, այսինքն) ու դեռեւս առանձնացած չլինելով դրանից՝ գտնվում էին հեռու Բալկաններում։ Իսկ Բիայնա թագավորությունը, որը մոտավորապես զբաղեցրել է մեզ հայտնի Մեծ Հայքի տարածքը, եւ որի թագավորների անունները չափազանց նման են ավանդական հայոց թագավորների անուններին, հայտարարված է ոչ հայկական պետություն։ Եւ առհասարակ, ցանկացած հայ ավանդական տվյալ ընդունվում է կասկածով, իսկ հունական կամ որեւէ այլ ավանդույթին պատմագետները վերաբերում են յուրատեսակ «անմեղության կանխավարկածի» շրջանակներում։ Երբեմն էլ եւրոպացիները ներողամտորեն նշում են, թե Հայաստանում այլ տեսություններ են տարածված։ Ասել է թե, հայերին սա դուր չի գալիս, բայց դե ինչ անես․ գիտությունը մնում է գիտություն։

Այո, գիտությունը՝ գիտություն է, եւ չի կարելի բացառել, որ նորագույն փաստերը եւ դրանց նորանոր մեկնությունները կհաստատեն եւրոպական գիտության տեսակետներն այդ հարցերի վերաբերյալ։ Սակայն դրեք ձեզ սովորական հայ մարդու տեղում, որը, չլինելով պատմաբան կամ լեզվաբան, ծանոթ չէ բազմաթիվ փաստերի եւ դատողությունների, ու հանկարծ պարզում է, որ գիտության տեսակետից իր նախնիները, պատմական սանդղակով չափած, ընդամենը անցած ամիս են հայտնվել այս հողում։ Ո՞րը կլինի այդ մարդու առաջին մղումը։ Այն, որ այս ամենը սուտ է, եւ հնարվել է մեր թշնամիների կողմից։ Երկրորդ մղումով այդ մարդը, հատկապես եթե արդեն իսկ ունի գրելու գոնե մի աննշան ձիրք, գրիչ է վերցնելու (կամ ստեղնաշար), եւ անցնելու է հակահարվածի՝ իր կարողությունների չափով։ Ու բնականաբար, քանի որ նա առաջ է քաշելու հայ մարդու համար շատ ավելի հոգեհարազատ դրույթներ, նրա տեսակետը սկսելու է արագորեն տարածվել հայկական միջավայրում։

Որեմն ինչպե՞ս վարվել։ Հրաչ Մարտիրոսյանը գրում է․

Իրեն հարգող ոչ մի լեզվաբան իրեն թույլ չի տա ներխուժել ճշգրիտ գիտությունների ասպարեզ ու, առանց հիմնարար գիտելիքների ու համապատասխան կրթության բազայի, համարձակ տեսություններ առաջադրել մաթեմատիկայի, ռադիոֆիզիկայի կամ քիմիայի ասպարեզում:

Իհարկե, տարօրինակ է, երբ հետազոտման գիտական սկզբունքները խախտում է մեկ այլ գիտության ներկայացուցիչ․ ակամա սկսում ես կասկածել նրա որակավորման հաշվով նաեւ իր առաջին մասնագիտության ոլորտում։ Իսկ մյուս կողմից, շատ զգուշորեն, բայց պետք է նկատել, որ ճշգրիտ գիտությունների ասպարեզ լեզվաբանին հենց այնպես չի էլ հաջողվի մտնել․ նույնիսկ ցանկության դեպքում, քանի որ այն պաշտպանված է մաթեմատիկական ապարատի անանցանելի պատով։ Թեեւ հանուն արդարության, հակառակն էլ պետք է նկատել, որ լեզվաբանության (ու նաեւ՝ պատմագիտության) ոլորտը թեեւ բաց եւ անպաշտպան է թվում, քանի որ գործ ունի այնպիսի ներըմբռնորեն ընկալելի նյութի հետ, ինչպիսին լեզուն է, սակայն ունի նաեւ իրե՛ն հատուկ «պաշտպանական համակարգը»։

Բանն այն է, որ ի տարբերություն ճշգրիտ գիտությունների խիստ ստորակարգված եւ մասնագիտացված համակարգի, երբ նույնիսկ միեւնույն գիտության տարբեր ճյուղերի մասնագետները կարող են գրեթե պատկերացում չունենալ հարեւան ճյուղի նրբությունների մասին (հաստատելով «մասնագետ» բառի կազմությունը), լեզվաբանությունը համեմատաբար միասնական ոլորտ է, եւ ենթադրում է ուսումնասիրողի գիտելիքների ընդգրկուն, արհեստագիտական լեզվով ասած՝ լայնաշերտ հիմք, որը կարող է գոյանալ միայն երկարատեւ եւ համակարգված ջանքերի արդյունքում։ Գուցե դա է պատճառը, որ տարիքի հետ լեզվաբանի «հարվածային հզորությունը» անշեղորեն աճում է, իսկ բնագետինը, ինչ-որ պահից սկսած, սովորաբար մնում անփոփոխ եւ կամ նույնիսկ նվազում է։ Եւ շնորհիվ դրա, լեզվաբանության տիրույթը անկոչ հյուրի համար վերածվում է մի հսկայական «ականապատված դաշտի», որն անցնելու ոլոր-մոլոր արահետը գտնելու համար անհրաժեշտ է իմանալ դաշտն ամբողջովին, այլ ոչ թե միայն նրա մի փոքրիկ գոտին։ Իսկ մեկ այլ առանձնահատկությունն էլ այն է, որ լեզվաբանության ականապատ դաշտում «պայթելը» չի խանգարում անկոչ հյուրին շարունակելու շարժումը․ «պայթյունները» հետեւում են մեկը մյուսին, սակայն հյուրն անցնում է դաշտով՝ հաճախ նույնիսկ չնկատելով դրանք։ Արդյունքում նա, իհարկե, ոչ մի արժեքավոր հանգրվանի չի հասնում, սակայն այդ դաշտում «զբոսնելը» իր մոտ լեզվաբանությամբ զբաղվելու պատրանք է ստեղծում։

