Կառավարության այսօրվա նիստից դուրս եկող ոստիկանապետ Վովա Գասպարյանը առանձնահատուկ ուշադրության արժանացրեց կառավարության շենքի առջեւ կրկին հավաքված՝ բանակում մահացած զինվորների ծնողներին: Նա բոլորին առանձին-առանձին լսեց եւ անգամ հրավիրեց իր աշխատասենյակ՝ ասելով. «Եկեք նստեք մեքենաս՝ գնանք»:
Այն հարցին, թե ինչո՞ւ է ինքը այս մարդկանց խնդիրներով հետաքրքրվում, երբ խնդիրը բանակինն է, պարոն Գասպարյանն ասաց. «Ես այս մարդկանց ճանաչում եմ ու ես գտնում եմ, որ ես բանակի անբաժան մասն եմ»:
Ցույցի մասնակիցները եկել էին իրենց մահացած զավակների նկարներով: Նրանք նաեւ պաստառներ էին պահել, որոնց վրա գրված էր բանակում մահացած երիտասարդների անուններն ու նրանց սպանության օրերը:
Կարդացեք նաև
19 տարեկանում սպանված Տիգրան Օհանջանյանի մայրը` Գոհար Սարգսյանը, նման ակցիայի է մասնակցում արդեն 5 տարի, սակայն նրան այդպես էլ չի հաջողվում պարզել, թե ինչու է մահացել իր որդին. «Նրանք առաջ են քաշում հոսանքահարման վարկածը, 5 տարի տղայիս սպանության գործը սխալ է քննվել: Հիմա նոր ասում են, որ այնտեղ, որտեղ իմ տղան մահացել է, հոսանք չի եղել, եթե լիներ, հետեւանքներն ավելի աղետալի կլինեին»: Նա ասաց, որ իր տղան ոգեւորվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից եւ եկել է Հայաստան՝ բանակում ծառայելու:
31 տարեկանում մահացած Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, պնդում էր, որ իր տղան ինքնասպան չի եղել. «Երբ նրա դիակը բերել ենք, խոշտանված էր: Լուսանկարներն ունենք: Ուզում եմ իմանալ, թե տղաս ինչու է գազանաբար սպանվել»:
Այս հարցերով նրանք դիմեցին նաեւ կառավարության այսօրվա նիստից դուրս եկող պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Aravot.am-ի այն հարցին, թե նախարարը հետեւողակա՞ն է այս խնդիրներին եւ ի վերջո այս մարդիկ կիմանա՞ն, թե իրենց զավակներն ինչպես են մահացել, պարոն Օհանյանը պատասխանեց. «Բոլոր այն մարդիկ, որոնք գալիս են պաշտպանության նախարարի մոտ, նախարարին վերաբերող մասով դրական լուծում ստացել են : Այդ հարցերը վերաբերում են դատաիրավական համակարգին, մենք համագործակցում ենք տվյալ համակարգի հետ եւ իրենք համապատասխան աշխատանքներ տանում են, անգամ կան վերանայումներ: Մեր բոլորիս ցանկությունն է, որ դրանք արագ լուծում ստանան, առավել եւս՝ ծնողների ցանկությունն է, որ դրանք արագ լուծում ստանան, բայց իրավական մասնագիտական գործընթացներն այնքան էլ հեշտ չեն»:
Մեր այն հարցին՝ այդ դժվարությունները կարող են մինչեւ անգամ 5 տարի՞ տեւել, նա պատասխանեց. «Բանակի հետ կապված հարցերով, ադմինիստրատիվ եւ կարգապահական որոշումներ ընդունելու առումով, որի ընթացքը չի խանգարում քրեական գործի ընթացքին, ես արագ որոշումներ եմ կայացնում: Իրենց գործում նման արագ նոր որոշումներ կայացնելը հեշտ չէ»:
Քանի որ հարցը իրավական է եւ պաշտպանության նախարարն էլ շեշտեց, որ խնդիրն, ըստ էության, իրավական դաշտում է, ապա ոլորտի անմիջական պատասխանատու արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ է արվում, որպեսզի այս մարդկանց պահանջները բավարարվեն: Ըստ Հրայր Թովմասյանի, իրենք գործ ունեն փաստերի եւ ապացույցների հետ. «Յուրաքանչյուր գործում կա մի քանի հարցերի հստակ պատասխան: Այստեղ խոսքը գնում է կրկնակի փորձաքննության մասին, որը ժամանակ է պահանջում»: Հարցին՝ թե ինչ ժամկետի մասին է խոսքը, նա պատասխանեց. «Ոչ ոք ձեզ այդպիսի ժամկետ չի կարող ասել: Այս դեպքում փորձաքննություններ անցկացնողներն արդեն իրավաբաններ չեն, նրանք բժիշկներ են եւ տարբեր ոլորտների փորձագետներ: Դեպք կա հոսանքի հետ կապված, որտեղ կոնկրետ մասնագետ է պետք»:
Անուշ ԽԵՉՈՅԱՆ