Լրահոս
Օրվա լրահոսը

Հայազգի գողի գործով Եվրոդատարանը հղում է արել ՀՀ վճռաբեկ դատարանին

Հունվար 12,2012 15:30

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին  քննության էր առել «Գասպար Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործը:

Նախապես տեղեկացնենք, որ գործը դեռ թարգմանված չէ եւ պաշտոնական տեղեկատվություն այդ կապակցությամբ առկա չէ, իսկ դիմումատուն էլ՝ Գասպար Պողոսյանն էլ հաղթել է Եվրոդատարանում:

Գործի նախապատմությունը հետեւյալն է: Դիմումատուին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով/ծանրացնող հանգամանքներում կատարված սպանություն/ եւ 178 հոդվածի 1-ին մասով/խարդախություն/:

Հայաստան Հանրապետության Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից 2007թ. փետրվարին հետախուզում է հայտարարվել եւ բավարարվել դիմողի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Դիմողը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ խնդրելով իրեն գրավով ազատ արձակել: Եվրոդատարանին ուղղված բողոքում Գասպար Պողոսյանը տեղեկացրել էր, որ Արարատի մարզի առաջին ատյանի դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137 հոդվածի 4-րդ մասը եւ իր որոշման մեջ չի քննարկել գրավի կիրառմամբ իրեն ազատ արձակելու հարցը: Մարդու իրավունքների եվրոպական  դատարանը դա դիտեց «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին» Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների խախտում:

Հետաքրքիր է, որ գողության մեջ կասկածվող Գ.Պողոսյանը  հայտնել էր նաեւ, որ ձերբակալումից հետո ինքը դատավորի մոտ չի տարվել՝ ինչպես դա նախատեսված է նշյալ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասով: Պողոսյանը վերաքննիչ  բողոք էր ներկայացրել  առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, միաժամանակ դիմել էր արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետին՝ խնդրելով իրեն ազատ արձակել, քանի որ 2007թ. հունիսի 13-ին լրացել էր իրեն կալանքի տակ պահելու ժամկետը: Քրեակատարողական հիմնարկի պետը մերժել էր դիմողի խնդրանքը, պատճառաբանելով, թե նրա վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Արարատի մարզի առաջին ատյանի դատարան: Ի դեպ, «Նուբարաշեն»-ի պետի մերժումը նույնպես բողոքարկվել էր, այս դեպքում արդեն Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանում:

Եվրոդատարանին տեղյակ էր պահվել նաեւ, որ Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը գտել էր, որ Գ. Պողոսյանին  ազատ արձակելու մերժումը օրինական է եղել, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն էլ բողոքը թողել է առանց քննության:

Առաջին անգամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն իր պրակտիկայում հղում է անում այլ պետության բարձրագույն դատական ատյանին, մասնավորապես՝ Հայաստանի վճռաբեկ դատարանին, նրա երեք նախադեպային որոշումներին՝ Անուշ Ղավալյանի, Տիգրան Վահրադյանի եւ Վարդան Մինասյանի գործերով: «Եվրոպական դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասի խախտում: Եվրոպական դատարանն արձանագրել է նաեւ, որ հետախուզման մեջ գտնվող անձի ձերբակալումից հետո դատավորի մոտ չտանելու պրակտիկան Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող է ճանաչվել նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի 2008թ. դեկտեմբերի 26-ի որոշմամբ:

Սույն գործով դիմողի վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության այնպիսի հիմքով, որը նախատեսված չէ ներպետական օրենսդրության մեջ: Մեջբերված հանգամանքների վերլուծության արդյունքում Եվրոպական դատարանը գտել է, որ դիմողի կալանքի հարցի դատական վերանայումից հրաժարվելը միայն այն հիմքով, որ քրեական գործն այլեւս մինչդատական վարույթի հիմքում չի գտնվում, հանդիսանում է անձի՝ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա վարույթ հարուցելու իրավունքի անհիմն սահմանափակման հետ: Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 4-րդ մասով  նախատեսված երաշխիքները խախտող է ճանաչվել ՀՀ վճռաբեկ դատարանի 2008թ. նոյեմբերի 28-ի որոշմամբ»,- ասվում է Եվրոդատարանի որոշման  մեջ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031