Դա նկատում է նաեւ Մարտիրոսյանը․

Լեզվաբանությունը, մասնավորապես՝ համեմատական լեզվաբանությունը, ունի իր խիստ օրենքները: Տարբերությունն այն է, որ մաթեմատիկան, ֆիզիկան ու քիմիան գործ ունեն անօրգանական ու օրգանական սուբստանցիայի և այնպիսի հասկացությունների ու կատեգորիաների հետ, որոնք բացարձակ են, ամենուր ենթարկվում են կառուցվածքի ու զարգացման նույն օրենքներին և կախված չեն մարդկային հասարակության ու մշակույթի տարբերություններից, առանձնահատկություններից ու փոփոխություններից, մինչդեռ լեզուն մշտապես անկանխատեսելիորեն զարգացող ու փոփոխվող հասարակական երևույթ է և անքակտելիորեն կապված է տվյալ հանրության ու մշակույթի հետ:

Սակայն տվյալ դեպքում, իրավացիորեն նկատելով, որ «առանց հիմնարար գիտելիքների» այլ ասպարեզ մտնելը լավ բան չի, նա այնուամենայնիվ այլ ասպարեզ մտնում է։ Եւ, ինչպես ասվեց վերեւում, ասպարեզն այդ գաղափարաբանությունն է։ Ցանկացած լեզվաբան կամ պատմաբան պիտի հաշվի առնի, որ հայագիտության կնճռոտ հարցերի քննարկումը շոշափում է այդ ասպարեզի խնդիրները։ Եւ արդեն գիտության ներկայացուցիչները, ովքեր փորձում են քննադատել հակագիտական դրույթները, պիտի գիտակցեն, որ իրե՛նք են արդեն դուրս եկել իրենց մասնագիտական ոլորտից, եւ այն նոր դաշտում, պիտի հաշվի առնեն իրենց համար նոր՝ գաղափարաբանական ոլորտի կանոնները՝ փորձելով չխախտել դրանք։ Իսկ արդեն այս ասպարեզը նույնքան է տարբերվում հայագիտությունից, որքան հայագիտությունը, ասենք՝ միջուկային ֆիզիկայից․ ինչպես ֆիզիկոսին կարող է լեզվաբանությունը թվալ ներըմբռնորեն հասկանալի պարզ մի բան, այնպես էլ լեզվաբանը (էլ չենք էլ խոսում բնագետի մասին), հաճախ ի վիճակի էլ չի լինում գիտակցելու, որ խախտելով այս ասպարեզի կանոնները՝ նա կարող է նույնքան վնաս հասցնել իր ազգին, որքան հակագիտնականը՝ խախտելով գիտական սկզբունքները։ Վիճակն ավելի է բարդանում նրանով, որ եթե լեզվաբանությունը ունի թեեւ ոչ այնքան հստակ կառուցվածք, որքան բնագիտությունը, բայց անյուամենայնիվ՝ ունի, ապա գաղափարաբանության ասպարեզն է՛լ ավելի երերուն է ու անձեւ։ Դիմելով աստղագիտական համաբանության այն կարելի է նմանեցնել միգամածությանը, որի մեջ գտնվելիս կարելի է նույնիսկ չգիտակցել դրա գոյության փաստը, եւ միայն մեծ հեռավորությունից նայելու դեպքում կբացահայտվի նրա գոյությունը։ Դա է պատճառը, որ հաճախ ազգային գաղափարաբանության նույնիսկ գոյությո՛ւնն է վիճարկվում, կամ նրա մասին խոսելը համարվում է վնասակար։ Եւ միայն բազում տարիներ անց է գիտակցվում գաղափարաբանական ոլորտն աչքաթող անելու հետեւանքը, որը կարող է լինել ազգի համար ոչ պակաս կործանարար, քան հիվանդի համար սխալ ախտորոշումը։

Ուրեմն, թեեւ ուշացումով, պետք է փորձել անել այն, ինչը չի արվել նախկինում․ փորձել հանրայնացնել հայագիտության եղանակներն ու խնդիրները։ Եւ անել դա, ինչպես արդեն նկատվել էր, շատ ավելի մանրակրկտորեն ու բծախնդրորեն, քան զուտ մասնագիտական աշխատանքում․ մեծամիտ կեծվածքը միայն կխանգարի։ Մինչդեռ Հրաչ Մարտիրոսյանի ամբողջ հոդվածը կարծես բխում է նրա վիրավորված ինքնասիրությունից եւ սեփական անսխալականության կանխավարկածից (թեեւ մի տեղ հիշում է, որ բոլորն էլ սխալական են)։

Ահա, թե ինչ մարտավարություն է ընտրել Հրաչ Մարտիրոսյանը։

Նրան զայրացնում է «հայերենը հնդեվրոպական լեզուների մայր համարող հիմնազուրկ դրույթը»։ Սակայն որքան էլ այդ միտքն անհեթեթ է, նման հայացքներ կան եւ այլ ազգերի շրջանում, օրինակ՝ ռուսների, ուկրայինացիներ եւ այլն (Զադորնովի օրինակը հենց ինքը՝ Հրաչ Մարտիրոսյանն է հիշատակում)։ Եւ դա բնական է․ գաղափարաբանական ոլորտն, ի տարբերություն գիտականի, հիմնավորում չի ճանաչում․ այն իր բնույթով հարձակողական է եւ նվաճողական․ սա, ի դեպ, գաղափարաբանական ոլորտի օրենքներից մեկը կարելի է համարել։ Այն օրենքներից, որոնց գոյությունը չի գիտակցվում գիտական ոլորտի մասնագետների կողմից, որոնք միաժամանակ պահանջում են հարգել իրենց ոլորտի օրենքները։

«Գիտական հարցերի քննարկման տեղը ակադեմիական հրատարակություններն են, ոչ թե սոցիալական կայքերը», ասում է Մարտիրոսյանը։ Զարմանալի է. հեղինակը, որը գիտնական է եւ շփվում է ոչ այլ ուր, եթե ոչ՝ եւրոպական միջավայրում ու, հավանաբար ծանոթ է եւրոպական արժեքների էությանը, իրեն իրավունք է վերապահում սահմանելու, թե ով, որտեղ եւ ինչ բնույթի քննարկումներ պիտի անցկացնի։ Բարեբախտաբար նա ի զորու չէ սահմանելու սոցիալական, այն է՝ ընկերային ցանցերում քննարկումներ կատարելու կարգը։ Ավելի արդյունավետ կլիներ, միջոցներ որոնել այդ ցանցերում գիտական մտքի տարածման ուղղությամբ։ Սա, իհարկե, ավելի դժվար է (ժամանակ ու նյարդեր են պետք), քան գիտական միջավայրում (իսկ Արմակադը հիմնականում այդպիսին է)՝ այն է՝ հեռվից դժգոհություն արտահայտելը։ Հարվածները պիտի լինեն տեղային եւ կետային, այլ ոչ՝ զանգվածային ոչնչացմանն ուղղված։

«Գիտական աշխարհի կողմից լուրջ հակահարվածների բացակայությունը կամ սակավադեպությունը ավելի է զորեղացնում «մարտնչող տգիտության» հաղթարշավը և ձևավորում է համընդհանուր էյֆորիայի մթնոլորտ, որում ցանկացած հակընդդեմ ելույթ ընկալվում է որպես ազգային անվտանգության սպառնալիք, դավաճանություն»: Այս հիվանդագին մթնոլորտում դաստիարակվող սերունդը չի կարող ունենալ առողջ մտածելակերպ և լինել ճշմարիտ հայրենասեր: Իսկական հայրենասերը նա չէ, որ, առանց հասկանալու, հիացմունքով որդեգրում է ամեն պատահած մարդու ցնդաբանություններն ու ագրեսիվորեն լծվում դրանք հերքող գիտնականներին պիտակներ փակցնելու և նրանց վրա հայհոյանքների ու մտացածին զրպարտանքների տարափ տեղալու անպատվաբեր գործին, այլ նա, որ հայկական արժեքները ճանաչելու համար գլուխը կախ կարդում է, ուսումնասիրում, մտածում ու հարցնում:

տգետ ու ֆանատիկորեն ազգակենտրոն մարդիկ նախանձելի համերաշխությամբ համախմբվում են միմյանց շուրջ և ագրեսիվ ու հետևողական կռվի դուրս գալիս:

Ինչո՞ւ պիտի ազգակենտրոնությունը վատ բան համարի նույն այդ ազգի ներկայացուցիչը։ Կամ կա՞ն արդյոք ո՛չ ազգակենտրոն ազգեր։ Այդ ո՞ր ազգն է, որ ապրում է հարեւան, կամ հեռու ազգերի ճակատագրով, ավելի, քան սեփականով։ Բայց միայն մտասուզվեք բառերի այդ հաջորդականության իմաստի մեջ․ «տգետ ու ֆանատիկորեն ազգակենտրոն»։ Ասված է այնպես, կարծես թե սրանք անբաժան հասկացություններ են։ Իսկ չի՞ կարող լինել «գրագետ ու մոլեռանդորեն (ֆանատիկորեն) ազգակենտրոն)»։ Պատկերացնենք նույն այդ արտահայտությունը, որում կատարված է այդ փոփոխությունը, ու նաեւ «ֆանատիկորեն» եւ «ագրեսիվ» փոխառությունները փոխարինված են հայերեն համարժեքներով (փոխառությունները միշտ էլ բացասական կամ սաստկացուցիչ երանգ ունեն, օրինակ․ խիարվարունգ, պրոբլեմխնդիր, չոբանհովիվ, եւ այլն)․ «գրագետ ու մոլեռանդորեն ազգակենտրոն մարդիկ նախանձելի համերաշխությամբ համախմբվում են միմյանց շուրջ և հարձակողական ու հետևողական կռվի դուրս գալիս»։ Ի՞նչ վատ է։

Պարզվում է՝ վատ է։ Նախ, ակնհայտ է, որ հեղինակի համար ազգակենտրոն, մոլի կամ հարձակողական լինելը սկզբունքորեն վատ բան է, եւ նման հատկություններ ունեցող մարդը կարող է միայն տգետ լինել։ Բայց եւ նույն այդ կռիվ-ը։ Ո՞ւմ դեմ է կռիվը։ Եւ ո՞ւմ են «հակահարված» տալիս այդ տգետները․ բնականաբար՝ թշնամուն, «սատանայի բոլոր ծառաներին»։ Եւ ի՞նչ ունենք արդյունքում․ երկու հայ բանակների ճակատամարտ, որում տգետ անզգակենտրոնները հաղթարշավ են կատարում գրագետ սատանայի ծառաների դեմ գրոհելիս։ Եւ վերջիններս Հրաչ Մարտիրոսյանի կոչով պիտի փորձեն «համընդհանուր զորահավաք» կազմակերպել իրենց շարքերում, հակահարված տալու համար։ Սա մեկ անուն ունի․ քաղաքացիական պատերազմ՝ բոլոր հայտնի հետեւանքներով։

Բնականաբար, հարցեր են առաջանում․ ո՞ւմ է ձեռնտու, ո՞վ է մեղավորը, ինչպե՞ս վերջ տալ այս պատերազմին։ Եւ մեկ այլ հարց․ ո՞վ պիտի նախաձեռնի հաշտեցման գործընթացը (եթե իհարկե, կողմերը մտանդիր չեն կռվելու մինչեւ լիակատար փոխբնաջնջում)։ Ըստ իս, նախաձեռնողը պիտի լինի կողմերից առավել խելամիտը։ Եւ հակառակը․ եթե կողմերից ոչ մեկը նախաձեռնություն չդրսեւորի, ուրեմն ոչ մեկը խելամիտ համարվել չի կարող։

Մյուս կողմից, երեւի ճիշտ կլիներ, եթե խելամիտ դուրս գար գիտնականը․ դա, մի տեսակ, կարծես, ավելի տրամաբանական է։ Սակայն դրա ոչ մի նախադրյալ առայժմ, չի երեւում։ Օրինակ, փոխանակ գրվի, որ հայերենը չի կարող նույնացվել շումերերենի հետ, քանի որ․․․, կարդում ենք «…որոշ ուսումնական հաստատություններում խելացի ուսանողները չեն համարձակվում առարկել նույնիսկ հայերենը շումերերենի հետ նույնացնող և նմանատիպ այլ տգետուինքնավստահ (Ռ․Թ․) զեկուցումներին»։

Մարտիրոսյանը գտնում է, որ «իսկական հայրենասերը» «հայկական արժեքները ճանաչելու համար գլուխը կախ կարդում է, ուսումնասիրում, մտածում ու հարցնում», բայց չի ասում, թե ո՞ր միջավայրում (գիրք, հեռուստատեսություն, համացանց) պիտի կարդա եւ ո՞ւմ պիտի հարցնի։ Նա դժգոհում է, որ «պատմական ու բանասիրական գիտելիքներից զուրկ մարդիկ ագրեսիվ համառությամբ համացանցն ու հեռուստաեթերը լցնում են իրենց ազգակենտրոն զառանցանքներով», բայց կոչ չի անում լցնել Համացանցը այնպիսի նյութերով, որոնք գիտականորեն կբացատրեն «ազգակենտրոն» պատկերացումների սխալականությունը, քանի որ հարցնողին պատասխանող է պետք, մինչդեռ, ինչպես ասվեց, սովորաբար գիտնականները հոդաբաշխորեն չեն պատասխանում հետաքրքրվողներին տանջող հարցերին։ Դրա փոխարեն նա, ինչպես տեսանք, միայն կոչ է անում «հակահարված» տալ, ավելի ակտիվորեն պայքարել կեղծ տեսությունների դեմ ու ամուր տեղեկատվական հակակշիռ ստեղծել։ Սա ընկալվում է, որպես պատերազմը մինչեւ հաղթական ավարտը շարունակելու, այլ ոչ թե փոխըմբռնման հասնելու կոչ։  Դե՜, a la guerre comme a la guerre, այնպես որ անցնենք առաջ․․․

«Պարզ է, որ դուք ունեք համոզուածութիւն Ձեր փաստերի մէջ, բայց չէ՞ որ նմանատիպ համոզուածութիւն կարող են ունենալ բոլորը», — հարցնում է ընդդիմախոսներից մեկը։ Սկզբունքորեն, պարկեշտորեն արտահայտված եւ ընդունելի հարց է, թեեւ՝ հռետորական։ Մինչդեռ Մարտիրոսյանի պատասխանն, իրավաբանական լեզվով ասած, ակնհայտորեն գերազանցում է «թույլատրելի պաշտպանության սահմանը»։ Ընդ որում նա անում է դա գիտակցաբար՝ ոչ պահի ազդեցության տակ։ «Պատասխանս կատեգորիկ է. Ո՛Չ, ԱՅՍ ՀԱՐՑԵՐՈՒՄ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԱՅԴՊԻՍԻ ՀԱՄՈԶՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼ: (Այսպիսով, Մարտիրոսյանը անձամբ է որոշում՝ ո՛ր հարցերում կարելի է համոզվածություն ունենալ, որոնցում՝ ոչ։ Իհարկե, եթե դու գիտական հանդեսի խմբագիր ես, քո իրավունքն է մերժել տվյալ նյութի հրապարկումն՝ առանց բացատրության։ Բայց ինչո՞ւ դա պիտի տարածվի բոլորի վրա։) Չես կարող ավերել հիմքերը մի գիտության, որի մասին ոչինչ չգիտես: (Դե, եթե չեն կարող, ուրեմն անհանգստանալու կարիք էլ չկա։ Բայց գուցե «չես կարող» բառը կիրառված է «իրավունք չունե՞ս» իմաստով։ Այդ դեպքում, ի՞նչ է, եթե դրա մասին ինչ-որ բան գիտես, ապա կարելի՞ է։) «Չես կարող ջարդել մի պատ, որի ոչ նյութին ես ծանոթ, ոչ հաստությունը գիտես, ոչ համապատասխան գործիքներ ունես: (Կրկին պարզ չէ «կարող» բառի իմաստը։ Եթե անհնար է պատը քանդել, թող որքան ուզում են զարկեն։ Բայց դե, արի ու տես, երեւի ո՛չ նյութին են ծանոթ, ո՛չ հաստությանը, բայց ինչ-որ հաջողության հասնում են․ կամ պատն է թույլ, կամ գործիքն է այնքան հզոր, որ պատի նյութն ու հաստությունը նշանակություն չունեն։) Սովորական անտեղյակությունը ներելի չիմացություն է (Դե, անտեղյակությունը հենց չիմացությունն է) (մենք բոլորս էլ խիստ սահմանափակ գիտելիքներ ունենք) (առանց մեկնաբանության), իսկ սեփական անբարեխղճությունն ու մարտնչող անգրագիտությունը հրապարակ հանելը և տեսությունների տեսքով աջուձախ պրոպագանդելը՝ աններելի տգիտություն: (Իսկ նախադասության այս մասն ամենամեղմ տարբերակով կարելի է միայն պիտակավորում որակել։ Թեեւ հեղինակը համարում է, որ ոչ մի անհարիր բառ չի գործածել․ «Իմ գործածած ամենածանր բնութագրումներն են տգիտությունը, անհեթեթը և այլն, որոնցից յուրաքանչյուրի համար ես պատասխանատու եմ»։ (Ո՞ւմ առջեւ։) Ի դեպ, Հրաչ Մարտիրոսյանի հոդվածում 9 անգամ կիրառված է մարտնչող բառը, 20 անգամ՝ տգիտությունը, 16 անգամ՝ անհեթեթը։ Բնականաբար, սրանք մի սաստիկ հայհոյանքներ չեն։ Հատկապես՝ բազմակետերի համեմատ․․․։-), որոնք ցավոք, ինչ խոսք, իրոք գոյություն ունեն։ Ես երբեք ինձ թույլ չեմ տա որևէ գիտական տեսակետ որակել որպես տգիտություն, որքան էլ այն թույլ կամ անհավանական լինի: Բայց այստեղ խոսքը հիմքից կատարելապես զուրկ անհեթեթությունների մասին է, ոչ թե գիտական վարկածների: (Ակամա հիշում ես Լյուդվիգ Սոուչեկի հավաքած «ակադեմիական» մոլորություններն՝ այս կամ այն բանի ոչ գիտական լինելու վերաբերյալ։) Այսպիսի դեպքերում ԱՆՀՐԱԺԵՇՏ Է իրերը կոչել իրենց անուններով, որպեսզի ոչ մասնագետ մարդիկ զգուշանան մոլորվելուց ու զոմբիանալուց: (Չգիտես ինչու ոչ մասնագետները Մարտիրոսյանի համար խելապակաս մարդիկ են պատկերացվում, որոնք չեն կարողանա պարզապես կասկածելի դրույթը անհեթեթից տարբերել։) Օրինակհայոց այբուբենը (ուշադրությունլեզուն էլ չէ՝ այբուբենը) լեզուների նախահիմք համարող «տեսությունը» անվանել եմ «տգետ ու հրեշավոր մոլորություն»:  ․․․ եթենմանատիպ տեսակետները ներկայացվեինզգուշավորությամբ, ավելի տանելի կլիներ։ Բայց ինչո՞ւ զգուշավորությամբ չի ներկայացնում իր տեսակետները Հրաչ Մարտիրոսյանը։ Պարզ է․ քանի որ նա իրեն արդեն իսկ արտոնյալ վիճակում է պատկերացնում։ Իհարկե, վերոհիշյալ «տեսությունները» ինձ մոտ նույնպես միայն ժպիտ են առաջացնում, բայց, կրկնում եմ․ դիմացինը կարող է նույնպիսի համոզվածությամբ լցված լինել․ ի՞նչ է, շարունակե՞նք պատերազմը։

Երբ այսպիսի գաղափարները բացահայտորեն իրենց արժանի ձևով բնութագրելու փոխարեն գրում ես «այս տեսակետը հիմնավոր չէ» կամ նման մի կիրթ բան, ապա մարդկանց թվում է, թե պարզապես գործ ունենք միևնույն գիտական խնդրի տարբեր մոտեցումների հետ, ու նրանք գրեթե նույն նժարների վրա են դնում այդ հակադիր տեսակետները: Դա անընդունելի է:

Ինչ խոսք, երբ ընդդիմախոսդ խառնում է «այբուբեն» եւ «լեզու» հասկացությունները, չգիտես ինչ ասես։ Դե, ի վերջո, ոչինչ մի էլ ասա։ Իսկ եթե գիտնականը խոսում է մոլորակների շարժման օրինաչափությունների մասին, համարելով դրանք բյուրեղյա ոլորտների վրա ամրացված, դրա՞ն ինչպես վերաբերես։ Բայց խոսում էին չէ՞։ Ու ոչինչ՝ առաջադիմությունն ակներեւ է։ Համենայն դեպս, այսօր նման մակարդակով չի արտահայտվում նույնիսկ Վատիկանը։ Բայց ո՞վ գիտի՝ վաղվա գիտելիքների տեսանկյունից ինչ ահեթեթություններ ենք պնդում այսօր մենք՝ համարելով ինքներս մեզ Գիտության անունից խոսող գիտնականներ։

Եթե մի լեզվաբան, առանց ֆիզիկայի տարրական իմացության և առանց նույնիսկ իմանալու Երկրի ձգողականության օրենքի գոյության մասին, հոդված գրի՝ փորձելով ապացուցել, որ առարկաներն ընկնում են Երկրի վրա Լուսնի կենտրոնախույս ուժի ազդեցությամբ, և դեռ հեռուստացույցով ու համացանցում ամեն առիթով կուրծք ծեծի, թե՝ տեսեք ինչ գյուտ եմ արել, ապա իրեն ու իր գիտությունը հարգող յուրաքանչյուր ֆիզիկոս պարտավոր կլինի նրան իր տեղը դնել ու տգետ համարել, որ ոչ մասնագետները հանկարծ մոլորության մեջ չընկնեն: Հիմա ես, որպես հայագետ, ինձ իրավունք եմ վերապահում հայագիտությունը պաշտպանել ֆիզիկոսների ու մաթեմատիկոսների գրեթե այդ կարգի ոտնձգություններից: Իհարկե, համեմատությունս գրոտեսկային է և գուցե ոչ այնքան կոռեկտ. սակայն գործի էությունը դրանից չի փոխվում:

Եթե «Լուսնի կենտրոնախույս ուժի» մասին օրինակը գրոտեսկային է (իսկ դա իրոք այդպես է․ օրինակ անհասկանալի է, թե այդ ինչ «Երկրի ձգողականության օրենքի» մասին է խոսքը․ հավանաբար պիտի լիներ «համաշխարհային ձգողականության օրենք»), ապա իր գիտությունը հարգող ոչ մի ֆիզիկոս պարտավոր չի լինի դրա հեղինակին տեղը դնել ու առավել եւս տգետ համարել, քանի որ եթե դրանից ոչ մասնագետները պիտի մոլորության մեջ ընկնեն, ուրեմն իր գիտությունն այնքան խախուտ հողի վրա է, եւ կամ այնքան վատ վիճակում է այդ գիտության ներկայացվածությունը հանրությանը (ինչի մեղքը մասնավորապես հենց իր, եւ իր գործընկերներինն է), որ նա պիտի մի կողմ դնի իր հպարտությունը եւ սկսի մատների վրա բացատրել իր գիտության եւ դատողությունների հիմունքները, ինչպես տասնամյակներ շարունակ վարվել են Յակով Պերելմանը, Մարտին Գարդները, Ժյուլ Վեռնը՝ վերջապես, ստեղծելով գիտության հանրամատչելի շարադրանքներ։ Հանճարեղ մաթեմատիկոս Ադրեյ Կոլմոգորովը գրել է դպրոցական դասագրքեր, մեծանուն ֆիզիկոս Սթիվեն Ուայնբերգը տվել է տիեզերքի զարգացման իր տեսությունից բխող փայլուն հանրամատչելի շարադրանք․ տասնյակ ու տասնյակ այլ օրինակներ։ Եւ առանց ջղագրգռության եւ պիտակավորման։ Կամ նույն այդ այբուբենի մասին։ Մեծանուն գիտնական Յոհաննես Ֆրիդրիխը հանրամատչելի կերպով շարադրել է գրի պատմությունը, ու թեեւ շոշափել է նաեւ հայոց գրի ծագման հարցը, սակայն չափազանց մակերեսորեն։ Իսկ ո՞ւր են մեր հեղինակների նմանօրինակ գրքերը։ Այսօր մենք ճաշակում ենք հայ գրականության հենց այդ շերտի տկարության հետեւանքները։

 

Իսկ նման հոդվածներով խնդիր չես լուծի։ Գիտության պատմությանը (այլ ոչ միայն՝ հայագիտությանը) հայտնի են բազմաթիվ մոլորություններ, որոնք հերքելու համար դարեր են անհրաժեշտ եղել։ Եղել են պնդումներ, որոնք ճշմարտություն են համարվել դարերի ընթացքում, բայց հետո անվերապահորեն հերքվել են, օրինակ՝ Արեգակի՝ Երկրի շուրջ պտտվելու մասին պատկերացումը։ Եղել են պնդումներ, որոնք անհնար են համարվել, բայց հետո դրանք սովորական բաներ է դարձել, ինչպես օրինակ՝ տեսա- եւ ձայնագրությունը կամ տիեզերագնացությունը։ Եղել են տեսություններ, որոնք կառուցվել են սխալ կանխավարկածների հիման վրա, բայց որոնց շրջանակներում ձեւակերպված օրինաչափությունները ճիշտ են ստացվել, օրինակ՝ թերմոդինամիկան։ Կան տեսություններ, որոնք երկար ժամանակ ճիշտ են համարվել (օրինակ՝ լույսի մասնիկային տեսությունը), հետո հերքվել են (ալիքային տեսությամբ), բայց հետո բացահայտվել է երկու տեսությունների ճշմարտացիությունը՝ տարբեր տեսակետներից դիտած։ Եղել են ժամանակներ, որ նույնիսկ հռչակավոր գիտնականներին թվացել է, թե արդեն վաղուց ամեն ինչ հայտնագործված է, եւ գիտնականներն այլեւս անելիք չունեն։

Եւ առհասարակ, յուրաքանչյուր գիտնական պիտի առաջնորդվի հետեւյալ սկզբունքով․ անհնար է, որ բոլոր եղած տեսությունները սխալ լինեն (այլապես հետազոտողը չի կարողանա սեփական դատողությունների համար հենակետեր գտնել), բայց եւ անհնար է, որ ամեն ինչում ճիշտ լինեն (այլապես բոլոր տեսություները պիտի անհակասական լինեին, ինչը չի դիտվում)։ Սակայն իրականում վիճարկվում են գրեթե բոլոր տեսությունները, եւ գիտնականը իրավունք չունի անվերապահորեն ընդունելու ոչ մի պնդում, ինչպես հավատացյալը իրավունք չունի կասկածի տակ դնելու իր սուրբ գրքի հաղորդածը։ Բայց վիճարկել, չի նշանակում՝ անպատվել, ու առավել եւս՝ արհամարհել։ Ապացուցել է պետք։ Ընդ որում՝ ապացույցները պետք է շարադրել հստակ ու հետեւողականորեն․ առանց խորամանկությունների ու երկակի ստանդարտների։

Միայն մեկ օրինակ. նույն այդ հայ-շումերական առնչությունների խնդիրը, որի մասին հիշում է Մարտիրոսյանը, համարելով այն «հայերենը շումերերենի հետ նույնացնող»։ Իրականում, հայերենը շումերերենի հետ նույնացնելը (այլ կերպ՝ շումերերենը հայերենի հնագույն վիճակը համարելը) խնդրի սահմանային պնդումներից մեկն է միայն։ Մյուս սահմանային պնդումը կլինի հայերենի եւ շումերերենի ընդհանրությունների լիակատար բացառումը։ Իսկ այս երկուսի միջեւ տարածվում է բազմաթիվ միջանկյալ պնդումների շարքը, օրինակ՝ ա հայերենը եւ շումերերենը միեւնույն լեզվընտանիքի (խմբի) անդամ են բ լեզուներից մեկը կամ երկուսը փոխառել են մյուսի բառապաշարը, քերականական կառուցվածքը գ ազգերը շփվել են, փոխառվել են գրական, մշակութային բաղադրիչներ, սակայն լեզվի վրա դա հետք չի թողել․ կամ՝ դ թողել է․ այսպիսի ու այսպիսի հետք եւ այլն, եւ այլն։ Եւ այս պնդումներից յուրաքանչյուրը հայ-շումերական առնչությունների խնդրի շրջանակում գիտությունը կարող է հերքել՝ ներառյալ սահմանային պնդումները, կամ՝ հաստատել։ Բայց դրա համար լուրջ, անաչառ, գիտական ուսումնասիրություններ են պետք, որոնք այսօր չեն ընթանում երկու «բանակների» «քաղաքացիական» բախումների հետեւանքով։

Իրոք, կարո՞ղ են եղած լինել հայ-շումերական առնչություններ։ Եթե շումերերենը խոսվել է մինչեւ մ․ թ․ ա․ Բ հազարամյակը եւ որպես օժանդակ կամ ծիսական լեզու ինչ-որ կերպ գործածվել է համարյա մինչեւ մ․ թ․ սկիզբը, իսկ հայոց լեզուն, ըստ որոշ տեսակետների (օրինակ՝ “Language-tree divergence times support the Anatolian theory of Indo-European origin”. Russell, D. Gray & Quentin D. Atkinson), ԿԱՐՈՂ էր ինքնուրույն լեզու դարձած լինել դեռեւս մ․ թ․ ա․ Գ հազարամյակից, ապա ՏԵՍԱԿԱՆՈՐԵՆ երկու լեզուներին ծանոթ անձինք կարող էին շփվել, եւ դա կարող էր իր հետքը թողնել հայոց (շումերաց) լեզվի վրա։ Կրկնում եմ, ՏԵՍԱԿԱՆՈՐԵՆ։ Բնականաբար, ԵԹԵ ընդունենք, որ հայերը (կամ նախահայերը) հնում բնակվում էին Բալկաններում, եւ հայտնվել են Մեծ Հայքի տարածքում միայն մ․ թ․ ա․ Ա հազարամյակի սկզբում, ապա հայ-շումերական հնարավոր առնչությունների համար ժամանակը խիստ կկրճատվի։ Բայց, միեւնույնն, է կմնա մոտ մեկ հազարամյակ, երբ շումերերենը դեռեւս որպես ծիսական լեզու ուներ չափազանց սահմանափակ գործածություն եւ կրկին ՏԵՍԱԿԱՆՈՐԵՆ կարող էր ազդած լինել հայոց լեզվի վրա։ Կամ վերջապես այդ ազդեցությունը կարող էր եւ միջնորդված լինել։ Ի՞նչ տրամաբանությամբ գիտությունը պիտի անտեսի այս հնարավորությունները եւ ուսումնասիրման առարկա չդարձնի դրանք։ Ուրեմն կարող ենք աշխատել այս ուղղությումբ։

Եւ վերջապես։ Պետք է կարողանալ զանազանել․ աքսիոմը՝ թեորեմից, դրույթը՝ ենթադրույթից, «անհավանականը»՝ սխալից, «նախագահողի բոցաշունչ ելույթը»՝ զեկուցողի մոտեցումներից։ Եթե զեկուցողը առաջարկում է «III + qu6 կոմբինացիան» կարդալ «ere(k) «երեք»», ապա այդ պնդումը հերքողը պիտի հստակորեն ցույց տա նման ենթադրության սխալականությունը, այլ ոչ թե գրի․ «իրականում հայ. երեք բառը հնդեվրոպական *treyes նախաձևից է սերում և քննվող ժամանակաշրջանում դժվարթե (Ռ․Թ․) արդեն երեք տեսքը ձեռք բերած լիներ»։ Կա՛մ այդ զեկուցողի պնդումը հակասում է գիտական ինչ-որ հիմնարար դրույթներին, կա՛մ՝ ոչ, իսկ «դժվար թե»-ն փաստարկ լինել չի կարող (հատկապես նման հոդվածի ոգու շրջանակներում)։

 

Այսպիսով․

1. Հայագիտության նվաճումների ճիշտ ընկալում կարելի ակնկալել միայն, երբ ջանքեր կգործադրվեն այդ նվաճումների անաչառ հանրայնացման ուղղությամբ։

2. Արգելանքը միայն է՛լ ավելի գայթակղիչ կդարձնի անցանկալին։ Եւ հենց հեղինակի երազած նպատակի տեսակետից խոհեմ առաջարկ չէ «Քարահունջ – Stonehenge տեսության «պատմա-բանասիրական դոսյեն»» «փակել և ուղարկել արխիվ»: Առաջարկում եք «մոռանա՞լ Հերոստրատին»։

3. Իր մասնագիտական տիրույթի կանոնները հարգել պահանջողը պիտի հարգի նաեւ այլ տիրույթների կաննոնները՝ հնարավոր համարելով, որ կարող են լինել նաեւ տիրույթներ, որոնց գոյությունը նա աչքաթող է արել։

4. Գիտությունը ճշմարտության վերհանման տիրույթ է, եւ (կատարյալ դեպքում) չպիտի հիմնվի հեղինակությունների վրա։ Իհարկե, գիտնականը, որպես մարդ, թուլություններ կարող է ունենալ, եւ հեղինակություններին ապավինելը որոշ չափով օգնում է աշխատանքն արագացնելուն, բայց խոսքն այստեղ գիտական սկզբունքների մասին է։ Իսկ երբ սկսում են անհանգստանալ, թե «մեր գիտության վարկը սպառնալիորեն իջնում է», դրանով իսկ արդեն դուրս են գալիս գիտական տիրույթից։ Գիտնականն իր աշխատանքում չպիտի առաջնորդվի մտահոգությամբ, թե ո՛վ ինչ կասի․ այդ մասին թող մտածեն դիվանագետները։

Դա էլ իրենց մասնագիտական տիրույթն է։

Ռուբեն Թարումյան

2011, մարտնոյեմբեր

 

ՀԳ Արդեն ուզում էի տարածել այս գրվածքը, երբ Համացանցում գտա Հրաչ Մարտիրոսյանի մեկ այլ հոդված՝ «Հայոց լեզուն և Հայկական լեռնաշխարհը», որի սկզբնամասում նա անդրադառնում է հայերի տեղաբնիկության հարցին, եւ որոշեցի հավելել այդ հոդվածից մի ծավալուն մեջբերում՝ իմ փոքրիկ մեկնաբանությամբ հանդերձ, քանի որ սա Հրաչ Մարտիրոսյանի դատողությունների ցայտուն օրինակ է։

Անհրաժեշտ է գիտակցել, որ հայոց լեզվի կրողների (NB! ընդգծում եմ, խոսքը վերաբերում է ոչ թե հայերին ընդհանուր՝ մարդաբանական առումով, այլ հայոց լեզվի կրողներին)՝ Հայկական լեռնաշխարհում եկվոր լինելու տեսակետը հակահայ գիտնականների մոգոնվածքը չէ: Քանի որ հայերենն, անկասկած, հնդեվրոպական լեզու է, ապա հայերենի կրողներն ինքնըստինքյան պետք է (Ռ․Թ․) Հայկական լեռնաշխարհ գաղթած լինեն հնդեվրոպական նախահայրենիքից, այսինքն՝ այն տարածքներից, որտեղ բնակվել է հնդեվրոպական նախալեզվով խոսող հանրությունը այդ նախալեզվի տրոհումից առաջ: Զարմանալի է, որ այս հանգամանքը շատերի մոտ հիվանդագին կերպով է ընկալվում: Հնդեվրոպական բոլոր լեզուներն էլ եկվոր են իրենց պատմական հայրենիքներում, նույնիսկ նրանք, որ ամենահինն են իրենց գրավոր հուշարձաններով ու ամենաշատն են լեզվական նյութ տրամադրում հնդեվրոպական նախալեզվի վերակազմության համար՝ խեթերենը, սանսկրիտը, ավեստերենը, հունարենը, լատիներենը և այլն: Պետք է առնվազն նախապաշարված լինել այստեղ անպատվաբերություն կամ ազգային անվտանգությանն առնչվող խնդիր տեսնելու համար: Կասկածից դուրս է, որ Հայկական լեռնաշխարհի մարդաբանական ու մշակութային ժառանգները հայերն են, և հայալեզու տարրը Հայկական լեռնաշխարհում է ավելի քան 3.000-3.500 տարի, մինչդեռ թուրքերն ընդամենը մեկ հազարամյակի ընթացքում մեր հայրենիք ներխուժած և այն զավթած ոճրագործներ են: ՈՒրեմն ի՞նչ նշանակություն ունի՝ հայերենի կրողները Հայկական լեռնաշխարհ են եկել երեք, չորս կամ հինգ հազար տարի առաջ թե այնտեղ են եղել «ի սկզբանե»:

Հնդեվրոպական նախամայր լեզուն սկսել է տրոհվել մոտ 6-7.000 տարի առաջ, իսկ ըստ այլ տեսակետի՝ մի քանի հազարամյակ ավելի վաղ: Նախահայրենիքի տեղայնացումը վիճահարույց է. այն մարդիկ, որոնք պնդում են, թե նախահայրենիքի տեղադրումը Հայկական լեռնաշխարհում արդեն վերջնականապես ապացուցված է, և այն էլ՝ «մաթեմատիկական ճշգրտությամբ», բացարձակապես անտեղյակ են խնդրի էությանը: Տեսականորեն անհնար չէ, որ, իվերջո, նախահայրենիքի հայաստանյան կամ առաջավոր ասիական տարբերակը հետագայում ավելի ամրապնդվի: Սակայն անհրաժեշտ է հասկանալ, որ նման հարցերն այդպես հեշտությամբ չեն լուծվում: Այդ ուղղությամբ դեռ շատ աշխատանք պետք է կատարվի:

Առանց մեկնաբանության թողնելով հեղինակի քաղաքագիտական պնդումները (այս կարգի դատողություններին ես անդրադարձել եմ, մասնավորապես, վերոհիշյալ https://books.tarumian.am/Hodvatsner/Nemirovski.htm նյութում), նկատեմ միայն, որ եթե նրա խոսքերով  «Նախահայրենիքի տեղայնացումը վիճահարույց է» եւ եթե «Տեսականորեն անհնար չէ, որ, ի վերջո, նախահայրենիքի հայաստանյան կամ առաջավորասիական տարբերակը հետագայում ավելի ամրապնդվի», ապա արդեն իսկ այսքանից հետեւում է, որ հայերենի կրողներն ինքնըստինքյան  պետք չէ, որ Հայկական լեռնաշխարհ գաղթած լինեն մեկ այլ վայրից․ դա սոսկ տարբերակներիցմեկնէ։ Եւ «պետք է առնվազն նախապաշարված լինել», այսքան անվերապահորեն հակառակը պնդելու համար։ Բնականաբար, ոչ մի խոսք չի կարող լինել նաեւ «մաթեմատիկական ճշտության» մասին, թեեւ ակնհայտ է, որ նման արտահայտությունները զուտ հռետորական են։ Եւ ծնվում են դրանք սոսկ որպես արձագանք այս կարգի դատողությունների  եւ չարժե դրանցից կառչել։

 


 1 Գիտությունը եւ գիտնականը՝ գիտության սպասավորը, իր գործունեությամբ գտնվում է անհայտության ճանաչման առաջին գծում։ Գծում, որը բաժանում է շրջակա աշխարհը երկու մեծ հատվածների. ճանաչված (որի բովանդակությունը կազմում է գիտելիքը, այն է՝ հայտնի փաստերը եւ դրանց ապացուցված մեկնությունները) եւ՝ անհայտ։ Գիտելիքի, այսինքն, արդեն իսկ հաստատված, այս կամ այն աստիճանի հուսալիությամբ ապացուցված տեղեկությունների յուրացումը եւ դասակարգումը գիտնականի կարեւորագույն զբաղմունքներից է։ Սակայն սա միայն գիտության սկիզբն է։ Անհրաժեշտ է նաեւ իմաստավորել գիտելիքը՝ հասկանալու համար դրա առանձին հատվածների տրամաբանական կապը։ Միայն այս միջոցով գիտնականը կարող է անհայտից նորանոր տարածքներ կորզել՝ հավելելով դրանք գիտելիքի շտեմարանին։ Եւ դա կատարվում է հենց այն պահին, երբ գիտնականը ստիպված է լինում եղած նյութի ուսումնասիրության արդյունքում ենթադրույթներ առաջ քաշել, փաստերի փոխադարձ կապի օրինաչափությունների վերաբերյալ, ինչը հավասարազոր է որոշակի կանխատեսումների կատարման։ Կանխատեսումների, որոնք նորանոր փաստերի կամ դատողությունների ի հայտ գալու արդյունքում կարող են հաստատվել, չհաստատվել կամ հերքվել։

Այստեղ շատ կարեւոր է չշփոթել վերջին երկուսը։ Փաստերի սակավության դեպքում (մի բան, որ հատկապես բնորոշ է պատմագիտության եւ լեզվաբանության հնագույն շերտերի հետ աշխատելիս) հնարավոր է լինում միեւնույն տվյալների հիման վրա իրականությանը չհակասող բազմաթիվ ենթադրույթներ առաջ քաշել, որոնք բոլորն էլ տեսականորեն հավասարազոր են, քանի դեռ դրանք չեն հերքվել նոր փաստերի հայտնագործմամբ (կամ հայտնի փաստերի վերաիմաստավորմամբ)։ Բայց եթե երկար ժամանակ նոր փաստեր չեն հայտնաբերվում, առավել հեղինակավոր հետազոտողների վարկած-ենթադրույթները կարող են լայնորեն տարածվել, իսկ ժամանակի հոգեբանական ուժով սովորական դառնալ եւ ապացուցվածի տպավորություն թողնել։ Ինչը սակայն չպիտի մոլորեցնի գիտնականին, որը պիտի իմաստնություն եւ խիզախություն ունենա տարբերելու համար ապացուցված փաստը ավանդական համոզմունքից։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031